ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում իրավապահները չորս գործազուրկների են ձերբակալել, որոնք կասկածվում են Հայաստանի քաղաքացու առեւանգման մեջ: «Նովոստի» լրատվական գործակալությանը վկայակոչելով` «Ազատությունը» հաղորդում է, որ Հայաստանի քաղաքացուն առեւանգել էին հունիսի 5-ին Շերեմետեւսկայա փողոցի վրա: Հետագայում հայաստանցուն հաջողվել է ինքնուրույն դուրս պրծնել գերությունից:
Ձերբակալվածներից երեքը նախկինում դատված են եղել: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` մարդու առեւանգման հատկանիշներով: Ռուսաստանի քրեական օրենսգրքով տվյալ հանցագործության համար սահմանված ամենախիստ պատիժը 15 տարվա ազատազրկումն է: Հայաստանցու կամ ձերբակալվածների ինքնությունը, ինչպես նաեւ գործի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: