«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2009-07-02 | #123, 2009-07-03 | #124, 2009-07-04


ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԿՄԻԱՎՈՐԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

ՀԲԸՄ-ի հերթական կրթական ծրագիրը

Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը ավելի քան հարյուրամյա պատմություն ունի: Այդ ընթացքում կազմակերպությունը Հայաստանում եւ սփյուռքում հիմնել է բազմաթիվ մշակութային, առողջապահական, հասարակական կենտրոններ: ՀԲԸՄ-ն, ի թիվս այլ գործունեությունների, կրթական հաստատություններ հիմնելու լավ համբավ է ձեռք բերել: ՀԲԸՄ-ի կրթական ծրագրերի օրակարգում է Երեւանում վիրտուալ համալսարանի ստեղծումը, որի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում: «Վիրտուալ ուսուցումը տարբերվում է ավանդականից իր հոգեբանությամբ, դասավանդման նրբությամբ: Բարձր որակ ապահովելու եւ չափանիշներին համապատասխանելու նպատակով համալսարանի մանկավարժները 6-ամսյա պրակտիկա են անցել: Սա Հայաստանում վիրտուալ համալսարան հիմնելու առաջին փորձն է, որ, հուսով ենք, կպսակվի հաջողությամբ», նկատում է պրոֆեսոր, վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը :

Մինչ համալսարանի հիմնումը Զորյանն այցելել է տարբեր գաղութներ, շփվել երիտասարդների հետ, պարզել կրթական ոլորտի հիմնախնդիրները:

«Փաստեցինք, որ տարեց մարդիկ էլ են ցանկանում սովորել, վերհիշել պատմությունը, մշակույթն ու ճարտարապետությունը: Հենց այդ պատճառով տարիքային խտրականություն չկա: Համալսարան կարող են ընդունվել 17-82 տարեկան անձինք», նկատում է նա: Ուսուցումն ընթանալու է վեց լեզուներով` նպատակ հետապնդելով ուսուցման ծրագրերում ներգրավվել ավելի շատ մարդկանց: Ամառային շրջանի ժամանակ գրանցվել է ավելի քան 382 անհատ աշխարհի տարբեր երկրներից: Ամառային կիսամյակի ուսուցումն ընթանալու է անվճար, աշնանային կիսամյակի համար կսահմանվի սիմվոլիկ գումար` 199 դոլար: Յուրաքանչյուր կիսամյակը կտեւի 9 շաբաթ: Շաբաթական դասերից բացի ուսանողները կարող են քննարկումներ անցկացնել, շփվել ախարհի տարբեր անկյուններում հայրենակիցների հետ: Համալսարանի աշխատակիցները նկատում են, որ համալսարանի պաշտոնական էլեկտրոնային փոստն ամեն օր թարմացվում է նոր նամակներով, շնորհավորական ուղերձներով ու մաղթանքներով: «Սա իմ հայերենը սովորելու եւ լավացնելու մեծ հնարավորություն է: Երկու տարեկան դուստրս ինձ հետ կրկնում է բոլոր բառերը», ասում է Կարինեն, որը բնակվում է Ուրուգվայում եւ արեւմտահայերեն սկսնակների համար դասընթացը ուսանում իսպաներենով:

Ուսանողներին ոգեւորելու նպատակով կազմակերպիչները մի շարք առավելություններ, արտոնություններ են սահմանելՙ բարձր միավորներ ստանալու կամ ՀԲԸՄ անդամ լինելու դեպքում:

Յուրաքանչյուր դասարանում նախատեսված է 12 աշակերտի մասնակցություն: Երվանդ Զորյանը նկատում է, որ մասնակցության հայտերը հիմնականում գալիս են ամենամեծ գաղութներից` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Հայաստանն այդ առումով ցանկում գրավում է 5-րդ հորիզոնականը:

Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը ծրագիրը համարում է հաջողված փորձ 21-րդ դարում հայեցի կրթություն եւ դաստիարակություն ապահովելու առումով: «Սփյուռքում հայոց լեզուն չափազանց ծանր վիճակում է: Հայկական դպրոցները հիմնականում վճարովի են, հետեւաբար ֆինանսապես անապահով ծնողները չկարողանալով ուսուցման համար վճարել` երեխաներին հանրային դպրոց են տալիս, որտեղ հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաները չեն անցնում: Այս ծրագիրը հնարավորություն կտա հաղթահարելու մի շարք խոչընդոտներ առաջին հերթին հայապահպանման ոլորտում: Վստահ եմ, որ վիրտուալ համալսարանի աշխարհագրությունը ժամանակի ընթացքում կմեծանա»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4