Օրեր առաջ, երբ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, ոստիկանության հետ համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերեց եւ կալանավորեց հանցավոր մի խմբի պարագլուխ «Մուսկուլ Գագո» մականունով Գագիկ Գաբրիելի Մաթեւոսյանին, շատերը ազատ շունչ քաշեցին: Այդ օրվանից բնակչության մեջ շրջանառվում էին մի շարք սպանություններ կատարած այդ խմբի մասին ասեկոսեներ: Մեզ հասած տվյալների համաձայն, այդ բանդան մի քանի տասնյակ հաշվեհարդարներ, սպանություններ ու ահաբեկչական գործողություններ է իրականացրել տարիներ շարունակ: Իսկ բանդայի պարագլուխը ամեն գնով հավակնում էր (իրեն, իբր, խոստացել էին) ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնին: Երբ իր երազանքը չիրականացավ, ասում են, երկու օր կատաղած վիճակում է եղել ու շարունակ հայհոյել է, ակնարկելով, որ միեւնույն է, դրան կհասնիՙ ինչ էլ լինի: Իսկ եղավ այն, ինչը բոլորիս հայտնի է... Հուսանք, որ պատկան մարմինները կկարողանան նոր բացահայտումներ անել, հատկապես վերջին մի քանի չբացահայտված սպանությունները ջրի երես հանելով ու նաեւ բանդայի մյուս 24 անդամներին հայտնաբերելով, որոնցից ոմանք գործում են ՌԴ-ում:
Իսկ թե որքանով են հավաստի այս տվյալները, պարզ չէ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ