Գործող նախագահի այցը Հայաստան
Իմ այցը Հայաստան` որպես ԵԱՀԿ գործող նախագահի, տեղի է ունենում մեր կազմակերպության համար բարդ մարտահրավերների եւ մեծ հնարավորությունների ժամանակաշրջանում: Միայն նախորդ շաբաթվա վերջին ԵԱՀԿ արտգործնախարարները, այդ թվում նաեւ իմ գործընկեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Հունաստանի նախաձեռնությամբ հանդիպեցին Կորֆու կղզում` եվրոպական անվտանգության ներկան եւ ապագան քննարկելու:
Այս ոչ պաշտոնական հանդիպումը կարեւոր հնարավորություն էր մեզ համար` ընդհանուր մտահոգությունների վերաբերյալ մեր երկխոսությունը խորացնելու եւ 21-րդ դարի Եվրոպայի անվտանգության մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար: Մենք պե՛տք է օգտագործենք այս պահը:
Ձգձգվող հակամարտությունները շարունակում են ստվեր նետել մեր տարածաշրջանի վրա` մի փաստ, որի մասին բոլորդ քաջատեղյակ եք: Այնուամենայնիվ, այստեղ առաջընթաց է նկատվում: Նախքան Կորֆու ժամանելը նախարար Նալբանդյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ու Մինսկի համանախագահները հանդիպեցին Փարիզում: Միայն այս տարվա ընթացքում հինգ հանդիպում է տեղի ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ` այս հանդիպումից առաջ:
Խրախուսելի են բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւ տեղի ունեցած կառուցողական քննարկումները: Այս քննարկումները դրական ընթացք են ստացել եւ դրանք շարունակելը կարեւոր է: Ես լիովին աջակցում եմ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ինչպես նաեւ իմ անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկի` վստահության ձեւավորման աշխատանքներին: Սակայն շարունակում են մտահոգություն առաջացնել տեղի ունեցած միջադեպերը: Ես կոչ եմ անում երկու կողմերին էլ լիարժեք կատարել հրադադարի համաձայնության դրույթները եւ շփման գծից հեռացնել դիպուկահարներին, ինչպես առաջարկել էին համանախագահները:
Ինձ նաեւ ոգեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի միջեւ համագործակցության բարձր մակարդակը մի շարք ուղղություններով, այդ թվում` գրասենյակի երկարատեւ համագործակցությունը ՀՀ ոստիկանության հետ, ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու միջոցառումները եւ աջակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Ոգեւորիչ է, որ Ազգային Ժողովը նախաձեռնել է ընտրական օրենսդրության բարեփոխումներ, որը շարունակում է գերակայություն լինել: ԵԱՀԿ-ն եւ նրա Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը /ODIHR/ պատրաստակամ են աջակցելու Հայաստանին` ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի բարելավելու հարցում: ԵԱՀԿ-ն եւ Հայաստանը պետք է նաեւ շարունակեն համատեղ աշխատանքը` լրատվամիջոցների եւ խաղաղ հավաքների ազատությանը օժանդակելու ուղղությամբ: Բաց երկխոսությունը, առողջ քաղաքացիական հասարակությունը եւ ազատ մամուլը խիստ կարեւոր են ժողովրդավարական գործընթացների համար եւ այն հիմնական պարտավորություններն են, որ մենք ստանձնել ենք որպես ԵԱՀԿ մասնակից պետություններ:
Հայաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում եւ ողջ ԵԱՀԿ տարածքում անվտանգություն եւ կայունություն խթանելու հարցում: Այս համատեքստում ողջունում եմ ՀՀ կառավարության ջանքերը` Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ:
Ինչպես պարզ դարձավ Կորֆուում ընթացող մեր քննարկումներից, առաջընթաց ենք արձանագրել «ամբողջական, ազատ եւ խաղաղ Եվրոպա» կառուցելու ուղղությամբ, այնուամենայնիվ դեռեւս բավականաչափ աշխատանք պետք է կատարել. անվտանգության նոր մարտահրավերները կփորձարկեն մեր հավատարմությունը անբաժանելի անվտանգությանը: Ակնկալում եմ շարունակել Կորֆուում սկսված մեր արդյունավետ երկխոսությունը այս այցի ժամանակ:
ԴՈՐԱ ԲԱԿՈՅԱՆՆԻՍ, Հունաստանի արտաքին գործերի նախարար, 2009 թ. ԵԱՀԿ գործող նախագահ