«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


ԱՐՑԱԽԻ ՁԱՅՆՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

Հուլիսի 10-11-ին Ստեփանակերտում տեղի կունենա համահայկական խորհրդաժողով` մասնակցությամբ 20 երկրների պատվիրակությունների: Խորհրդաժողովում կարծարծվի երկու հիմնական թեմա` հայ-թուրքական հարաբերություններ եւ արցախյան հիմնախնդիրն ու հնարավոր զարգացումները:

«Խորհրդաժողովի նպատակն է անդրադառնալ հայ-թուրքական բանակցություններին եւ, դրանց համատեքստում այն մտահոգություններին, որ կան հայ հասարակության շրջանում: Այդ թեման լուրջ պարզաբանման կարիք է զգում», երեկ ասաց Հայ դատի քաղաքացիական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը :

Նրա խոսքերովՙ խորհրդաժողովի կազմակերպման որոշումը կայացվել է մոտ մեկուկես ամիս առաջ. եթե ավելի հետաձգվեր, ապարդյուն կլիներ անցկացնել, որովհետեւ կարծես հայ-թուրքական բանակցությունները սառել են:

«Կարծես Թուրքիան պետք է լինի նախաձեռնող, մինչդեռ հստակ չէ, թե թուրք քաղաքական վերնախավն այդ բանակցությունները երբ կսկսի», նկատեց Մանոյանը` կարեւորելով խորհրդաժողովի դերը:

Խորհրդաժողովին կմասնակցեն արվեստագետներ, գործարարներ, մարդիկ, ովքեր այդ առնչությամբ ասելիք ունեն: Անցկացվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հովանավորությամբ: Լրագրողների դիտարկմանը` արդյոք Բակո Սահակյանը համամի՞տ է ՀՅԴ ազգային գաղափարներին, Մանոյանն ասաց. «Գիտակցում ենք, որ ԼՂՀ-ի ձայնը պետք է ավելի լսելի դառնա: Այս խորհրդաժողովի միջոցով ուշադրությունը կկենտրոնացնենք Ստեփանակերտի վրա: ԼՂՀ-ն իր խնդիրները բարձրաձայնելու կարիք ունի»:

Երկօրյա խորհրդաժողովի ընթացքում զեկուցումներով կներկայանան ԼՂՀ արտաքին գործերի նախարարը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀՅԴ ԳՄ նախագահ Արմեն Ռուստամյանը: Հայ-թուրքական բանակցություններ թեմայով դասախոսություններ կկարդան սփյուռքահայ անվանի դասախոսներ:

Խորհրդաժողովին հրավիրված են խորհրդարանական բոլոր ուժերը, սակայն նրանց մասնակցությունը դեռեւս հաստատված չէ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կներկայացնի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

ՀՅԴ եւ ՀԱԿ ազգային գաղափարների շուրջը հնարավոր համագործակցության վերաբերյալ Կիրո Մանոյանի պատասխանը հետեւյալն էր. «Տարբերությունները, անհանգստությունները նույնը չեն: Կոնգրեսը համամիտ է ՀՀ իշխանությունների տեսակետներին հայ-թուրքական բանակցությունների շուրջը: Նրանք միայն ընդդիմացան պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, ինչին մենք էլ ենք դեմ: Սակայն այդ առնչությամբ մենք ավելի կոշտ դիրքորոշում արտահայտեցինք: Կոնգրեսի հետ մեր գաղափարների նմանություններն ավելի քիչ են, քան տարբերությունները: Ինչ վերաբերում է ԼՂՀ հարցին, ճշմարիտ ենք համարում Արցախի ակտիվացումը»:

Մանոյանը նկատում է, որ իրենք համակարծիք չեն իշխանությունների հետ ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում հնչած ձեւաչափերին, այլեւ Արցախի հարցի վերաբերյալ օրինագծերին: Մասնավորապես Դաշնակցությանը մտահոգում են մադրիդյան սկզբունքները կամ ինչ-որ մի բան զիջել առանց ստանալու տրամաբանությունը: «Այդ սկզբունքներում կա ընդամենը խոստում: Արցախի հարցը պետք է կարգավորվի փոխզիջման տարբերակով, սակայն երկկողմանի եւ համարժեք», նկատեց նա:

Անդրադառնալով հուլիսին կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մոսկովյան հանդիպմանը, Մանոյանը նկատեց, որ համաձայնագրի ստորագրմամբ չի ավարտվի, սակայն չբացառեց, որ մինչեւ տարեվերջ համաձայնագիր կկնքվի:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4