«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2009-06-25 | #118, 2009-06-26 | #119, 2009-06-27


ՋԱՎԱԽՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երեկ մեր քաղաքական էլիտայի` քաղաքական գործչի համարում ունեցող եւ չունեցող անդամներից շատերն են արտահայտվել «Ժառանգությունից» ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի վարքագծի մասին: Ամեն ոք իր պարտքն էր համարում միանալ համատարած «ասուժդամսին», նույնիսկ անձնական վիրավորանքների եւ ծանր հանցագործին տրվող բնորոշումների մակարդակով, առանց սպասելու նրա վերադարձին եւ բացատրությանը` իբրեւ սեփական հայրենասիրության դրսեւորման վառ ապացույց:

ՀՅԴ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը , սակայն, երեկ, ՄԱԱ-ում առավել փորձառու գործչի հայացքով դիտարկեց իրողությունը. «Ես չեմ կասկածում ոչ Փոստանջյանի, ոչ էլ ուրիշների հայրենասիրությանը, սակայն կարող է նաեւ քաղաքական սխալ արած լինեն, ինչը պետք է քննադատվի», ասաց նա` ենթադրություն անելով, որ գուցե այդ պատգամավորի` այդ շրջանակներում փորձի պակասն է պատճառը, որ դիմել է թուրք եւ ադրբեջանցի պատգամավորների, ինչը նման հարցեր արծարծելիս սխալ է: «Բայց եւ մեր պայմաններում անձնական վիրավորանքների անցնելն անտեղի է, ոչ ոք չպետք է մյուսին փորձի հայրենասիրության կամ այլ դաս տալ, մանավանդ ժողովրդի ընտրածին, որ իր անելիքն է անում եւ հաշվետու է ժողովրդին»: Կ. Մանոյանը հիշեց այն անդուր վիճակը, երբ Տեր-Պետրոսյանի ժամանակ միջազգային ինչ-որ հավաքի ժամանակ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի մասին պետք է անձնապես տեղեկացներ` ինչպե՞ս է վատ զգացել: «Չէի ցանկանա որեւէ մեկն այդ իրավիճակում հայտնվի, որովհետեւ մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել ներսում», ասաց: Ավելացրեց, թե սա չի նշանակում, որ Եվրոխորհրդում չպետք է լծակներն օգտագործել, որպեսզի ներսում ժողովրդավարություն լինի, բայց «ոչ էն աստիճանի, որ դիմենք թուրք եւ ադրբեջանցի պատգամավորի»:

Իսկ ընդհանրապես` Կ. Մանոյանը նախ անդրադարձ արեց երկու օր առաջ «Մարիոթ-Արմենիայի» մոտ տեղի ունեցածին, երբ Ջավախքի խնդիրները հականջ Սաակաշվիլու բարձրաձայնող հայ երիտասարդներին հայ ոստիկանները քաշքշել էին: Ըստ դաշնակցականի` ոստիկանության քայլերը նպաստեցին, որ ավելի շատ արձագանք լինի խնդրին, քան կարող էր լինել մինչ այդ: Ոստիկանության գործողությունները գնահատեց` կարելի էր ավելի նորմալ վերաբերվել ժողովրդի հետ, մանավանդ որ որեւէ սպառնալիք չկար ո՛չ անվտանգության, ո՛չ ընդհանրապես հասարակական կարգի խախտման իմաստով, ուրեմն կարելի էր ավելի հարմար լուծում գտնել եւ թույլ տալ, որ ցուցարարներն իրենց ասելիքն ասեն, եւ անվտանգությունը պահպանվի միաժամանակ. «Հետաքրքրականը, սակայն, այն էր, թե ինչո՞ւ պետք էր զրկել Սաակաշվիլուն` այդ իրականությունը տեսնելուց, մի քիչ անհասկանալի էր նաեւ այն պատվո շքանշանը, որ տրվեց»: Ըստ Կ. Մանոյանի, Հայաստանի նախագահի վերջին այցից հետո Վրաստան, երբ այնտեղ բարձրացվել էին վիրահայոց եւ Ջավախքի բազմաթիվ խնդիրները, Սաակաշվիլին նոր բան չի արել, որ Ջավախքի հարցերը մեղմանան, եւ ինքն էլ արժանի լինի շքանշանի: Սաակաշվիլու հրապարակային ելույթների մեջ Հայաստանում հնչեց նաեւ Ջավախքի մասին մտահոգիչ մեկ այլ հարց` իբր Ջավախքն ամենամեծ ներդրումներ ունեցող տարածաշրջանն է Վրաստանում, երկաթգիծն է կառուցվելու (կարծես Ախալքալաքի համար են կառուցում): Նա ասել է, որ շրջանն ամբողջությամբ գազաֆիկացվում է. «Ճիշտ է, որ դրական նախաձեռնություն է, բայց մտահոգիչ բան կա` եթե այնտեղ պիտի կառուցվի ՀԷԿ, ուրեմն նաեւ դրսից (Վրաստանի այլ տարածքներից) մոտ 2-3 հազար նոր աշխատավորներ գան, ինչը հիմնական մտահոգություններից մեկն է»: Ջավախքում բավական աշխատուժ կա, որ Ռուսաստանի հետ Վրաստանի ներկա հարաբերությունների պայմաններում չի կարողանում գնալ Ռուսաստան. այսինքն` տեղում բավական անգործ աշխատողներ կան, իսկ դրսից եկողների մասին խոսքը վերաբերում է հենց այն մտահոգություններին, որ ցույցի ժամանակ արտահայտվում էր` Մանոյանը Ջավախքում ժողովրդագրական պատկերը փոխելու միտում է տեսնում այստեղ: Նա հիշեց, որ անկախ Վրաստանի առաջին օրվանից, առաջին նախագահից սկսած` տարբեր հնարքներ են փորձել գտնել, որպեսզի Ջավախքում ժողովրդագրական պատկերը փոխեն: Դրան մասնակցում է նաեւ վրաց եկեղեցին: Մի ժամանակ աքսորավայր ուզեցին սարքել` չստացվեց, բնակչությունը բողոքեց, հիմա էլ` ՀԷԿ-ի անունով ուզում են դրսից աշխատող բերելով, ժողովրդագրական պատկերը փոխել:

Արդյոք այդ թեմանեը երկու նախագահների հանդիպումներում քննարկվե՞լ են: Կիրո Մանոյանը տեղեկություն չուներ. «Կհուսամ, որ այդ մասին մեր նախագահը խոսել է. եթե խոսքը Սաակաշվիլու հրապարակային կեցվածքի մասին է, եթե նույն ձեւով է պատասխանել, կարծում եմ, որ շատ խրախուսվելու պատճառ չկա», ասաց` նկատելով, որ մեր խնդիրը պետք է լինի Վրաստանի քաղաքական էլիտային հասկացնել, որ Ջավախքը Վրաստանը Հայաստանին կապող ամենաուժեղ օղակը պետք է լինի, իսկ այսօր ամենաթույլ օղակն է:

«Ժառանգության» առաջարկները` ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցության վերաբերյալ, գերագույն մարմինը Արմեն Ռուստամյանի գլխավորությամբ քննարկում է: Անձնական կարծիքն այդ առիթով սա էր` քաղաքական իրականության մեջ ոչինչ պետք է չէ բացառել, բայց դա չի նշանակում, թե չբացառված բանը մեծ հավանականություն ունի:

Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիան «թայմ աութ» է՞ վերցրել. «Չէի ասի` թայմ աութ է վերցրել, կարծում եմ` ինքն առանձին պենալտի է իրականացնում դեպի մեր կողմը, մենք ենք կարծես թայմ աութ վերցրել` առանց հայտարարելու, որ խաղից դուրս ենք եկել», նկատեց` պարզաբանելով, թե կարծես մնացել ենք Թուրքիայի որոշումին` ե՞րբ իրական բանակցությունների գործընթացը կշարունակի, մինչդեռ նա շարունակում է խոսել նախապայմաններով, իսկ մենք չենք հայտարարում, որ նման նախապայմանների դեպքում դուրս ենք գալիս բանակցություններից: Մանոյանը կասկածում է, թե Հայաստանն այդպիսի հայտարարություն կանի, քանի որ կարծես նախագահը բանակցում է աշխարհին նաեւ ցույց տալու համար, որ բանակցությունների կողմնակից պետություն ենք: Թուրքիան բանակցությունները ոչ միայն սառեցրել է, այլեւ շարունակում է Հայաստանի վրա ճնշում բանեցնելու աշխատանքը, ինչը կարող է վատ վերջանալ` Բրայզան հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն այս տարի չի բացառվում, որ ստորագրեն մի համաձայնագիր` Արցախի հարցի կարգավորման սկզբունքների շուրջը, վտանգները կարող են այստեղ երեւակվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4