ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) ԼՂ հակամարտության տարածաշրջան այցի շրջանակներում Երեւանում կլինեն հուլիսի 8-ին: Ըստ ԱԳՆ-ի, ծրագրվում են համանախագահների հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համանախագահների հերթական այցը տարածաշրջան նպատակ ունի նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումն այս ամսվա ընթացքում Մոսկվայում: Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի վերջին հանդիպումից հետո կողմերը հայտարարել են, որ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջ շարժվել բանակցային գործընթացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ: