«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼ ԵՆ ՍԵՖԻԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ

Ղարաբաղի իշխանությունները մերժել են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումըՙ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 2004-ից ի վեր Ժիրայր Սեֆիլյանը նույն հարցով գրեթե ամեն տարի դիմում էր Հայաստանի իշխանություններին եւ անփոփոխ մերժում ստանում: Այս տարվա հունիսին Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ կրկին մերժում է ստացել: «Հաշվի առնելով, որ Ղարաբաղում դեռեւս ընդունված չէ երկքաղաքացիության օրենքը, հետեւաբար դա, իհարկե, խոչընդոտ է, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը : Նա հավելել է, որ օրենքը ընդունվելուց հետո հարցը կրկին կքննարկվի: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի հրամանագրերով օրենքի բացակայության պայմաններում, որոշ մարդկանց (օրինակ, Սերժ Ամիրխանյանին) քաղաքացիություն է շնորհվել, Դավիթ Բաբայանը պատասխանել է. «Ամիրխանյանը երկար տարիներ այստեղ բնակվում էր, զբաղեցնում էր պատասխանատու պաշտոններ (նախարարի պաշտոններ էր զբաղեցնում): Հետեւաբար, գուցե բնակեցման խնդիրներ կային... Չնայած տեղյակ չեմ խնդիրներին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4