«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2009-06-27 | #120, 2009-06-30 | #121, 2009-07-01


«ՀԱՅ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ» ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ

Աշխարհի երաժշտական շրջանակներում Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն իր արժանի տեղն է զբաղեցնում: Վերջին 16 տարում ոչ միայն մեր երկրի, այլեւ համաշխարհային խմբերգային արվեստի ամենավառ էջերից են եղել այս խմբի բոլոր համերգները, մասնակցությունը խոշոր փառատոներին, մրցույթներին, նվաճած ոսկե, արծաթե մեդալները եւ, վերջապես, Եվրոպայի մշակույթի դեսպանի (2001) եւ Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի (2002) կոչումները:

Թվում է, թե քանիցս «մեր պետության իրական դեսպաններ» կոչված այս փոքրիկներն ու իրենց մաեստրոն արդեն ունեն բոլոր հնարավոր ձեռքբերումներն ու նվաճել են բոլոր բարձունքները, կարելի է ասել` «երգել են բոլոր երգերը»: Սակայն նրանք կանգ չեն առնում, հուրախություն ողջ երաժշտասեր հասարակության, իսկ ձեռնարկած նոր միջոցառումները միտված են ոչ միայն մեր մշակութային առօրյան հարստացնելուն, այլեւ ունեն շատ ավելի խորը ենթատեքստ եւ մարդասիրական նպատակներ:

Փորձենք համառոտ անդրադառնալ երգչախմբի` միայն վերջին տարվա բարեգործական համերգներին, որ կարելի է անվանել «2008-2009 գարունից գարուն բարեգործական համերգաշրջան»:

Այս պայմանական համերգաշրջանը բացեց «Հայ փոքրիկ երգիչների» համատեղ ելույթը ֆրանսիական երգչախմբի հետ, որը նրանց վաղեմի բարեկամ շվեյցարական «Կազա» հիմնադրամի հրավիրած հերթական խումբն էր: Հայ երգող մանուկների հետ այս հանդիպումը տարիներ ի վեր իրականացվող ծրագրի մաս էր, ըստ որի ամենատարբեր պատվիրակություններ, արվեստի, գործարար աշխարհի ներկայացուցիչներ հեռանում էին մեր երկրից` սրտում Հայաստանի եւ հայի հանդեպ մեծ սեր ունենալով: Այսպիսի հանդիպումների արդյունքում միլիոնավոր դրամների օգնություն է մտել Հայաստան, որը Տիգրան Հեքեքյանն ու իր սաները սիրով նվիրաբերել են որեւէ բարի նպատակի կատարման համար, ինչպես, օրինակ` Գյումրիի մանկատան սաներին հագուստի, գրենական պիտույքների տրամադրումը, 25.000 եվրո արժողությամբ երաժշտական գործիքների` հանրապետություն մուտք գործելն ու Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի համերգադահլիճի վերանորոգումը:

Երգչախմբի հաջորդ ելույթն ապրիլի 23-ին Հայոց մեծ եղեռնի թանգարանում էր` շվեյցարացի հայասեր Հակոբ Կյունցլերի` Հայաստան ժամանած ժառանգների համար` ի նշան երախտագիտության, ով իր առողջությունն ու կյանքն էր նվիրել Եղեռնից մազապուրծ շուրջ 8000 հայ մանուկներին փրկելու համար:

Մայիսի 25-ին «Հայ փոքրիկ երգիչները հանդես եկան երգչախմբի նվիրյալ հիմնադիր, ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանի հոբելյանին նվիրված համերգով: Սա հարգանքի տուրք էր իրենց մանկավարժին, ով իր կյանքով եւ անձնական օրինակով երեխաների համար հանդիսանում է մարդասիրության եւ բարեգործության ամենաիսկական «դասընթաց»:

Հունիսին երգչախումբը մեկնեց Արցախ` Շուշիի «Դանիել Ղազարյան» երաժշտանոցի 10-ամյակին նվիրված համերգով: Վարպետաց դասերը, որ մաեստրոն մեծագույն սիրով վարեց դպրոցի ուսուցչական կազմի հետ, ջերմ ու բովանդակալից զրույցները, մեթոդական օգնությունն իրավամբ նշանակալից աջակցություն էր տեղի մանկավարժների համար:

Տիգրան Հեքեքյանը հաճախ իր երգչախմբի հետ մեկնում է մարզեր` քաջ գիտակցելով մայրաքաղաքից հեռու հայ երաժշտարվեստը զարգացնելու անհրաժեշտությունը: 2008-ի ամռանն այդպիսի երկու ելույթ ունեցան Աշտարակի մշակույթի տանը եւ Գյումրիի մանկատանը: Բարեգործական գեղեցիկ, մտերմիկ երեկոներ` ծափերով ու ժպիտներով լի:

Հաջորդող կարեւոր կետը ելույթն էր Լոնդոնի «Սենթ-Ջոնս» համերգադահլիճում` նվիրված ՀՀ անկախությանը: Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած այս բարեգործական համերգի ամբողջ եկամուտը ծառայեց ղարաբաղյան պատերազմում զոհված կամ առաջին կարգի հաշմանդամ դարձած ազատամարտիկների` մինչեւ 17 տարեկան երեխաներին նպաստ հատկացնելուն: Հիմնադրամի այս ծրագրից օգտվեց 4000-ից ավելի ընտանիք:

Երկու ամիս անց երգչախումբը մասնակցեց քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված մի լուսավոր միջոցառման, որը հույսի եւ օգնության պատրաստակամության եւս մի գեղեցիկ դրսեւորում էր:

Ապրիլի 7-ին երգչախումբն արդեն մաս էր կազմում հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կազմակերպած միջոցառմանը: Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ երեխաներն այցելեցին Երեւանի 10 ծննդատուն եւ իրենց երգն ու բարեմաղթանքները նվիրեցին հայ մայրերին, ում, անշուշտ, երկար պիտի ջերմացնի այս յուրօրինակ շնորհավորանքի մասին հիշողությունը:

Մայիսի 7-ին երեխաները մտերմիկ համերգ-հանդիպում ունեցան իրենց հասակակիցների` «Մոնթե Մելքոնյանի» անվան վարժարանի սաների համար, որ եւս յուրատեսակ ներդրում էր երկրի ապագայի ու հզոր բանակի կայացման գործում:

Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյո Շառլ Ազնավուրի ծննդյան տարեդարձն էր: Մեր մեծ հայրենակցի 85-ամյա հոբելյանի առթիվ Թեքեյան մշակութային միությունը նրան շնորհեց իր ամենապատվավոր` «Ադամանդակուռ Արարատ» շքանշանը: Հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաեւ Տիգրան Հեքեքյանն իր փոքրիկ երգիչների հետ: Ազնավուրի մտերիմ բարեկամը դարձած երգչախումբն արդեն քանի տարի մշտական մասնակիցն է նրա հետ կապված յուրաքանչյուր կարեւոր միջոցառման, լինի դա Փարիզում, թե այստեղ: Այս անգամ էլ, ինչպես միշտ, անակնկալ էին պատրաստել սիրելի երգչի համար` նրա երգերից մեկը, բառերը փոխած, Ազնավուրի մասին տարբերակով:

Հոբելյանական օրերին փոքրիկ երգիչները եւս մի բարեգործական առաքելություն ունեին. մասնակցեցին Լիզ Սարյանի եւ Սեդա Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» համերգային ծրագրին, որի շահույթը փոխանցվեց սակավարյունությամբ տառապող երեխաներին օգնելու համար ստեղծված «Օգնեմ» հիմնադրամին:

Այսպիսով ավարտին մոտեցավ 2009-ի գարունը, սակայն մաեստրո Հեքեքյանի ծրագրերում դեռ շատ անելիքներ կան: Ըստ հնարավորի համառոտ ներկայացնելով աշխարհահռչակ խմբի բուռն ստեղծագործական կյանքի գարունից գարուն մեկ պատառիկը` երաժշտության, բարի գործերի ու լույսի հաղթանակի համանվագը, ուզում ենք ավարտել նրանց հարիր բարեմաղթանքներով. թող բարի գործերի լույսը սփռվի ամենուր, եւ մեր ազգային հպարտություն այս խմբի եւ իր ղեկավարի վատնած ամեն շողը հազարապատկվի: Այդպես էլ կլինի, կյանքի օրենքն է:

Մ. Ս.


Նկար 1. Փոքրիկ երգիչները մաեստրոյի հետ

Նկար 2. Տիկին Ռիտա Սարգսյանի հետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4