Մի քանի ամիս առաջ տված խոստման համաձայն, նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում երեկ հյուրընկալել էր տարվա ընթացքում փայլուն գիտելիքներով աչքի ընկած, տարբեր օլիմպիադաներում հաղթած եւ մրցանակների արժանացած դպրոցականներին: Դրանք մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթողներն էին, այս տարվա մեդալակիր շրջանավարտները, որոնք պարգեւներ եւ հուշանվերներ ստացան նաեւ նախագահի կողմից:
Ջերմ ձեռքսեղմումից հետո նախագահը շնորհակալություն հայտնեց նրանց, որ կարողացել են բարդություններ հաղթահարել ու տքնանքով հասնել երանելի նպատակին: «Գիտելիք ունենալը լավ քաղաքացի, լավ մարդ դառնալու կարեւոր նախապայման է: Ուզում եմ ինձանից լսեք, որ ձեր առավելությունը ձեր հասակակիցների նկատմամբ նաեւ այն է, որ դուք առանձնանում եք լավագույն հատկանիշներով, իսկ դա նշանակում է լինել ուժեղ մարդ, լավ մարդ ու պատրաստ լինել դիմակայելու բոլոր այն մարտահրավերներին, որ կյանքը կառաջադրի ձեզ: Շատ խնդիրներ, իրոք, ունեն լուծումներ, ճշգրիտ լուծումներ: Բայց դուք պարտավոր եք նաեւ իմանալ, միշտ չէ, որ առաջադրված խնդրի լավագույն լուծումը ճշգրիտ լուծումն է: Դուք ընտրելու եք ոչ միայն ճշգրիտ լուծումներ, այլ նաեւ լավ լուծումներ, որովհետեւ յուրաքանչյուր լուծում գին ունի, որ պետք է վճարել: Ուզում եմ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրն առաջադրված խնդիրները լուծելիս մշտապես հիշի` բոլոր միջոցները չէ, որ ճիշտ են խնդիրները լուծելիս: Երեւի լսել եք, որ ասում են` «նպատակը արդարացնում է միջոցները», այդպես չէ, որովհետեւ եթե խնդիր լուծելիս միջոցների միջեւ ընտրություն չես կատարում, հաճախ շատ մեծ խնդիրներ ես ստեղծում: Հաճախ մարդիկ, ովքեր փորձում են ամեն գնով հասնել իրենց նպատակին, ամայացնում են ինչպես իրենց հոգին ու միտքը, այնպես էլ շրջապատը: Հիշեք, որ այդ միջոցները պետք է լավը լինեն ոչ թե կոնկրետ պարագայում, ոչ թե ինչ որ տեւական ժամանակի համար, այլ պետք է լավը լինեն ինքնին: Վատ միջոցներով երբեք չի կարելի հասնել լավ նպատակի»:
Նախագահին ուղղված երեխաների հարցերը տարբեր ոլորտների մասին էին` կրթություն, հեռուստատեսություն, շախմատ, քաղաքականություն, զինծառայություն:
Արմավիրի մարզի դպրոցականները ցանկանացան իմանալ նախագահի կարծիքը մայրաքաղաքի արագընթաց ու մարզերի դանդաղընթաց զարգացման մասին: Նախագահն անկեղծորեն պատասխանեց, որ խորհրդային տարիներից եկող այդ տենդենցը պահպանվում է եւ կշարունակվի, բայց կառավարությունում մշակվող ծրագրերը հույս են ներշնչում, որ առաջիկա տարիներին մարզերը զարգացման ավելի մեծ հնարավորություն կստանան եւ դրանով անհամաչափությունը փոքր-ինչ կվերանա:
Դպրոցականներին նաեւ հետաքրքրում էր, թե ինչով է իր ազատ ժամանակը լցնում բազմազբաղ նախագահը, արդյոք ժամանակ գտնում է ընտանիքի համար: Նախագահը պատասխանեց, որ ընտանիքին հատկացնում է հիմնականում կիրակի օրերը, իսկ աշխատանքից հետո, ուշ երեկոյան սիրում է կարդալ, շախմատ խաղալ, երաժշտություն լսել, զբոսնել: Սյունիքի մարզից եկած դպրոցականին նախագահը օգնեց պատկերացնելու, թե ինչպիսին կլինի Հայաստանը, երբ ինքը դառնա նախագահի տարիքին: «Հազարավոր մարդկանց պես ես էլ չէի պատկերացնում, որ լինելու է անկախ Հայաստան եւ անկախ Արցախ: Բայց երազում էի այդ մասին: Հայաստանը լավ երկիր է եւ այդպիսին է եղել: Բայց երբ դու լինես իմ տարիքին, այն լինելու է շատ-շատ ավելի լավը, քան հիմա: Լուծված են լինելու բոլոր այն խնդիրները, որ այսօր կան: 20-30 տարի հետո Հայաստանը լինելու է այնպիսին, ինչպիսին դուք ցանկանում եք, որ այն լինի, եւ այդ գործում հենց ձեզանից, ձեր սերնդից շատ բան է կախված»:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ