«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2009-06-30 | #121, 2009-07-01 | #122, 2009-07-02


ՆԱՏՕ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼԵԶՈՒՆ ԳՏԱՆ, ԱՆՏԵՐ ՄՆԱՑ ՎՐԱՍՏԱ՞ՆԸ

Այն, ինչ տեղի ունեցավ միջերկրածովյան Կորֆու կղզում, թեեւ կապ չուներ Վրաստանի հետ, սակայն վերջնականապես կողմնակիորեն արձանագրեց Միխեիլ Սաակաշվիլու նախագահական կյանքի տխուր իրադարձությունըՙ նա իր երկրի պատմության մեջ մտավ որպես մի ղեկավար, որը տանուլ տվեց տարածքներ, նեղացնելով պետական սահմանները: Կորֆուում Վրաստանի «հովանավորները»ՙ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները, ժողովրդական լեզվով ասած, բարիշեցին Ռուսաստանի հետ եւ վերականգնեցին քաղաքական ու ռազմական համագործակցությունը նրա հետ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձեւաչափով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը անսեթեւեթորեն հայտարարեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցը քննության առարկա չէ: Վերջ:

Եվրոպան անզոր գտնվեց Ռուսաստանի հանդեպ: Փուչ դատապարտումներից ու դեգերումներից հետո ռազմական դաշինքը գլխի ընկավ, որ առանց Ռուսաստանի ինքը չի կարող լուծել Աֆղանստանի, ահաբեկչություն, ծովահենություն եւ մի շարք այլ համաշխարհային խնդիրներ: Եվ այս ֆոնի վրա պետք է խաչ քաշել Վրաստանի վրա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը հիշյալ խորհրդի վերաբացված նիստում «անամոթաբար» (կամ առանց խղճի խայթի) հրապարակայնորեն հայտարարեց, որ Վրաստանի հարցը չպետք է փորձաքար դառնա երկու կողմերի փոխհարաբերություններում:

Երեւանում Միխեիլ Սաակաշվիլու ունեցած ելույթներից ու նրա արդեն իսկ խրոնիկական դարձած հակառուսական պաթոսից այն տպավորությունն էր ստեղծվում, որ նա այդպես էլ չի հասկանում ոտքի կանգնող հսկա հարեւանի նկատմամբ իր ագրեսիվ քաղաքականության պրիմիտիվությունն ու սխալականությունը: Ամենայն հավանականությամբ հայաստանյան շքանշաններն ու պարգեւները կդառնան նրա քաղաքական կյանքի վերջին շնորհները: Բոլորի համար պարզ է, որ ՆԱՏՕ-ն ոչ մի սկզբունքային որոշում չի ընդունում առանց ավագ եղբորՙ ԱՄՆ-ի համաձայնության: Իսկ Բարաք Օբաման երեւի չէր կարող բարյացակամության ժեստ չանել Ռուսաստանին Մոսկվա կատարելիք իր այցի շեմին (ո՜ւր ես, Բուշՙ կխռովեին վրացիները):

Ռուսաստանը բնավ էլ հրեշտակ երկիր չէ: Հրեշտակ չէ նույնիսկ Բելառուսի հանդեպ: Ճիշտ ենք վարվում հայերս, որ զգույշ ենք նրա հետ:

Բա ասում էիք Սաակաշվիլին էլ է հայ...

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4