Ազգային անվտանգության խորհրդից հաղորդում են, որ երեկ կայացել է Եվրոմիության խորհրդատվական խմբի եւ տնտեսական քաղաքականության ու իրավաբանական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հանձնախմբի համատեղ նիստը, որը վարել է ԱԱԽ քարտուղար, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը : Կարեւորելով ԵՄ խորհրդատվական խմբի աշխատանքը Հայաստանում` Ա. Բաղդասարյանը նշել է, որ 2009-2011-ի գործողությունների ծրագրով նախատեսված է շուրջ 200 ուղղություններով տարաբնույթ ծրագրերի իրականացում: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ Եվրոմիության պատվիրակությունը լուրջ ջանքեր է գործադրել` օգնելու նշված ծրագրի իրականացմանը Հայաստանում: ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Ռոլֆ Բոեհնկեն ներկայացրել է խմբի աշխատանքը: Մասնավորապես` առաջին եռամսյակում խումբը ներկայացրել է հակակոռուպցիոն ծրագրի նախագիծը, առաջարկություններ հանրային ծառայությունների ոլորտում, ինչպես նաեւ մարդու իրավունքների ազգային ծրագրի վերաբերյալ: Խորհրդատվական խումբն աշխատում է նաեւ Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի ստեղծման ուղղությամբ, աջակցում է էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի` ազատ առեւտրի համաձայնագրին միանալու գործում:
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ողջունել է ծրագիրը եւ նշել, որ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները պետք է ամենօրյա համագործակցության մեջ լինեն իրենց հետ աշխատող փորձագետների հետ: Ա. Բաղդասարյանի առաջարկով ԵՄ խորհրդատվական խմբի երեք ամսվա աշխատանքների մասին հաղորդումն ընդունվել է ի գիտություն: Ռ. Բոեհնկեն ներկայացրել է նաեւ ԵՄ խորհրդատվական խմբի` հուլիս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային ծրագիրը, մասնավորապես` նախատեսվում է զբաղվել կառավարման համակարգի եւ կայուն տնտեսական զարգացման հարցերով: Կշարունակվեն աշխատանքները նաեւ պետական պարտքի կառավարման, հարկային եւ մաքսային ոլորտներում: Ծրագիրը հավանության է արժանացել, սակայն Ա. Բաղդասարյանն առաջարկել է շահագրգիռ բոլոր կողմերին` աշխատանքային կարգով ներկայացնել իրենց առաջարկությունները եւ լրամշակել փաստաթուղթը: