Գյումրու «Բիոսոֆիա» բնապահպանական հասարակական կազմակերպությունը Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» փոքր դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ ձեռնամուխ է եղել Շիրակի մարզկենտրոնի շրջակա միջավայրի պահպանության գործողությունների տեղական ծրագիր կազմելու աշխատանքներին: Մեր հանրապետությունում դեռեւս քիչ համայնքներ ունեն այսպիսի տեղական ծրագիր, որը Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների (ՇՄՊԳ) Հայաստանի այժմ գործող երկրորդ ազգային ծրագրի պահանջն է եւ այդ ծրագրի տրամաբանական շարունակությունը:
Գյումրու բնապահպանական տեղեկատվության «Օրհուս» կենտրոնում այս խնդրի վերաբերյալ կազմակերպված հանդիպում-քննարկման ժամանակ, որին մասնակցեցին բնապահպանական եւ համագործակից ՀԿ-ների, պետական համապատասխան կառույցների, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, կարեւորվեց տեղական ծրագիր կազմելուն ու իրագործմանը հասարակության տարբեր հատվածների գործուն մասնակցությունը: Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների տեղական ծրագրի նախագիծը անհրաժեշտ փորձաքննություններ անցնելուց հետո կներկայացվի քաղաքային ավագանուն, որի հաստատումից հետո համայնքի բնապահպանական քաղաքականության հիմքը կդառնա:
Գ. Մ., Շիրակ