«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը «Հոբելյանական օր» գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել 2002 թվականից այստեղ իրականացվող «Տնային խնամք ծերերի համար» ծրագրի շահառու 25 այն գյումրեցի տարեցների համար, ովքեր 2009 թվականի ընթացքում նշում են ծննդյան որեւէ հոբելյանական տարեդարձ: Միջոցառման օրը` հուլիսի 1-ը, նրանցից երկուսի հենց ծննդյան օրն էր:
«Տնային խնամք» ծրագրով ներկայումս օժանդակություն են ստանում Գյումրի քաղաքի 140, Վանաձորի 100 եւ Գավառի 60 միայնակ, հարազատների օգնությունից ու խնամքից զրկված, հիմնականում քայքայված կացարաններում բնակվող տարեցներ, որոնց առողջական ու սոցիալական բազմաթիվ խնդիրների միայն մի մասն է «Հայկական Կարիտասը» կարողանում հոգալ` տրամադրելով բուժքրոջ եւ սոցիալական աշխատողի խնամք, փոքր քանակությամբ ամենամսյա սնունդ, դեղորայք, հագուստ եւ հիգիենիկ պարագաներ: Կազմակերպիչների համար ոչ պակաս կարեւոր է, որ ծրագրի շահառուներն իրենց ոչ թե մոռացված եւ հասարակությունից դուրս մղված զգան, այլ` գնահատված ու կարեւորված: Հոբելյանական տարին նշելու այս նախաձեռնությունը եւս նման նպատակ ուներ: Տոնական ջերմ միջոցառումը տեղի ունեցավ Գյումրու Ասլամազյան քույրերի պատկերասրահի կանաչազարդ բակում, որտեղ հոբելյարներին հանձնվեցին ծաղիկներ ու փոքրիկ նվերներ, նրանց ողջունեցին ու բարեմաղթանքի խոսքեր ասացին «Հայկական Կարիտասի» պատասխանատուները, Գյումրու քաղաքապետի ներկայացուցիչը, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, ուրիշներ: Հավաքվածներին իսկական գեղագիտական հաճույքի պահեր պարգեւեց Ժան եւ Ալբեր Պողոսյանների անվան արվեստի դպրոցի սաների համերգը` հիմնականում դասական եւ սայաթնովյան ստեղծագործությունների արվեստով կատարումներով: Այնուհետեւ տարեցներին հյուրասիրություն էր սպասում «Չերքեզի ձոր» ռեստորանում:
Զրույցներ Աստվածաշնչի մասին
Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը անցյալ տարվա աշնանից կազմակերպում է «Աստվածաշունչը եւ մենք» խորագրով զրույցներ, որոնց որպես ունկնդիր ներկա են լինում քաղաքի մտավորականության, երիտասարդության, հասարակական եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, հիշյալ կենտրոնի կամավորներ: Երկու շաբաթը մեկ անցկացվող զրույցները վարում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանը, թեմի այլ հոգեւորականներ: Ձեռնարկման նպատակը, ինչպես նշեց սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Սեյրան Մարտիրոսյանը, քրիստոնեական մարդասիրական մտածելակերպի ու հանդուրժողականության ամրապնդումն է, մարդու հոգեբանական մեկուսացման կասեցումը, ձգտումը` Աստվածաշնչի միջոցով փորձելու պատասխանել այսօրվա հարցերին: Սրանով է պայմանավորված նաեւ զրույցների թեմատիկան` «Աստվածաշունչը եւ հանդուրժողականությունը», «Աստվածաշունչը եւ ժողովրդավարությունը», «Աստվածաշունչը եւ կանանց խնդիրները», եւ այսպես շարունակ:
Այս զրույցների տրամաբանական շարունակությունն են համարվում անցկացվող հոգեւոր դասերը Հայ առաքելական եկեղեցու երիտասարդաց միության անդամների եւ կենտրոնի կամավորների համար:
Գ. Մ.