«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2009-06-30 | #121, 2009-07-01 | #122, 2009-07-02


ԴԱՐՁԵԼ ԵՆՔ ՍԵՆՍԱՑԻԱՆԵՐ ՈՐՈՆՈՂ ԱԶԳ

Ըստ Գալուստ Սահակյանի

Երեկ «Հայելի» ակումբում «Ազգի» առաջարկը` Զարուհի Փոստանջյանի թեման փակելու, այդ մասին այլեւս չխոսելու եւ կարեւոր քաղաքական խնդիրներով զբաղվելու վերաբերյալ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, փաստորեն, չընդունեց, քանի որ նախՙ հարկ համարեց մի անգամ եւս մանրամասն գնահատական տալ ԵԽԽՎ-ում «Ժառանգության» պատգամավորի կեցվածքին. «Ժողովրդական ասացվածք է` մեկը քարը փոսն է գցում, հազար խելոք չեն հանում: Երեւույթ է, բայց պետք է քաղաքական ուժերը զգույշ լինեն եւ նաեւ հասարակությունը, որպեսզի այնպիսի մարդիկ բերեն Ազգային ժողով... կամ պիտի քաղաքական թիմն այնպիսի պատասխանատվություն վերցնի...», ասաց` ավելացնելով, թե ինքն էլ այն կարծիքին է , որ ոչինչը ինչ դարձնել չի կարելի, ինքը քաղաքական գործիչ չէ, փորձառու չէ, մարդիկ կան, որոնք չգիտեն, թե որտեղ կարելի է հերոսանալ եւ ո՞ր պետության համար. «Եթե ինքը գտնում է, որ մեծագործություն է կատարել, թող այդ մեծագործություններով որոշակիորեն բարձր տրամադրությամբ ապրի: Բայց քաղաքական դաշտում նման երեւույթները սովորաբար խոցելի են դարձնում հենց իրեն` քաղաքական դաշտին, եւ այս անգամ, պիտի ասեմ, որ ընդամենը փորձեցինք կամ լրագրողները փորձեցին սենսացիոն դարձնել»:

Բայց իշխանության ներկայացուցիչները շատ ծայրահեղ չէի՞ն իրենց գնահատականներով, որոշ իմաստով էլ` գռեհիկ, հետաքրքրվեց ակումբավարը: Գալուստ Սահակյանը չնահանջեց. «Իհարկե, գնահատականներ պիտի տրվեին, որակումների առումով ինչ էլ ասվի, կարծում եմ, արարքի գնահատականը լրիվ չի արտահայտվի. մարդ կա` մտքում է հայհոյում, մարդ կա` բացեիբաց, լրատվության միջոցներով»:

Դե, երեւում է, դեռ երկար չենք կարողանալու այս թեման փակել:

Իսկ ընդհանրապես` Գ. Սահակյանը համարում է, որ բավական օբյեկտիվ գնահատական է տրվել ԵԽԽՎ նոր բանաձեւում` նախորդ բանաձեւերի կատարման աշխատանքին, եւ հայաստանյան քաղաքական ուժերը գոհ պիտի լինեն բանաձեւից. «Իհարկե, սրանով չավարտվեցին մեր երկրի խնդիրները, մենք փորձելու ենք առաջընթաց ապահովել, սա անընդհատ պրոցես է, եւ կարծում եմ, այդ որոշումը (բանաձեւը նկատի ունի- Մ.Խ.) կնպաստի հետագայում դրական քաղաքական զարգացումներին` մեր պետության ներսում...»:

ԲՀԿ լիդերի միջազգային ակտիվությունը ենթատեքստ ունի՞ եւ արդյոք փոփոխություննե՞ր են սպասվում աշնանն իշխանական դաշտում. «Նախ պիտի ողջունել Գագիկ Ծառուկյանի ակտիվությունը, դա իրոք անհրաժեշտ է եւ բավականին լուրջ կերպով կարող է ներազդել ընդհանրապես զարգացումների վրա: Ինչ վերաբերում է քաղաքական փոփոխություններին աշնանը` բնականաբար դրանք չեն լինի, որովհետեւ դրանց համար քաղաքական նախապայման չկա: Առավել եւս` երկրի կայունության հետեւանքով է, որ կարողանում ենք ե՛ւ զարգացում ապահովել, ե՛ւ դիմագրավել ճգնաժամին... Այսինքն` դարձել ենք սենսացիաներ որոնող, սիրող ազգ, որը մեզ համար ընդունելի չէ»:

ՕԵԿ-ը, որ քաղաքային ավագանու ընտրություններում քվե չունի` նպատակահարմա՞ր է նրա մնալը կոալիցիայում: Ըստ Գ. Սահակյանի` կոալիցիան երկու համապետական ընտրության հետեւանք է, իսկ Երեւանի ավագանու ընտրությունը ՏԻՄ ընտրություն է, եթե Գյումրիում կամ Վանաձորում կոալիցիոն որեւէ ուժ չհաղթի, պիտի ասեն` կոալիցիայից դո՞ւրս գա:

Հնարավո՞ր է համագործակցություն ՀՅԴ-ՀԱԿ-«Ժառանգություն» ձեւաչափով. ըստ ՀՀԿ-ականի` հնարավոր չէ, որովհետեւ ընդդիմադիր դաշտը գաղափարական առումով բավականին իրարից անջատված է. եթե գաղափարներ չկան, միասնական մոտեցումներ չեն կարող ձեւավորվել:

ՌԴ նախագահ Մեդվեդեւի` Բաքվում արած հայտարարությունը պատմական մոտ հեռանկարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին եւ ընդհանրապես նույն թեմայով հարակից հարցերին ի պատասխան Գ. Սահակյանը նկատեց, թե միշտ ասել է` այս խնդրում ակտիվություն լինելու է 2012-ին, երկու պետություններում էլ նոր սերունդ է առաջ եկել, ով էլ վճռորոշ դերակատարություն է ունենալու խնդրի լուծման մեջ: Լրագրողներն անմիջապես բռնեցին ասածի պոչից, թե ուրեմն ներկա քաղաքական ներկայացուցիչներն անկարող են հարց լուծել: Սահակյանը հակադարձեց, թե ներկա սերունդը վճռական է, պետությունն էլ հայեցակարգ ունի կարգավորման առումով, բայց ադրբեջանական կողմն էլ պետք է որոշակիորեն պատրաստ լինի դրան, միաժամանակ` ընդդիմախոսների կոշտ դիրքորոշումն էլ ողջունեց. «Ես ողջունում եմ, եթե քաղաքական ուժեր կան, որ ավելի կոշտ են դնում հարցը, այդ կոշտությունն ապահովում է բանակցություններում եւ հետագա բանակցային պրոցեսներում դրականորեն հանդես գալու առումով»:

Գալուստ Սահակյանը չի հանդիպել ազատություն ստացած Մյասնիկ Մալխասյանին եւ Հակոբ Հակոբյանին, առիթ չի եղել: Քեֆ ու կնո՞ւնք է պետք, հարցրեցին. «Չեմ կարծում, սենսացիոն այնպիսի բան է եղել, որ հանդիպեմ: Քեֆ, ուրախություն, նշանդրեք եթե լինի, կհանդիպենք»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4