Եվրոգավաթների մասնակից հայաստանյան 4 ակումբներից այսօր առաջինը մրցասպարեզ են դուրս գալիս «Բանանցն» ու «Միկան»: Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Բոսնիա Հերցեգովինայի «Շիրոկի Բրիեգին»: Խաղը կսկսվի ժամը 20-ին: Իսկ ուշ երեկոյան «Միկան» կհյուրընկալվի շվեդական «Հելսինգբորգին»:
1948-ին հիմնադրված Շիրոկի Բրիեգ քաղաքի համանուն թիմը Հարավսլավիայի փլուզումից հետո Բոսնիա Հերցեգովինայի առաջնության առաջատար ակումբներից մեկն է դարձել: Թիմը 6 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը, ընդ որում 1994-1998-ինՙ անընդմեջ: Անցած մրցաշրջանում «Շիրոկի Բրիեգը» դարձել է արծաթե մրցանակակիր: Քաղաքի բնակչության մեծամասնությունը խորվաթներ են, ուստի պատահական չէ, որ թիմի կազմում էլ նրանք մեծ թիվ են կազմում (9 հոգի): Թիմում հանդես են գալիս նաեւ բրազիլացի, արգենտինացի եւ ավստրիացի ֆուտբոլիստներ:
2002-ից «Շիրոկի Բրիեգը» Բոսնիա Հերցեգովինան է ներկայացնում եվրոգավաթներում, որտեղ առանձնակի հաջողության չի հասել: Անցկացրած 24 խաղերից 11-ում թիմը հաղթել է, երկու խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 11 պարտություն: Անցած տարի «Շիրոկի Բրիեգին» հաջողվեց հաղթահարել ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի արգելքըՙ առավելության հասնելով ալբանական «Պարտիզանի» նկատմամբ (0-0, 3-1): Իսկ ահա հաջորդ փուլում թիմը զիջեց թուրքական «Բեշիքթաշին» (1-2, 0-4):
«Բանանցի» համար հերթական մեկնարկը 7-րդն է եվրոգավաթներում: 2003-ից թիմն անփոփոխ հանդես է եկել ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարերում: Եվրոգավաթներում թիմի նորամուտը կայացել է 2003-ի օգոստոսի 14-ինՙ Ռոտերդամում, որտեղ Թել Ավիվի «Հապոելի» հետ մրցավեճն ավարտել է ոչ-ոքի (1-1): «Բանանցի» գոլերի հաշիվը բացել է Արշակ Ամիրյանը: Երեւանում կայացած պատասխան խաղում Հովհաննես Զանազանյանի սաները մրցակցին զիջեցին 1-2 հաշվով եւ դուրս մնացին հետագա պայքարից:
«Բանանցին» առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: Դա 2005-ի ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էր, երբ առաջին խաղում, Երեւանում 2-3 հաշվով զիջելով Թբիլիսիի «Լոկոմոտիվին», «Բանանցը» հյուրընկալվելիս ռեւանշի հասավ (2-0) եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Սակայն 2-րդ փուլում թիմի ճանապարհը փակեց «Դնեպրը»ՙ հաղթելով երկու խաղերում էլ (4-2, 4-0): Ընդ որում, երեւանյան խաղում առաջին խաղակեսից հետո Արամ Հակոբյանի խփած 2 գոլերի շնորհիվ «Բանանցը» շահում էր հանդիպումը:
Այսօր «Բանանցը» եվրոգավաթներում 15-րդ հանդիպումը կանցկացնի: Թիմը տոնել է ընդամենը երկու հաղթանակ, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 10 պարտություն: Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունն է 11-35: «Բանանցի» ռմբարկուն Արամ Հակոբյանն է, որը խփել է 4 գնդակ: Ներկա կազմի ֆուտբոլիստներից եվրոգավաթների մասնակցության զգալի փորձ ունեն Համլետ Մխիթարյանը (16 խաղ), Արթուր Ոսկանյանը (10) եւ Սամվել Մելքոնյանը (9):
Ինչ խոսք, «Բանանցին» այսօր դժվարին փորձություն է սպասում: Եվրոգավաթների շեմին թիմի կազմը որոշ համալրում է ստացել, բայց դժվար է ասել, թե դա ինչ արդյունքի կհանգեցնի: Ամեն դեպքում, «Բանանցը» պետք է ձգտի սեփական հարկի տակ հաջող հանդես գալ:
«Միկան» հունիսի 30-ին Երեւան-Մոսկվա-Հանգելհոլմ չվերթով մեկնել էր մրցավայր: «Միկային» եւս ծանր փորձություն է սպասում: «Հելսինգբորգը» Շվեդիայի հնագույն ակումբներից է, հիմնադրվել է 1907-ի հունիսի 2-ին: 1917-ից մասնակցում է Շվեդիայի բարձրագույն խմբի առաջնություններին: Թիմը 6 անգամ նվաճել է երկրի չեմպիոնի տիտղոսը (վերջին անգամՙ 1999-ին), 7 անգամ արժանացել է արծաթե, 9 անգամՙ բրոնզե մեդալների: «Հելսինգբորգում» է ներկայումս հանդես գալիս շվեդական ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկըՙ 37-ամյա հարձակվող Հենրիկ Լարսոնը: Թիմում հանդես են գալիս նաեւ մի խումբ լեգեոնականներ:
Շվեդիայի առաջնությունն էլ Հայաստանի պես անցկացվում է գարուն-աշուն մրցակարգով: Առաջնությունում մոտ մեկ ամիս դադար էր հայտարարված, որը կվերսկսվի այսօր: Անցկացրած 12 խաղից հետո «Հելսինգբորգը» 22 միավորով ընթանում է 3-րդ տեղում: Եվրոգավաթներին թիմը մասնակցում է 1996-ից: Առավել հաջող թիմը հանդես է եկել 2000/01-ի չեմպիոնների լիգայումՙ ընդգրկվելով խմբային մրցաշարում: 2007/08-ի ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում էլ «Հելսինգբորգը» բավական հաջող է հանդես եկելՙ հասնելով մինչեւ 1/16 եզրափակիչ, որտեղ զիջել է հոլանդական «Էյնդհովենին» (0-2, 1-2):
«Հելսինգբորգի» համեմատ «Միկայի» ցուցանիշները եվրոգավաթներում բավական համեստ են: Թիմի նորամուտը եվրոպական մրցասպարեզում կայացել է 2000-ի օգոստոսի 10-ին, ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում: Այդ օրը Բուխարեստում «Միկան» 0-3 հաշվով զիջեց «Ռապիդին»: Երկու շաբաթ անց Գյումրիում կայացած պատասխան խաղում «Միկան» տոնեց անդրանիկ հաղթանակը շնորհիվ Սամվել Նիկոլյանի խփած միակ գոլի: «Միկային» էլ առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Դա 2007-ի ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում էր: Առաջին խաղում հյուրընկալվելիս 1-2 հաշվով զիջելով հունգարական ՄՏԿ-ին, «Միկան» սեփական հարկի տակ Արտյոմ Ադամյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց եւ մտավ հաջորդ փուլ: «Միկան» բոլոր հնարավորություններն ուներ հաղթահարելու նաեւ Սլովակիայի «Արտմեդիայի» արգելքը: Սակայն ունենալով մեծ առավելություն, «Միկան» սեփական հարկի տակ հաղթեց միայն 2-1 հաշվով, իսկ ահա հյուրընկալվելիս մրցակցին զիջեց 2 գնդակի տարբերությամբ (0-2) եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Անցյալ տարի էլ թիմը ձեռքից բաց թողեց Ինտերտոտոյի գավաթի խաղարկության առաջին փուլի արգելքը հաղթահարելու հիանալի հնարավորությունը: Մոլդովայի «Տիրասպոլի» հետ սեփական հարկի տակ անցկացրած խաղում «Միկան» առաջին խաղակեսը շահում էր 2-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո մոլդովացիները փրկեցին խաղըՙ 2 գոլ խփելով: Իսկ հյուրընկալվելիս դարպասները մնացին անառիկ եւ ի հաշիվ մրցակցի դաշտում խփած գոլերի «Տիրասպոլը» մտավ հաջորդ փուլ:
«Միկան» 8-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս: Անցկացրած 16 խաղում «Միկան» տոնել է 2 հաղթանակ, 4-ն ավարտել է ոչ-ոքի, 9-ում պարտվել է: Գնդակների տարբերությունն է 10-27: Եվրոգավաթներում «Միկայի» ռմբարկուն Արմեն Շահգելդյանն է, որը 2 գոլ է խփել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ