«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#112, 2009-06-18 | #113, 2009-06-19 | #114, 2009-06-20


ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԵԼՈՐԴ ԴԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայ ֆուտբոլասերներն այս օրերին յուրատեսակ շոկային վիճակում են, խորը հիասթափության ծանր պահեր են ապրում: Պատճառը բոլորին է հասկանալիՙ չափազանց տհաճ անակնկալ մատուցեց մեր երիտասարդական հավաքականը, որն ուղղակի խայտառակ, ամոթալի պարտություն կրեց Եվրոպայի առաջնության շրջանակներում Թուրքիայի ընտրանու հետ անցկացրած սկզբունքային նշանակություն ունեցող մրցամարտում: Պարտվեց, այն էլՙ անսովոր խոշոր հաշվով (2-5), այն էլՙ սեփական հարկի տակ: Պատահական չէ, որ այս ամենը մեր թիմի դանիացի մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը որակեց որպես աղետ:

Պետք է սակայն անկեղծորեն խոստովանել, որ մարզական մրցակցության զուտ ընթացքի առումով ոչ մի անակնկալ էլ չգրանցվեց, քանի որ անզեն աչքով էլ ակնհայտորեն նկատելի էր հյուրերի զգալի առավելությունը վարպետության տեսակետից: Նրանք շատ ավելի արագ էին գործում, հեշտորեն էին «սանձում» գնդակը, սլացիկ ու արդյունավետ գրոհներ ձեռնարկումՙ պատեհ առիթը բաց չթողնելով կրակի տակ պահելու դարպասը: Բայց այս ամենը ստացվում էր նաեւ այն պատճառով, որ զարմանալիորեն տկար ու պարզունակ էին գործում մեր ֆուտբոլիստները, մանավանդ պաշտպանները, որոնք հատկապես դիրքային պայքարում այնպիսի կոպիտ, աններելի սխալներ էին թույլ տալիս, որ երբեմն ակամա մտածում էիՙ նրանք հավաքականի խաղացողնե՞ր են, թե՞ սկսնակներ: Կարճ ասած, խոտանը շատ բարձր տոկոս էր կազմում, եւ դրանից հմտորեն օգտվեցին մրցակիցները:

Լինենք արդարՙ հաշիվը լիովին արտացոլում է կողմերի կարողությունները, եւ այս սկանդալային պարտությունը տխուր մտորումների տեղիք է տալիս:

Կասկածից վեր է, որ տապալված խաղը հոգեկան լուրջ ցավ է պատճառել բոլորիս: Բայց պետք է նաեւ ասել, որ մարզասերների դժգոհությունն ու զարմանքը պայմանավորված են ոչ միայն նրանով, որ գնդակը հինգ անգամ հայտնվեց մեր դարպասում: Պակաս տարօրինակ չէին, ես կասեի եւ այն երկու գոլերը, որ գրանցվեցին ոչ թե արձանագրությունում, այլ խաղադաշտից դուրս, տրիբունաներում: Զարմանալի էր տեսնել, որ գլխավոր օթյակում, այն էլ հոտնկայս, ջերմ ծափողջույններով դիմավորեցին մեր թիմի խփած առաջին պատասխան գոլին: Ո՞ւմ հայտնի չէ, որ սովորաբար այդպիսի խանդավառությամբ պատվում-մեծարում են ծանր պայքարում փայլուն ու տպավորիչ հաղթանակ տանելուց հետո ասպարեզից հեռացող քրտնաթոր ու հոգնած, սակայն հպարտությամբ լեցուն ֆուտբոլիստներին, նրանց, որ արդարացրել են բազում երկրպագուների սպասելիքները:

Մինչդեռ այս դեպքում, մերոնք ընդամենը կարողացել էին «թրջել» հաշիվը... չորս գոլ բաց թողնելուց հետո, այսինքն երբ մրցամարտի ելքը, հասկանալի է, կասկած չէր հարուցում: Եթե ուղղակի ասեմ, այդ պահին շատ-շատերի մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ սա քչով, փշրանքներով բավարարվելու հոգեբանության առերեւույթ դրսեւորում էր: Սա նման էր այն բանին, երբ մեկը, իրար հետեւից չորս անխնա եւ ուժգին աքացի ստանալուց հետո, միեւնույն է, գոհ է ու բավարարվում է թեկուզ նրանով, որ հասցրեց կսմթել իրեն այդքան նեղություն պատճառողի հետույքըՙ տես, հա, մենք էլ ինքնասիրություն ունենք, պատվախնդիր ենք եւ ունակ պատասխան տալու, տեղին է հիշեցնել. թող իմանանՙ մենք չենք դառնա խաղալիք....

Այս զավեշտալի միջադեպը, սակայն հակառակ իմաստով, ինձ հիշեցրեց 1971-ը, երբ Թբիլիսիում Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները 4-0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին տեղի դինամոյականներին: Դժվար է նկարագրել, թե ինչպիսի ցնծալի պահեր էին ապրում մեր տղաները, խաղից անմիջապես հետո ինչպիսի խանդավառություն էր տիրում հանդերձարանում: Ճիշտ այդ ինքնամոռաց ոգեւորության ժամանակ հնչեց թիմի պետ, լուսահոգի Էդուարդ Գրիգորյանի զուսպ ձայնը.

- Տղերք ջան, ձեր ցավը տանեմ, դուք իսկական սխրանք, հրաշք գործեցիք, պատկերացնո՞ւմ եք, թե այս ժամին ոգեւորության ինչպիսի ալիք է բարձրացել Հայաստանում: Բայց հիմա մի քանի րոպեով մոռացեք ամեն ինչ ու մի քիչ էլ լրջացեքՙ հիմա դուք դուրս եք գալու հանդերձարանից եւ տեղի ֆուտբոլասերներից կազմված կենդանի միջանցքով շարժվելու եք դեպի մեզ սպասող ավտոբուսը: Խնդրում ու պահանջում եմՙ թող ոչ ոքի դեմքի արտահայտությունից, շարժուձեւերից չնկատվի պատվաբեր հաղթանակից ծնված մեր բերկրանքը, ձեզ ծանր պահեք, թող տեղացիները տեսնեն ու համոզվեն, որ հայ ֆուտբոլիստների կյանքում արտակարգ ոչ մի բան էլ տեղի չի ունեցել...

«Արարատի» ֆուտբոլիստներն այդպես էլ վարվեցին, եւ սա, հավատացեք, պայթած ռումբի տպավորություն գործեց, ավելի ծանրակշիռ դարձրեց ձեռք բերված շռնդալից հաղթանակը, սա մի նոր հաղթանակ էր արտաքուստ թեթեւ ժպտացող, ներքուստՙ անափ ցնծություն ապրող մեր ֆուտբոլիստների համար:

Իսկական ծափահարություններ արարատցիներին սպասում էին տունդարձի ճանապարհին, իհարկեՙ նաեւ Երեւանում: Իսկ Հայաստան-Թուրքիա մրցամարտում Հենրիխ Մխիթարյանի խփած բացառիկ գեղեցիկ գոլն, ավաղ, ուշացումով «ծնվեց», հետեւաբար լրջորեն փոխել տխուր իրավիճակը այլեւս չէր կարող, եթե չասեմ, որ արդեն համարյա հաջորդ րոպեին հյուրերը գրեթե անարգել անցկացրին եւս մեկ, հինգերորդ գնդակը...

Իսկ երկրորդ չգրանցված գոլը ո՞րն էր, անշուշտ կհարցնեք դուք: Ես եւս մեկ բաց թողած գոլ ու նաեւ անգրագիտություն եմ համարում այն պաստառները, որոնց վրա խոշոր տառերով, հայերենի մեղանչումով նշված էրՙ «Մենք ձեր հետ ենք»: Մեր ֆուտբոլասերների միտումն, ինչ խոսք, միանգամայն ողջունելի էր: Բայց չէ՞ որ գրագիտությունն էլ իր պատշաճ տեղն ունի, մանավանդ որ, այն ցուցադրվում է ի տես բոլորին:

ՄԻՍԱԿ ՆԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4