Ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը երեկ Մամուլի ազգային ակումբում խոսելով իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության, մասնավորապես իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի մասին, նշեց, որ երբ մեծ անկում է արձանագրվում տնտեսության մեջ, պետությունը առավել ակտիվ դեր պետք է ունենա` անկումն առավել սահուն դարձնելու կամ կանխարգելելու համար: Ֆինանսների նախկին նախարարը դրսից միջոցներ ներգրավելու քայլը ճիշտ է համարում, միաժամանակ կարծում է, որ կարեւոր է դրա ճիշտ տեղաբաշխումը:
Այն ներդրումները, որ նախատեսված են կատարել, կարելի էր անել ավելի արագ, ասաց ներկայումս տնտեսական խորհրդատվական կենտրոնի ղեկավար Լեւոն Բարխուդարյանը: Ըստ տնտեսագետի դիտարկման` ռիսկերը շատ են, սակայն եթե նախատեսված աշխատանքներն իրականացվեն, ապա բոլոր վարկային ներդրումները, որոնք թելադրում է ճգնաժամը, կլինեն արդարացված: Տնտեսագետը միաժամանակ կարեւորում է, որ վարկային գումարներն օգտագործվեն արդյունավետ: Ֆինանսների նախկին նախարարը նաեւ նկատեց, թե շարունակում է երկրում երկու բաց ասպարեզ մնալ, որը խոչընդոտող հանգամանք է. «Ավելի դանդաղ են ընթանում կառավարման համակարգի բարեփոխումները, քան մենք կցանկանայինք: Ճգնաժամից դուրս գալու համար պետք է էլ ավելի բացել դաշտը, խթանել, կատարելագործել մրցակցային միջավայրը եւ վերացնել մենաշնորհները: Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարեւոր է, ճգնաժամից դուրս գալու շատ կարեւոր գործոն է»:
Ասել, թե կա շատ մեծ բացթողում` ֆինանսների նախկին նախարարը դժվարացավ: Միայն հավելեց, որ ինքը կցանկանար, որ առավել ուշադրություն դարձվեր գյուղատնտեսությանը որպես շատ կայուն եւ հարատեւ ճյուղի, որը նաեւ արտահանվող է, ունի արտաքին կայուն շուկա:
Նա ճիշտ է համարում օգնությունը մանր եւ միջին բիզնեսին, ֆինանսական կայուն համակարգում բյուջեի դեֆիցիտի ավելացման շնորհիվ բյուջեն կատարելուն: Սակայն, ըստ նրա, կա երկու բաց. դանդաղել են կառավարման համակարգի բարեփոխումները, պետական աշխատողների աշխատավարձերը հետ են մնում մասնավոր հատվածի աշխատավարձերի տեմպերից, հակակոռուպցիոն քաղաքականությունը, շատ մեծ խոչընդոտ է մենաշնորհների առկայությունը, մրցակցային միջավայրի անկատարությունը: Լեւոն Բարխուդարյանը սխալ է համարում նաեւ դրամի արժեւորումը եւ գտնում է, որ այն պետք է արժեզրկել դոլարի նկատմամբ. «Ամենամեծ թերացումը վերջին 6-7 տարիների ընթացքում ես կհամարեմ դոլարի նկատմամբ դրամի աստիճանաբար արժեւորումը»:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ կառավարությունը չի պայքարում կոռուպցիայի կամ մենաշնորհների դեմ, Բարխուդարյանը պատասխանեց, որ քաղաքական կամք է պետք դրա համար, եւ օրինակ բերեց կոռուպցիայի դեմ Վրաստանի նախագահ Սաակաշվիլու պայքարի քաղաքականությունը:
Լրագրողներից մեկի հարցին, թե հասարակական հարցումները վկայում են, որ կառավարությանը հասարակությունը չի վստահում: Անվստահության պայմաններում ինչպես կարելի է խոսել կառավարության ծրագրերի հաջողության եւ հասարակությանը դրանց մասնակցության մասին, նա պատասխանեց. «Դժվար է, բայց ձեռք մեկնելու, մեկտեղելու դեպքում անհնարին ոչինչ չկա»: Ըստ նրա` միտում կա բնակարանների գների անկման. գործարքների թիվը պակասել է: Սակայն հնարավոր է, որ տեղի ունենա հակառակը. «Բնակարանային շինարարությունը եթե չաճեց, շատ շենքեր այդպես կիսակառույց էլ կմնան, էական աճ կլինի գների»:
Խոսելով 1990-ականների սկզբին Խորհրդային Միության փլուզմամբ պայմանավորված տնտեսական ճգնաժամի մասին, նա նշեց, որ այն ժամանակվա եւ ներկայիս պայմանները անհամեմատելի են: Այն ժամանակ Ղարաբաղում պատերազմ էր, Հայաստանը շրջափակման մեջ էր, կային էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ, ՀՆԱ-ի անկումը կազմում էր 50 տոկոս: Դրա հետ մեկտեղ չկար միջազգային կազմակերպությունների եւ տարբեր երկրների ֆինանսական աջակցությունը, ինչպես նաեւ չկար պետական միջոցներից ձեռնարկություններին տրամադրվող օժանդակությունը: «Չնայած դրան, ես համարում եմ, որ այն ծանր ժամանակը շատ վեհ էր եւ , ինչ-որ տեղ, լավագույն տարիներ էին, երբ ժողովուրդը միասնական էր իշխանությունների հետ, այդ միասնականությունը բերեց մեզ հաղթանակների», ասաց Լ. Բարխուդարյանը:
Ն. Մ.