ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Սբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի եւ Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տարեվերջյան հանդիսությունը երեկ սակավաժպիտ էր, քանի որ նախորդը օրը ճեմարականները հողին էին հանձնել մեր եկեղեցու բարի հովվին` Տ Ներսես արք. Պոզապալյանին, որն իր կյանքի զգալի մասը նվիրաբերել էր Գեւորգյան ճեմարանին` ժամանակին կատարելով նաեւ տեսուչի պարտականությունները:
«Իր կյանքի վերջին տարիներին արդեն հասել էր հարուստ գործունեության գագաթնակետին եւ կատարյալ հանգիստ էր վայելում: Շրջում էր Մայր աթոռի տարածքով հանդարտորեն, ջրում էր ծաղիկները, խոսում էր թռչունների հետ եւ կերակրում էր վանքի անտեր կատուներին: Աչքերի մեջ կյանքի հետ հաշտված մարդու ժպիտ կար: Հասունացած պտուղ էր Աստծո արքայության համար եւ մահվան բարի հրեշտակը քաղեց` տառապալից հիվանդության դառը հարվածներից կատարելապես մաքրագործելուց հետո», բացման խոսքում ասաց Գեւորգյան ճեմարանի տեսուչ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վեհարանի դահլիճը հագեցած էր տխրությամբ, երգչախումբն այս անգամ ելույթ չունեցավ, հնչեց միայն մեկ կատարում` «Էջմիածին ի Հօրէ»:
Գեւորգյան ճեմարանի այս տարվա 23 շրջանավարտներին ուղղված տեսուչի խոսքը լի էր ազնիվ եւ իմաստուն շեշտադրումներով, որոնք, անկասկած, անմոռանալի պիտի լինեն յուրաքանչյուր ուսանողի կյանքում. «Այլեւս ճեմարանի պահպանիչ թեւերի մեջ չեք, իրական կյանքը սպասում է ձեզ իր ամբողջ դաժանությամբ եւ աղվորությամբ. անձրեւներ եւ արեւներ, ձախողանք եւ հաջողանք, արցունք եւ ժպիտ: Երբեք կյանքը ձեր փափագածը չպիտի տա լիովին, դուք էլ երբեք կատարելապես գոհ չեք մնալու եկեղեցական ասպարեզից: Իրականության մեջ մարդ էակը միշտ դժգոհ է եւ իր կորցրած դրախտն է փնտրում արտաքին աշխարհում: Նայեցեք ձեր շուրջը, ժողովրդի բոլոր խավերը տարբեր բաներից դժգոհ են: Ահա եկեղեցական ձեր կյանքում պիտի հանդիպեք այդ դժգոհության պահերին: Ինչպե՞ս պիտի պատասխանեք: Որովհետեւ ինչպես ճեմարանը կատարյալ չէր, ապագայում ձեր ծառայելիք եկեղեցիները, թեմերը, առաջնորդները, ծուխերը, հավատացյալ ժողովուրդը, ձեր ամսականը եւ գործընկերները կատարյալ չեն լինելու: Ի՞նչ պիտի անեք: Դժբախտաբար, ոմանք կընտրեն ամենադյուրին ճամփան` փախուստի, ծուլության, հուսալքության, անհատի եւ համակարգի դեմ անիրապաշտ ամբաստանությունների: Դժգոհությունը փակ դուռ է ձեր առջեւ, կարող եք դյուրությամբ հեռանալ, բայց եթե ջարդեք այդ դուռը, հետեւում թանկագին անձ է սպասում ձեզ, անտարակույս:
Իմաստուն առածն ասում է. «Մի բարկացիր, մի հայհոյիր խավարը, այլ փոքրիկ մոմ վառիր: Ներկա հայ իրականությունը լեցուն է խավար անկյուններով. աղանդավորների ոտնձգությունները, համատարած կրոնական տգիտությունը, աղքատությունը, բարոյալքությունը, ընտանիքի քայքայումը, ֆինանսների պակասը, սփյուռքյան այլասերումը եւ ճերմակ ջարդը: Մենք այս խավարի դեմ չենք ուզում հայհոյել, այլ ցանկանում ենք մոմ վառել: Ահա եւ ձեզ վառեցինք եւ ուղարկում ենք դեպի աշխարհ»:
Շրջանավարտներին ու դասախոսներին օրհնության խոսք ասաց նաեւ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, շրջանավարտներից յուրաքանչյուրին ընծայելով նրանց համար ամենաթանկագին նվերը` Սուրբ գիրքը: Շրջանավարտների անունից ելույթ ունեցավ Արթուր սարկավագ Սարգսյանը` Պարույր Սեւակի «Իր վերջն ունի ամեն հեքիաթ» բանաստեղծությունը որպես բնաբան ընտրելով:
Վազգենյան հոգեւոր դպրանոցի մեկամյա գործունեության մասին խոսեց տեսուչ տեր Գեւորգ աբեղա Սարոյանը, գոհունակություն հայտնելով ուսանողների գիտելիքների ընդհանուր մակարդակից` շնորհիվ դասախոսների ներդրած ջանքերի:
Գեւորգյան ճեմարանի առաջինից վեցերորդ կուրսի եկեղեցասեր, ուսումնատենչ եւ կարգապահ ուսանողներին քաջալերելու նպատակով Ամենայն հայոց կաթողիկոսը ամեն կուրսից 3 հոգու հանձնեց «Լավագույն ուսանող» մրցանակը` ըստ ցուցաբերած արդյունքների հաջորդականության: Հաջորդ տարվանից մրցանակներ կստանան նաեւ Վազգենյան դպրանոցի սաները, հավանաբար նաեւ դասախոսները: