«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես երեւում է, շուտով իրավապահ մարմիններին կներկայանա ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Այդ համոզմունքին ենք, քանզի երեկ նա հայտարարություն էր տարածել, ինչպես ավելի վաղՙ Նիկոլ Փաշինյանը. եթե հիշում եք` նա նախ հայտարարություն տարածեց, հետո ներկայացավ: Հիշեցնելով, որ համաներումը կտարածվի, եթե մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը հետախուզման մեջ գտնվողները ներկայանան իրավապահ մարմիններին, Խ. Սուքիասյանն իր հայտարարության մեջ ասել է. «Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախ եւ առաջ, որեւէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ եւ գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, այնուհետեւ համաներման ակտ ընդունելով, իշխանություններն, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում», հայտարարում է նա` նկատելով, որ իրեն ներկայացված մեղադրանքը փոխելիս գլխավոր դատախազը պարտավոր էր, ըստ սահմանադրության, ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը, մյուս պատգամավորների դեպքում եւս. «Ես փաստորեն քրեական հետապնդման եմ ենթարկվում` զրկված չլինելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Այսինքն` ես այսօր իրավունք ունեմ ազատորեն քայլել իմ քաղաքում, եւ ոչ մի ոստիկան իրավասու չէ որեւէ կերպ սահմանափակել իմ ազատությունը: ՀՀ Ազգային ժողովը նույնպես պետք է շահագրգիռ լինի, որպեսզի պատգամավորի նկատմամբ անօրինական քայլեր չձեռնարկվեն»: Հայտարարության ավարտին Խ. Սուքիասյանը համոզված է, որ` «իշխանությունները, իրենց բնորոշ ոճով, անտեսելով անգամ ԵԽԽՎ-ի վերջին` 1677 բանաձեւի պահանջները, ձգտելու են ինձ պահել անազատության մեջ եւ իրենց գործիքները հանդիսացող դատավորների միջոցով ստանալ իրենց կեղծ եւ շինծու մեղադրանքների տակ դրված կնիքները», ասում է նա` վստահեցնելով, որ դա իրեն չի մտահոգելու, եւ վերահաստատելով պայքարի իր պատրաստակամության մասին, «Համոզված եմ, որ արդարությունն, ի վերջող, հաղթանակելու է», ավարտում է իր հայտարարությունը Խաչատուր Սուքիասյանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4