«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2009-06-25 | #118, 2009-06-26 | #119, 2009-06-27


«ՄՈԽԻՐ ԵՎ ՓՅՈՒՆԻԿ». ԼԵՓՍԻՈՒՍԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԸՙ ՀԱՐՈՒՍՏ ՆՈՐ ՓԱՍՏԵՐՈՎ

Կիրակիՙ հունիսի 28-ին, ժամը 18-ին Պոտսդամի Ֆիլմթանգարանում առաջին անգամ հանրությանը կներկայացվի Մերլին Սոլաքհանի (Merlyn Solakhan) եւ Մանֆրեդ Բլանքի (Manfred Blank) Յոհաննես Լեփսիուսի կյանքի եւ գործի մասին պատմող «Մոխիր եւ փյունիկ» վավերագրական ֆիլմըՙ հեղինակների ներկայությամբ: Ֆիլմի դիտումից անմիջապես հետո նախատեսված է հանդիպում-զրույց 25 տարի միասին աշխատող արվեստագետների հետ:

Ըստ «Մերկիշե ալգեմայնե» եւ «Պոտսդամեր նոյեսթե նախրիշթեն» թերթերի, Մերլին Սոլաքհանը եւ Մանֆրեդ Բլանքը Ֆրիիզդորֆում, ուր Լեփսիուսն իր քահանայական ծառայությունն է կատարել, հոգեւորականի արխիվում գտել են 185 լուսանկար, որոնք պատկերել են Լեփսիուսի արեւելյան ուղեւորություններն ու հայ որբերի կյանքը: Լուսանկարները անգնահատելի աղբյուր են, դրանց շնորհիվ հեղինակներին հաջողվել է Ուրֆայում, Սիրիայում հետքեր գտնել: Ֆիլմի հեղինակներն այցելել են նաեւ Հայաստան, նկարահանումներ կատարել Գերմանիայում:

«Մինչեւ այսօր էլ Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայում վիճարկման առարկա է, բայց նկարահանման ժամանակ խոչընդոտներ չեն եղել: Հարկ չի եղել նկարելու համար պաշտոնական արտոնություն խնդրելու», ծանուցել է Ստամբուլում հասակ առած Սոլաքհանըՙ Ֆիլմթանգարանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ժողովրդավարացմամբ մտահոգ շրջանակներում կիսապաշտոնական սկսել են խոսել թեմայի մասին, իսկ ազգայնականները Լեփսիուսին «քսաներորդ դարի ամենամեծ ստախոսն են համարում», ներկաներին ասել է Բլանքը:

«Մոխիր եւ փյունիկ» վերնագիրը հիշեցնում է Լեփսիուսի եւ հայերի ճակատագրի մասին: Լեփսիուսն ընտրել է բիբլիական թռչունը եւ արմավենու ճյուղնՙ իբրեւ իր օգնության գործի խորհրդանիշ: Սոլաքհանի եւ Բլանքի համար մոխիրը խորհրդանշում է զոհերին, իսկ փյունիկը հայ որբերի զավակների զավակներն են: Ֆիլմի համարյա բոլոր գլխավոր հերոսներն այդ որբերից են սերում:

Թուրքիայում մեծացած Սոլաքհանը գիտի, թե որքան դժվար է «Մոխիր եւ փյունիկ» ֆիլմը այդ երկրում ցուցադրելը: 15 տարի փորձում է իրՙ հայկական երգչախմբի մասին պատմող մեկ ուրիշ ֆիլմ ցուցադրել այնտեղ, դեռեւսՙ ապարդյուն: «Բայց ես համբերություն ունեմ», ասել է Մերլին Սոլաքհանըՙ ժպիտը դեմքին:

«Մոխիր եւ փյունիկ»-ը Լեփսիուսի կյանքի եւ գործի մասին շատ նորություններ է պարունակում», կարծիք է հայտնել ֆիլմի հեղինակներին աշխատանքի ժամանակ ուղեկից դարձած Պոտսդամի Լեփսիուսի տան նախագահ Հերման Գոլցը:

Ցանկություն կա Լեփսիուսի մասին պատմող նորահայտ ֆիլմը եւ լուսանկարները ցուցադրելու նաեւ Լեփսիուսի Պոտսդամում գտնվող տանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4