Այսօր Մահիր Օրալի հետ Գերմանիայում կայանալիք մենամարտը IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի համար հնարավոր է վերջինը լինի միջին քաշային կարգում: Արթուրը 10-րդ անգամ ռինգ դուրս կգա պաշտպանելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Աբրահամը վաղուց ավելորդ քաշի խնդիր ունի եւ նրա համար գնալով ավելի է դժվարանում մարտական քաշը պահպանելը: Ուստի հայ բռնցքամարտիկը մտադիր է տեղափոխվել երկրորդ միջին քաշ: Սակայն մինչ այդ Արթուրը ցանկանում է միավորել միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսները` մարտահրավեր նետելով այդ քաշում WBC-ի եւWBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն Կելի Պավլիկին: Բայց ինչպես նշել է Արթուրը, Պավլիկն ու նրա պրոմոութերներն ամեն առիթ փնտրում են խուսափելու իր հետ հանդիպումից. «Հայտարարում եմ, որ Պավլիկը խուսափում է մենամարտել ինձ հետ: Մեկ նա վնասվածք է ստանում, մի այլ դեպքում չի ցանկանում ինձ հետ մենամարտել: Նրանք մշտապես որեւէ պատճառաբանություն գտնում են: Նրանց չեմ հասկանում: Ես պատրաստ եմ նրա հետ մենամարտելու»:
Արթուր Աբրահամը գտնում է, որ տեղափոխվելով ավելի բարձր քաշային կարգ, ինքն ավելի ուժեղ կլինի ու ավելի լավ կմենամարտի. «Մարզիչս գտնում է, որ իմ հնարավորությունների 60 տոկոսն եմ օգտագործում: Ես հավատում եմ նրան: Մեզ մնում է օգտագործել մնացած 40 տոկոսը եւ ես ավելի ուժեղ կլինեմ: Կարծում եմ, որ եվրոպացի բռնցքամարտիկները փառքի գագաթին մնում են այն պատճառով, որ ի տարբերություն ամերիկացիների, նրանք ավելի կարգապահ են: Առանց կարգապահության մնացածն անհրաժեշտ արդյունք չի տա: Ամերիկացի շատ բռնցքամարտիկներ ցանկություն չունեն հսկողություն սահմանել իրենց գործողությունների վրա: Նրանք նվաճում են չեմպիոնի տիտղոսը, որից հետո կորցնում են իրենց կարգապահությունը»:
Ծնունդով թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի մասին Արթուր Աբրահամը հետեւյալ կարծիքն է հայտնել. «Երբ ես նոր էի Գերմանիա ժամանել, Քյոլնում մոտ 6 ամիս միասին մարզվել ենք: Սակայն մեզ ընկերներ համարել չի կարելի: Ռինգում յուրաքանչյուրս իր աշխատանքն է կատարում, իսկ դրանից դուրս մարդկայնորեն հարգում ենք մեկս մյուսին: Օրալը շատ վտանգավոր մրցակից է, լավ է աշխատում ձախ ձեռքով, կարողանում է ուղիղ հարվածներ հասցնել, տիրապետում է ուժգին հարվածների: Սակայն մարզիչներս նրա մարտավարության դեմ որոշակի քայլեր են ձեռնարկել»:
Այսօր ուշ երեկոյան Բեռլինի մարզասրահում Արթուր Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում 30-րդ մեմանարտը կանցկացնի: Արթուրն այն եզակի բռնցքամարտիկներից է, որ դեռեւս չի պարտվել: Ուստի պատահական չէ, որ բուքմեյքերները հավատում են նրա հաղթանակին` սահմանելով 1,10 գործակից: Մինչդեռ Օրալի հաջողության հասնելու հավանականությունը գնահատվել է 5 գործակցով: Ոչ-ոքին, որը քիչ հավանական է, 20 գործակից ունի: Բուքմեյքերներն ավելի հավանական են համարում Աբրահամի հաղթանակը միավորներով` սահմանելով 2,20 գործակից (Օրալինը` 8): 7-8-րդ ռաունդներում Աբրահամի հաղթելու դեպքում խաղադրույքները կընդունվեն 9 գործակցով (Օրալինը` 55): Առաջին ռաունդում հաղթելու հավանականությունը Աբրահամի մոտ գնահատվել է 18 գործակցով (Օրալինը` 80), իսկ ամենաբարձր` 20 գործակից է սահմանվել 12-րդ ռաունդում Աբրահամի հաղթանակի համար (Օրալինը` 60):
Օրալի համար այսօրվա մենամարտը կլինի 29-րդը: Նա տոնել է 25 հաղթանակ, կրել մեկ պարտություն, 2 մենամարտ ավարտել է ոչ-ոքի: Կարծում ենք, որ այսօր Օրալի պարտությունների թիվը մեկով կաճի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ