ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
2009-ի մայիսին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 11431 գործարք, ինչը 0,3 տոկոսով ավելի է 2009-ի ապրիլին կատարված գործարքների եւ 13,3 տոկոսով պակաս` 2008-ի մայիսի գործարքների համեմատ: 2894 օտարման գործարքներից առուվաճառքներինը եղել է 77,2 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: 2009-ի ապրիլի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 7,7 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատՙ 39,3 տոկոսով:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 68,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2009-ի ապրիլի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում մայիսին աճել է 14,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել 20,1 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 4,7 տոկոսով: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները մայիսին այսպիսին են եղել.
Համայնքներ | Միջին գները (դրամ) մայիս 2008թ. | Միջին գները (դրամ) մայիս 2009թ. | Միջին գները (դրամ) ապրիլ 2008թ. |
Կենտրոն | 477400 | 461300 | 485100 |
Արաբկիր | 416300 | 354400 | 366900 |
Քանաքեռ-Զեյթուն | 307300 | 274900 | 289000 |
Նոր Նորք | 276200 | 225600 | 238600 |
Ավան | 268300 | 221500 | 234600 |
Էրեբունի | 274000 | 238900 | 250600 |
Շենգավիթ | 279300 | 239000 | 252000 |
Դավիթաշեն | 290200 | 252600 | 265600 |
Աջափնյակ | 280300 | 234900 | 249500 |
Մալաթիա-Սեբաստիա | 266000 | 218700 | 232400 |
Նուբարաշեն | 151500 | 134700 | 134700 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 298800 | 259700 | 272600 |
Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 224 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 6,2 տոկոսով, իսկ 2009-ի մայիսի համեմատ նվազելՙ 49,2 տոկոսով: Միջին գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 2,6 տոկոսով: Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 182 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը կազմել է 172 հազար դրամ: Ապա գալիս են Աբովյանըՙ 141 հազար հազար դրամ, Նոր Հաճընըՙ 134 հազար դրամ, Իջեւանըՙ 127 հազար դրամ ցուցանիշով, Մասիսըՙ 125 հազար դրամ, Աշտարակըՙ 124 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:
Մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 256 գործարք, որից 43-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակն ապրիլի համեմատ նվազել է 6,5 տոկոսով, իսկ մարզերումՙ 6,2 տոկոսով: 2008-ի մայիսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է Երեւանումՙ 63,2 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 44,4 տոկոսով:
Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների միջին 1 քմ-ի միջին գներն 2009-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 4,2 տոկոսով: Ըստ համայնքների գներն այսպիսին են եղել.
Համայնքներ | Միջին գները (դրամ) մայիս 2008թ. | Միջին գները (դրամ) մայիս 2009թ. | Միջին գները (դրամ) ապրիլ 2008թ. |
Կենտրոն | 491300 | 501200 | 521200 |
Արաբկիր | 420700 | 396400 | 415100 |
Քանաքեռ Զեյթուն | 315000 | 308700 | 320700 |
Նորք-Մարաշ | 283400 | 307700 | 317500 |
Ավան | 274500 | 272100 | 283500 |
Էրեբունի | 276600 | 281500 | 294700 |
Շենգավիթ | 282200 | 271000 | 285000 |
Դավիթաշեն | 295400 | 297900 | 314300 |
Աջափնյակ | 286000 | 274300 | 285300 |
Մալաթիա-Սեբաստիա | 273500 | 260300 | 273000 |
Նուբարաշեն | 158300 | 155300 | 163300 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 305200 | 302400 | 315800 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 2,4 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 284 հազար դրամ: Երկրորդը Վաղարշապատն էՙ 1 քմ-ն 178 հազար դրամ, երրորդըՙ Աբովյանը, որտեղ 1 քմ-ն կազմել է 158 հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճընըՙ 145 հազար դրամ, Իջեւանըՙ 143 հազար դրամ, Մասիսըՙ 137 հազար դրամ, Աշտարակըՙ 136 հազար դրամ:
Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2009-ի մայիսին 2008-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 51 տոկոսով, աճուրդով վաճառքներինըՙ 60 տոկոսով:
Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել է 11,4 տոկոսով, իսկ 2008-ի մայիսի համեմատ աճել 22,2 տոկոսով:
2009-ի մայիսին անշարժ գույքի իրականացված 1077 գրավադրման գործարքներից 57-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները: 2009-ի ապրիլի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը մայիսին աճել է 50 տոկոսով, Երեւանումՙ նվազել 19,4 տոկոսով, մարզերում աճել 2,6 անգամ: 2008-ի ապրիլի համեմատ հիպոթեկային գործարքները նվազել են 87,2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 36 տոկոսով, մարզերում` 76,9 տոկոսով:
Այսպիսով, անշարժ գույքի շուկայում գների նվազման միտումը, ինչպես կանխատեսել էինք նախորդ ամիսների ցուցանիշները ներկայացնելիս, շարունակվում է: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ անկման տեմպը կայունացել է 2-5 տոկոսի միջակայքում: Ամենայն հավանականությամբ, հունիսին նույնպես գների անկման այս միտումը կշարունակվի: Հուլիս-օգոստոս ամիսներից հնարավոր է, որ գների նվազումը հասնի իր ստորին սահմանին եւ ամռան վերջին սկսվի դրանց կայունացումը: