«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


«ԽՆԴՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՆ Է»

Կիպրոսի նախագահը փաստում է, որ դժվար է բանակցել Թուրքիայի հետ, թեեւ դրան այլընտրանք չկա

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փոխըմբռնման ու կառուցողական մթնոլորտում երեկ Հայաստանի եւ Կիպրոսի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դեմետրիս Խրիստոֆիասը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, պատրաստակամությամբՙ նպաստելու կողմերի գործարարների միջեւ կապերի հաստատմանը: Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները ընդգծեցին խաղաղ ճանապարհով եւ բանակցային մոտեցմամբ տարածաշրջաններում առկա հարցերի լուծման կարեւորությունը:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված երկխոսությանը, ապա Կիպրոսի նախագահը ընդգծեց, որ Թուրքիայի հետ դժվար է բանակցել, բայց եւ այնպես երկխոսությանն ու խաղաղ բանակցություններին այլընտրանք չկա: Հայոց ցեղասպանության ճանաչման առումով էլ Կիպրոսի դիրքորոշումը մնում է նույնը այն մոտեցմամբ, որ Թուրքիայի կողմից այդ փաստի ճանաչումը օգուտ է հենց Թուրքիային:

Լինելով Եվրոմիության անդամ եւ իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին` Կիպրոսը, ի դեմս երկրի նախագահի, նաեւ պատրաստակամ է իր աջակցությունը Հայաստանին ցուցաբերելու Եվրոմիության հետ հարաբերություններում: «Հայաստանը Եվրոմիության ներսում Կիպրոսի դեպքում կարող է տեսնել դեսպանորդի, ընկերոջ», հայտարարեց Դեմետրիս Խրիստոֆիասը:

Կիպրական կողմի լրագրողի հարցին, թե ինչպես կարելի է գնահատել Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցությունը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Հայաստանը երբեք էլ դեմ չի արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Ավելին, դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան, ըստ Սարգսյանի, կլինի ավելի կանխատեսելի, ավելի անվտանգ եւ «մեր պատկերացումներին ավելի համապատասխան»:

Հայաստանի նախագահի խոսքերով, եթե մի օր Թուրքիան դառնա ԵՄ անդամ, այդպիսով Հայաստանը ընդհանուր սահման կունենա ԵՄ հետ, որը բովանդակային առումով կնշանակի, որ մեր հարեւանից ակնկալելի են եվրոպական չափանիշներին համապատասխան հարաբերություններ: Դա էլ, իր հերթին, նախագահ Սարգսյանի մեկնաբանությամբ, ի թիվս այլ բաների, նշանակում է նաեւ փոխադարձ պայմանավորվածությունների հանդեպ հարգանք, քանի որ հակառակ դեպքում մեծանում է անվստահությունը, խորանում անջրպետը:

«Այս հարցում եւս մենք նույն կերպ ենք մտածում», նույն հարցին այսպես պատասխանեց Կիպրոսի նախագահը: Դեմետրիս Խրիստոֆիասի ներկայացմամբ, Կիպրոսը եւս կողմ է Թուրքիան տեսնելու Եմ անդամ` «վերափոխված եւ եվրոպական չափանիշներին համապատասխան»: Միեւնույն ժամանակ, Կիպրոսի նախագահի խոսքերով, եթե Թուրքիան ԵՄ անդամ է ուզում դառնալ, ապա նա չի կարող գրավյալ պահել ԵՄ անդամ մեկ այլ երկրի տարածքի մի մասը` նկատի ունենալով հենց Կիպրոսը:

Թե ինչպիսին կարելի է պատկերացնել կամ տեսնել Կիպրոսի հարցի լուծումը` Դեմետրիս Խրիստոֆիասը պարզաբանեց, որ երբ էլ փորձ է արվել ռազմական ճանապարհով Կիպրոսի հարցը լուծել, կարգավորման հարցում միշտ հետընթաց է գրանցվել: Այնուամենայնիվ, Կիպրոսում, ըստ նախագահի, չկա երկու ժողովուրդ, այլ միասնական ժողովուրդն ունի երկու համայնք, իսկ Կիպրոսի ապագան էլ չի կարող լինել դաշնությունը:

Արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ապագան ինչպիսին տեսնելու հարցին ի պատասխան Հայաստանի նախագահը նշեց, որ բանակցային գործընթացում նոր զարգացումներ չկան ու չկան նաեւ փոփոխություններ Հայաստանի մոտեցումներում:

Ինչ վերաբերում է քաղաքական գործիչների, երկրների նախագահների, անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելություն իրականացնող համանախագահների տարբեր տեսակի հայտարարություններին, ապա, Սերժ Սարգսյանի խոսքերով, տարօրինակ կլիներ հակառակ իրավիճակը, եթե միակարծություն լիներ, քանի որ այդ դեպքում հարցը լուծված կլիներ:

«Մի բան ակնհայտ է. ներգրավված բոլոր կողմերը գիտեն, որ այս խնդրի առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է», հայտարարեց Հայաստանի նախագահը, ավելացնելով, որ, իր կարծիքով, բոլորի համար էլ ակնհայտ է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի կողմից ոչ ընդունելի որեւէ որոշում կենսունակ եւ իրագործելի լինել չի կարող: Ընդ որում, Սերժ Սարգսյանը գտնում է, որ հենց այս մոտեցումն առավել մեծ թվով մարդկանց համար դառնում է ընդունելի այն մեկնաբանությամբ, որ յուրաքանչյուր լուծում պետք է ստանա ԼՂ ժողովրդի հավանությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4