Կոստա Մեսայում (Կալիֆոռնիա) տեղակայված «Մազդա» ակադեմիական հրատարակչատունը լույս է ընծայել «Հայկական ուսումնասիրություններ» մատենաշարի հերթական 15-րդ հատորըՙ «Աղվանք շրջանի հակիրճ պատմությունը» գրված Գանձասարի 1702-1728 թվերի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանցի եւ անգլերենի թարգմանվածՙ Ջորջ Բուռնությանի կողմից:
Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 6-ի հաղորդագրության, հատորը կարեւոր սկզբնաղբյուր է, որը հաստատում է հայերի ներկայությունը Արցախ-Ուդիք տարածաշրջանումՙ մոտ մեկ դար նախքան ռուսական նվաճումները, եւ հակադրվում Զիա Բունիաթովի նման ազերի վայ պատմաբաններին, որոնք պնդում են, որ Արցախի բնակչությունը այդ վայրն է տեղափոխվել միայն Թուրքմենչայի պայմանագրից (1828) հետո: Նրանք միտումնավոր կերպով ռուսական եւ եվրոպական աղբյուրներից դուրս են հանել հայկական գոյության մասին բազմաթիվ էջեր եւ հրատարակելով նոր տարբերակներ այդ գրքերը ուղարկել են ամերիկյան եւ եվրոպական համալսարաններին եւ գրադարաններին: Եսայիի հատորը նույնպես այդ ճակատագրին էր արժանացել:
Բուռնությանը, որը նախկինում եւս բացահայտել էր նման ամոթալի եւ խայտառակ փոփոխություններ բնագրերի տեքստերում հրատարակելով «Ղարաբաղի պատմության երկու ժամանակագրություն» գիրքը, ներկա հատորում պահպանել է 1868-ին Երուսաղեմում լույս տեսած Եսայիի բնագիր տարբերակը եւ միաժամանակ մատնացույց արել, թե որ մասերն են պակասում Բունիաթովի 1989-ին հրատարակած ռուսերեն տարբերակում: Նա նաեւ երկար առաջաբան է գրել ժխտելու ազերի պնդումները: Հատորը կարելի է ձեռք բերել «Mazdapub.com» կայքից:
Հ. Ծ.