(Նվիրվում է Մ. Նահանգների Անկախության օրվան)
Ամերիկահայ անվանի քիմիագետ, հանքաբան, ճանապարհորդ, բնախուզական անհավանական արկածների սիրահար Հովհաննես Գարայանը (Ջոն Գարա Վարդան) ծնվել է XIX դ. կեսերինՙ մոտավորապես 1849-ին (որոշ տվյալներովՙ 1906-ին 57 տարեկան էր), Կ. Պոլսում, ունեւոր ընտանիքում: Տասներկու տարեկանում սովորելու մտադրությամբ ծնողները նրան ուղարկել են Վիեննա, ամենայն հավանականությամբ` Մխիթարյան միաբանների մոտ: Այնտեղ երեք տարի ուսանելուց եւ հատկապես բնական գիտությունների եւ լեզուների ասպարեզում գիտելիքներ ամբարելուց հետո նա հոր կարողության շնորհիվ մեկնել է Փարիզ, որտեղ սովորել է եւս երկուսից երեք տարի: Սակայն շուտով, ընտանիքի նյութական միջոցների սղության պատճառով արդեն 14 տարեկան դարձած պատանի Հովհաննեսը, ապրուստ հայթայթելու նպատակով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:
Նա Նոր երկիր է ժամանել բամբակագործական Նյու Օրլեանի նավահանգստով, ապա անցել է Միացյալ Նահանգների արեւմտյան ափ, ուր ապրել է չորս եւ ավելի տասնամյակներ:
Մինչեւ 1890-ը նա քիմիագետի իր հմտությունները կիրառել է Յուտայի, Նեւադայի, Կալիֆոռնիայի եւ Կոլորադոյի նահանգներումՙ ոսկու, արծաթի, ալյումինի, պղնձի եւ երկաթի հանքարդյունաբերության ասպարեզում:
Յուտայի նահանգի Դենդի Քրոսինգ շրջանում հանքախուզության ընթացքում իր գիտական կարողությունների շնորհիվ հանգել է այն եզրակացության, որ Կոլորադո գետը, բխելով օգտակար հանքերով հարուստ ժայռոտ լեռնաշղթայից, պետք է, որ իր մեջ կրի այդ լեռների ստորոտներից սրբված ոսկու ավազներ: Ուստի եւ նույն գետի հովիտը հետազոտելու նպատակով 1898-ին գնել է մակույկ, ուր տեղավորել է իր համար անհրաժեշտ իրերը, աշխատանքի գործիքները, սննդամթերքի պաշարը եւ այլն ու սկսել է նավարկել Կոլորադո գետն ի վերՙ մինչեւ 60 մղոն: Դժբախտաբար, սահանքից անցնելու պահին մակույկը շրջվել է, եւ Հովհաննեսը, ամեն ինչ կորցնելով, հրաշքով փրկվել է` հայտնվելով Գրանդ Քանյոն կոչված անմարդաբնակ կիրճի ափեզրին:
Ժամանակին Կ. Պոլսում լույս տեսնող «Բիւզանդիոն» ազգային-քաղաքական, գրական-գիտական օրաթերթը «Հայ հանքագործի մը արկածները» հոդվածում, անդրադառնալով բնագետ Հովհաննեսի ամերիկյան անհավանական արկածներին, գրել է. «Արիզոնայի (Մ. Նահանգներ) թերթերը պատմութիւնը կընեն հանքագործ գիտնական հայու մը, որ շատ տարիներ առաջ, արկածի մը բերմամբ, փակուեր է Քոլորատոյի գետերուն կազմած մեծ հովտին մէջ (Grand Canyon), եւ հոն կապրի առանձին, արտաքին աշխարհէն տարանջատ, իր կեանքին մնացած տարիները նուիրած ըլլալով բնութեան գաղտնիքներուն գործնական ուսումնասիրութեան»:
Հետագայում, Կ. Պոլսում լույս տեսնող ազգային, քաղաքական «Մասիս» շաբաթաթերթը եւս, ներկայացնելով «իրական կեանքի դրուագ մը»ՙ հայազգի հանքագործ-գիտնական Ջոն Վարդանի «շահեկան արկածներուն պատմութիւնը», նրան բնութագրել է որպես «Հայ Ռօպէնսօն մը», որը մեկ տասնամյակ առաջ խափանվել էր Գրանտ եւ Գրին գետերի խառնարանը կազմող Կոլորադոյի Գրանդ Քանյոն կոչված կիրճում եւ ապրել արտաքին աշխարհից կտրված, առանձնացած կյանքովՙ նման Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի գլխավոր հերոսի արկածներին:
«Մասիս» շաբաթաթերթը, տվյալներ քաղելով «Բիւզանդիոնից», պատկերավոր կերպով նկարագրել է այն անմարդաբնակ միջավայրը, որտեղ հայտնվել էր «Հայազգի Ռոբինզոն Կրուզոն». «...Մէկ կողմը խորունկ հոսանուտ գետն էր, միւս կողմը հազարաւոր ոտք բարձրութեամբ սեպ ժայռերու բարձունք: Վեց շաբաթ [Հովհաննեսը] քալեց կամ մագլցեցաւ, մինչեւ որ անցք մը գտաւ ժայռերու այս կոյտին մէջէն: Ուրիշ ուտելիք չունէր, բայց եթէ Քանեոնի հովտին խոտերը, եւ քաքդուս (հնդկաթզենի, կակտենի) բոյսը, պահ[ա]ծու բակլայի մէկ փոքր տուփէն զատ զոր ջուրերը ցամաք նետած էին իր մակոյկէն: Ժայռերու կոյտին խորը թաղուած սոյն հովիտը, շաբաթներով տեղ, արեւ չի տեսներ բնաւ: 24 ժամուան մէջ հազիւ մէկ քանի վայրկեան ժայռերու պատռուածքի մը մէջէն արեւու շող մը կանցնէր, բայց այնքան տաք որ Վարդան կրնար ապակիի մը օգնութեամբ խոտ բռնկցնել եւ կրակ գոյացնել յիշեալ բոյսը խաշելու համար: Օրերով մագլցելէ ետքը ժայռերու վրայ, կը տեսնէր որ անցք կարծածը փակ էր ետեւի կողմէն, ուստի վար կիջնէր, եւ ուրիշ ժայռի մը կողերուն վրայ կը մագլցէր, որձաքարի նոյն հիւրամերժ պարիսպները գտնելով ամէն կողմ»:
Ջոն Վարդանն ամայի միջավայրում եւ վայրի բնության գրկում ենթարկվել է աներեւակայելի եւ գերմարդկային տոկունություն պահանջող արկածների: Այդ ամենի հետ մեկտեղ, որպեսզի սովամահ չլինի, ստիպված է եղել նույնիսկ օձի միս եւ այլ աներեւակայելի «սնունդ» ճաշակել:
Ճակատագրի բերումով մենության դատապարտված հայազգի գիտնական-հետազոտողն իր ժամանակն ու օրերն իզուր չի անցկացրել, այլ, նոր, անսովոր հանգամանքներից օգուտ քաղելով, սկսել է գործնականում անմիջականորեն ուսումնասիրել բնությունն ու նրա զարմանահրաշ գաղտնիքները:
Երկար դեգերումներից եւ անմարդաբնակ փակուղի միջավայրից ելքեր փնտրելուց հետո Հովհաննեսը վերջապես կարողացել է ճանապարհ գտնել դեպի Յուտայի անապատ: Սակայն 16 օր անապատի մեջ սոված-ծարավ քայլելով, վերջապես ուժասպառ ընկել է անծայրածիր անապատում, մինչեւ որ մոլորյալ ձիեր փնտրող մարդիկ գտել են նրան, խնամել եւ շաբաթներ անց ուշքի բերել: Այսպիսով, Ջոն Վարդանը երկրորդ անգամ է հրաշքով փրկվել ստույգ մահից:
Այնուհետեւ նա անցել է Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքը եւ աշխատանքի անցել սղոցարանում, սակայն այդտեղ էլ սղոցի տակ կորցրել է ձեռքի չորս մատները:
Կյանքի մատուցած անակնկալ ձախողություններն ու դժբախտությունները չեն ընկճել անհավանական արկածներին ընդառաջ գնացող հայազգի Ջոն Վարդանին, եւ նա, երկու սայլ գնելով, վերադարձել է Գրանդ Քանյոն կոչված կիրճըՙ շարունակելու հանքաբանական իր պրպտումները:
Հետաքրքրաշարժ, բայց եւ վտանգաշատ կյանք ունեցող գիտնականի գործունեության վերաբերյալ ժամանակի ամերիկյան թերթերը գրել են. «Ամերիկայի մէջ հիմա ո՛չ ոք Ճօն Վարդանէ աւելի աղէկ գիտէ Մ. Նահանգաց այն մասերուն երկրաբանութիւնը, հանքաբանութիւնը, բուսաբանութիւնը, կենդանաբանութիւնը, եւ բնութեան բոլոր հրաշալիքները: Տասն եւ վեց տարիէ ի վեր, [նա] հազուագիւտ հաւաքածոյ մը կազմած է անծանօթ հանքային նիւթերու` անկոխ քարայրներու խորէն հանուած, թանկագին քարերու, անգիւտ նախապատմական բուսեղէններու, եւն.: Ամէն տարի 4-5 ամիս կը զոհէ Քանեոնի մեծ հովտին խորերը նկարագրելու»:
Ամեն անգամ բազմաթիվ գտածո նմուշներով իր երկու սայլերը լցրած վերադառնալով` Ջոն Վարդանն ամերիկացի զբոսաշրջիկների առջեւ հանդես է եկել գիտական դասախոսություններով ու ցուցադրություններով: Ժամանակի թերթերի վկայությամբ, այդ ամենը նա իրականացրել է ի սեր գիտության, առանց որեւէ շահադիտական նկատառումների:
Ինչպես «Բիւզանդիոնը», նույնպես եւ Իզմիրում լույս տեսնող «Դաշինք» քաղաքական-գրական օրաթերթը պատկերավոր նկարագրել են Ջոն Վարդանի արտաքին տեսքն ու նրա ներքին էությունը. «[Նա] Ռօպէնսօն Քրիւզօէի երեւոյթն ունի: Մազերը մեծ մասամբ ճերմկցած են: Խոշոր մօրուք մը թողած է, գլխարկ, օձիք, փողկապՙ անանկ բաներ չի ճանչնար, հագուստներն ինք կարած եւ կարկտած է, բայց ուշիմ դէմք մը ունի, լայն ճակատ, եւ վերջին ծայր բարեկիրթ, բարեհամբոյր մարդ մ,է: Հայերէնը մոռցած է բոլորովին: Անգլիերէն լեզուով իր գիտական բանախօսութիւններն յոյժ շահեկան են, եւ գեղեցիկ առոգաբանութեամբ մը կ,արտասանէ: Կ,ըսէ թէ. «Ես բնութեան մէկ զաւակն եմ: Չափէն աւելի քաղաքակրթուեր ենք: Ես ահա՛ դէպ ի բնութիւն կվերադառնամ»: Բնութեան սիրահար մ,է, եւ արդարեւ Քոլորատոյի մեծ գետահովիտն իրեն յատուկ աննկարագրելի գեղեցկութիւնովը դիւթեր, հմայեր է այս տարօրինակ մարդը»:
«Կէս դար ետքը. Նոր աշխարհէն վերադարձող մը. Տարօրինակ Հայ մը. Իզմիր կը հասնի Երեքշաբթի» վերտառությամբ հոդվածում «Դաշինք» օրաթերթը 1911-ի հունվարյան համարներից մեկում հաղորդել է, որ Ջոն Վարդանն այդ օրերին ԱՄՆ-ից ժամանել է Իզմիր: Նույն թերթը տեղեկություններ է հաղորդում նաեւ բնօրրանում թողած նրա հարազատների մասին. եղբայրը ջութակահար Հարություն Գարայանն էր, իսկ քույրըՙ ողբերգական վախճան ունեցած նշանավոր դերասանուհի Մարի Նվարդն էր: Հարազատներն երկար ժամանակ Հովհաննեսին անհետ կորած են համարել, սակայն «Բիւզանդիոնի» 1906-ի օգոստոսի 16-ի համարում կարդալով ամերիկյան թերթերից նրա մասին արտատպված տեղեկությունը, բազմաթիվ հարցուփորձերից հետո կարողացել են գտնել նրան եւ հրավիրել Իզմիր` այցի: 1908-ին Ջոն Վարդանն այցելել է նաեւ Պոլսում բնակվող իր քրոջըՙ Տիրուհի-Շուշանիկին:
Այսպիսին էր ամերիկահայ Ջոն Վարդանի հետաքրքրաշարժ կյանքը, որը նա լիովին եւ ինքնամոռաց նվիրել էր հանուն եւ ի շահ բնագիտության: Հետագայում շատերը շարունակեցին նրա սկսած գործը, սակայն գիտության սիրույն վտանգաշատ արկածներին ընդառաջ գնացող Ջոն Վարդանի յուրահատուկ կերպարը, եռանդն ու զրկանքներով լի կյանքը բացառիկ օրինակ են հայ եւ օտար հետազոտողների համար:
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող