«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2009-07-02 | #123, 2009-07-03 | #124, 2009-07-04


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

ԱՐԳԻՇՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մի հետաքրքրական բան էր կատարվում նախորդ օրը` Մատենադարանի մոտ, Տեր-Պետրոսյանի կողմնակիցների տոնական եւ արտահերթ հանրահավաքին: Հանրահավաքայինների մի մասը, ազատ արձակվածների կրակոտ ճառերը լսելուց հետո, չգիտեմ նրանի՞ց, որ անձրեւ էր գալու, թե՞ այն պատճառով, որ առաջնորդն այլեւս նոր բան չի ասում (եւ` վաղուց)` սկսեց հեռանալ: Սա հասկանալի է. անգամ լավագույն միզանսցեններով տեսարանը, մի քանի կրկնությունից հետո, հոգնեցնում է հանդիսատեսին: Պարզ էր նաեւ, թե ի՞նչ եւ ինչպիսի տոնայնությամբ պետք է ասեին ազատ արձակվածները` տոնական հանրահավաքի «մեղավորները» Մատենադարանի հարթակից: Ասվածն ասելու էին ամեն դեպքում, անկախ նրանիցՙ Ջհանգիրյան, Արզումանյան, թե՞ մեկ ուրիշ ազգանունն էին կրում, կարեւորը` «նստել» էին ու հերոսի լուսապսակով դուրս եկել, ու այդ դեպքում սովորաբար արտասանում են այդպիսի տեքստեր` չկոտրվելու, պայքարի, պայքարով ձեռքբերվածի մասին: Բայց դե ամոթն էլ լավ բան է` նախագահը ուզել եւ համաներել է, սրանք անամոթաբար ասում են` մեր պայքարի շնորհիվ է: Էդ քիչ է, դեռ իրենց հաղթանակը նշանակում է դիմացինի պարտություն, էն էլ մարտի 1-ից հետո առաջին ներքաղաքական պարտությունը, սա արդեն չափազանց է, դեռ վրան էլ ավելացնում են` էնքան գծուծ է համաներման հեղինակը, որ զիջել է այնքան, որքան կբավարեր ԵԽԽՎ-ի պատժամիջոցներից խուսափելու համար: Սա նման է այն բանին, որ երբ մեկին հյուրասիրում ես, մինչեւ վերջ ուտում-խմում է, հետո էլ ասում, թե հյուրասիրածդ մի բան չէր, չէի՞ր կարող ավելի լավ բան դնել սեղանին, կամ էլ` մենք ստիպեցինք, թե չէ դու հյուրասիրողը չէիր: Մնացածը` բռնատիրության չհանդուրժում, սեփական իրավունքների համար պայքար, էլ եսիմ ինչ, իրականությունից բավական հեռու են, քանի որ ինչքան կուզես պայքարի, նախագահը որ երկու ոտքը մի կոշիկի մեջ դներ ու չհամաներեր, ի՞նչ պիտի անեին: Ուզողի մի երեսն է սեւ, չտվողի` մյուս, իսկ տվողի` երկու երեսն էլ (վերջինը համաներողն է): Մեռնեմ պարզունակ տրամաբանությանը: Դե գիտեք, եթե որեւէ մեկն իրեն հաղթող է համարում, հաղթության սուբյեկտ, ուրեմն եւ` պարտվող պետք է, չէ՞: Թե չէ Նարցիսի սինդրոմի հարց առաջ կգա: Բայց այդ բոլորն այնքան էլ կարեւոր չէ, որքան մեկ-երկու նոր վրձնահարվածը հայրենի ընդդիմության` արդեն բոլոր մանրամասներով հայտնի կտավին:

Քանի որ Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքին արձակուրդ էր վերցրել, փաստորեն այս հանրահավաքում ստիպված էր աշնան համար պահած իր որոշ մտորումներ կիսել հանրահավաքայինների հետ: Խոսելով իր կողմնակիցներից ոմանց նվնվոցների եւ տրտունջների մասին, թե իր կողմնակիցների մեծագույն մասն ավելի հասուն գտնվեց, քան նրանց դաս տալու հավակնություն ունեցող եւ ինքնահաստատման խնդիրներ հետապնդող փոքրաթիվ անհատները, որոնք հայտնվել են անցած տարվա հունիսի 20-ից հետո դեռ, եւ որ` ամենավտանգավորը ոչ թե բացահայտ հակառակորդներն ու արտաքին սադրիչներն են, այլ համակիր ձեւացող այս տեսակի մարդիկ, որոնք, ըստ նրա, փաստորեն շարժումը քայքայում են ներսից` կասկածներ եւ հուսալքություն սերմանելով մարդկանց հոգիներում: Ահա: Սա հրապարակային անդրադարձն էր այն տեղեկությունների, որ նրա կողմնակիցների մեջ բավական տարաձայնություններ կան: Նրան ուղղվում են մեղադրանքներ, անգամ խոսք է գնում նրան փոխարինելու մասին, քանի որ նա վերջին ամիսներին խուսափում է վճռական որոշումներ կայացնել: Քննադատողների հետ հարցերը կարգավորելու խնդիրը պետք է լուծեին մինչեւ նոր քաղաքական սեզոն, սակայն այս հանրահավաքով եւ գուցե եւս մեկ արտահերթ հանրահավաքով Տեր-Պետրոսյանի հաշիվները խառնվում են, եւ նա իր խաղաթղթերի մի անկյունը, փաստորեն, ցույց տվեց:

Համաներումը համարելով կեղծված ընտրությունների թելադրանքով արված զիջում իշխանությունների կողմից, Տեր-Պետրոսյանն առաջ է գնում` դժբախտություն կանխատեսելով մեզ համար այն ժամանակ, երբ քաղաքական բռնությունների եւ ընտրությունների կեղծման պատճառով երկրի նախագահը ստիպված կլինի զիջումներ անել արտաքին ճակատում` Ղարաբաղի հարցում, ու, «ի դեպով»` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նա առաջիկայում լուրջ զարգացումներ է սպասում, որոնք, թերեւս, տերպետրոսյանականներին ստիպելու են եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարել: Փաստորեն ինչ-որ պատճառով խանգարվում է Տեր-Պետրոսյանին շատ հարկավոր ամառային արձակուրդը, որի ընթացքում նա կարեւոր որոշումների գուցե պետք է հանգեր, եւ դրա պատճառները պետք է փնտրել նրա ելույթների այն հատվածներում, ուր նա քննադատում է իր կողմնակիցների մեջ նվնվացողներին եւ անհամբերներին, որոնք ուզում էին պայքարը շեղել սահմանադրական ուղուց: Եվ որքան էլ նրա թիմակից Արման Մուսինյանը տարաձայնությունների եւ տարակարծությունների վերաբերյալ բառախաղ անի, պարզ է որ ՀԱԿ-ում ներքին խնդիրներն այն աստիճանի են գլուխ բարձրացրել, որ այդ մասին նրա առաջնորդը բարձրաձայնում է հանրահավաքում: Իսկ ղարաբաղյան խնդրի հետ կապված տերպետրոսյանական ակնարկներում երեւում են անդրօվկիանոսյան ականջներ, փաստորեն դրանք նաեւ նշմար են, որ այս ուժի արեւմտյան կնքահայրերը, սովորական գունավոր հեղափոխությունից ձեռք քաշելով (քանի որ փորձարկեցին` ոչ մի խուճուճ մակդիրով ժողովրդավարություն չի ստիպի հայերին իշխանություն տապալել), հիմա էլ խառնակչության նոր խաղաթուղթ են խաղարկելու, եւ դա Արցախի խնդիրն է: Մի անգամ դա աշխատել է, չէ՞: Ինչո՞ւ այժմ էլ չփորձել:

Դրա հետ մեկտեղ` Տեր-Պետրոսյանին արդեն աշնանը նոր հիասթափություն է սպասում, քանի որ արեւմտյան կնքահայրերը, շատ մանրամասներ, որ համադրում ենք, երեւում է, վաղուց արդեն մարդիկ եւ եղանակներ են փնտրում Հայաստանի արմատական ընդդիմության առաջնորդին(ներին) փոխարինողներ գտնելու համար: Դրա համար էլ նոր միֆեր ստեղծելու տարբերակների վրա են աշխատում Հայաստանում, եւ եթե նրանց քյանդրբազությունները Հայաստանում աշխատեն, զարմանալի չպետք է համարել, որ մեկ էլ աշնանային հանրահավաքներում հանդես գան «ալա Նիկոլ» նոր առաջնորդներ:

Ընդհանրապես` միայն արտերկրի քաղտեխնոլոգները չեն, որ նկատում են, թե Հայաստանի քաղաքական էլիտան հագեցած է հնացած եւ հոգնած մարդկանցով: Հայաստանի իշխանական քաղաքական վերնախավը նույնպես չի փայլում նոր գաղափարներով ու սրահայաց մարդկանցով: Հայրենի քաղաքական դաշտը հիշեցնում է երկար ժամանակ տեղում կանգնած ջուր, որն արդեն տհաճ հոտ է արձակում: Հարկավոր են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ: Բացի այդ` ամեն օր նույն երկու տասնյակ մարդուն տարբեր հեռուստաընկերությունների քաղաքական հանդիպումների եթերներում ցույց տալն ու լսեցնելը մահու չափ հոգնեցրել է հայ հասարակությանը: Չենք կարծում, որ դա չեն զգում իրենք` մեր հոգնած քաղաքականները, եւ անգամ այդ մասին համարձակվում են խոսել: ՀՀԿ փոխնագահ Գալուստ Սահակյանն էր, չէ՞, որ ասում էրՙ Ղարաբաղի հարցը նոր սերունդն է լուծելու: Այդ նոր սերնդին (խոսքը միայն տարիքով երիտասարդների մասին չէ, այլ ճանապարհը խցանած մի քանի գործիչների պատճառով ուրիշ տասնյակ մարդկանց արհեստական ստվերումը) խանգարողը եւ ճանապարհ չտվողը դուռ է բացում զանազան արտերկրյա գունավոր եւ անգույն հեղափոխությունների համար, որոնք մեր երկրին ոչ մի լավ բան չեն խոստանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4