Օրերս առաջին անգամ Հայաստանում «Զանգակ-97» հրատարակչությունում լույս տեսավ համշենահայ բանաստեղծ Կրիկոր Մազլումյանի «Երգ համշենական» բանաստեղծությունների երկլեզու գրքույկը (հայերեն, ռուսերեն): Մարդն ինչ ճանապարհ էլ ընտրի, ուր էլ գնա, միշտ պարտավորված է լինելու անցնել փորձության մազե կամուրջների վրայով: Եվ չկորսվելու, չմոլորվելու համար հարկ է, որ մարդ ամուր կապված լինի իր արմատներին: Այդպիսին է նաեւ համշենահայ գրող Կրիկոր Մազլումյանը, ամուր կառչած նաեւ արյան հիշողություններին: Եվ այդ հավատարմությունն է զորակցում, որ Մազլումյանը պայծառ ու լավատեսական հայացքով է նայում իր երկրի եւ իր ժողովրդի վաղվա առավոտներին, որի վկայությունն է «Երգ համշենական» բանաստեղծությունների փունջը:
Հանուն հացի ու արեւի հանուն`
Հոգուս մեջ քնած սերը արթնացրո՛ւ,
Զարկի՛ր դհոլ, ու թո՛ղ ձայնի զուռնան
Համշենն ապրում է, աշխարհը թող գիտնա՛...
Բանաստեղծություններում Մազլումյանը փառաբանում է իր հեռավոր ու մոտ ծննդավայրի բնապատկերներըՙ ողողված արեւալույսով, որդիական անհանգստությամբ, դառնությամբ, ցավով ու տագնապախառն սիրով: Իր պարզ, հաճախ պարզունակ, բայց անկեղծ, իր հայրենիքի համշենական աղբյուրների պես զուլալ ու անապական տաղերով Կրիկոր Մազլումյանը որդիական սիրո եւ խոստովանանքի իր պատմությունն է հյուսել, բացել ինքնաճանաչման փոքրիկ իր ակոսը եւ այդ ակոսում թարմություն եւ լավատեսության հունդեր է շաղ տվել:
Բանաստեղծը երգում է կորուսյալ հայրենիքի` Համշենի կարոտի երգն իր ամեն մի տողով ու երազում, որ կգա այն օրը, երբ ոտք կդնի Համշենի հողին եւ կըմպի խոխոջուն աղբյուրների սառնորակ ջուրը...
«Երգ համշենական» բանաստեղծությունների ժողովածուն ձեւավորվել է համշենահայ նկարիչ Վազգեն Գրիգորյանի նկարներով, որտեղ պատկերված են հայրենի բնաշխարհը:
Օ՜, Տե՛ր Աստված, լսի՛ր աղերսը իմ,
Հանգիստս, քունս ա՛ռ, միայն թե թող
Որ Համշենի աղբյուրներին հասնեմ
Թեկուզ այսպես, թեկուզ միայն տողո՛վ...
Համշենահայ գրող Կրիկոր Մազլումյանը այցելեց «Ազգի» խմբագրատուն ու ներկայացրեց իր հերթական բանաստեղծությունների ժողովածուն, որն էլ ներկայացրեցինք մեր ընթերցողներին:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ