«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


ՀԳՄ 15-ՐԴԸ

Սկանդալ փնտրողների գլխին սառը ջուր լցնող մի համագումար

Հետաքրքրական ներքին ցանց են ձեւավորել հայկական լրատվամիջոցները, ոնց որ սարդն իր ոստայնում, բայց սրա պես ոչ թե բնազդական, այլ մտածված քաղաքականությամբ` ինտրիգներ փնտրել կամ սարքել գրեթե ոչնչից, դրա պոչից բռնել ու այդ նյութը ծամել-ծամծմելով հալումաշ անել: Հետն էլ մարդկանց ուշադրությունը միառժամանակ աճպարարի պես այդ լարի վրա պահել, ավելի կարեւոր բաներից շեղելու համար նաեւ: Երկար ժամանակ լրատվական աճպարարությունն աշխատում էր գրողների եւ նրանց միության շուրջը հյուսված զանազան, մինչեւ զավեշտականի հասնող պատմություններ տիրաժավորել-հանրայնացնելով: ՀԳՄ-ի եւ հատկապես TV-ների այս մենամարտը, որ բավական երկար տեւեց եւ գուցե շարունակվի էլ, իր որոշակի պատճառներն ունի, բայց, վստահաբար, դրանք հանրության հետաքրքրություններից չեն բխում: Հայաստանում առհասարակ նման բաներ չեն լինում, հանրություն, ժողովուրդ-այսպիսի հասկացություններ գոյություն չունեն, պետությունն էլ անձնավորված-սեփականաշնորհված է:

Իզուր է TV-ներին թվում, թե ժողովուրդը բանուգործ թողած կյանքի խնդիր է դարձրել գրողական միջավայրի այս ու այն բամբասանքով ապրելը. (բա մյուս շերտերը ինչու չեն այդպես մանրամասնորեն ու փութաջան քննարկվում. առողջապահությունը, դպրոցն իր ավարտական դրամական մղձավանջով, օլիգարխիական` օրեցօր ահագնացող ընչաքաղցությունը` ժողովրդի անմիջական ապրուստին ու արժանապատվության վերջին փշրանքներին սպառնացող):

Համառ տեւականությամբ հեռուստատեսային այս շոուի (թե գրող ու գրականություն չկա) հասարակական կարծիք ձեւավորելու գործնական նպատակին նպաստեցին նաեւ տպագիր մամուլի որոշ հրապարակումներ: Գրողներին վարկաբեկելու (եթերից երբեք գրական բանավեճ կամ որեւէ գրական գործ լրջորեն, մասնագիտորեն չի քննարկվել)ՙ հեռուստաեթերի մաշկահան լինելու աստիճան ջանքերը ՀԳՄ 15-րդ համագումարից սկանդալային նյութ մատուցելու ճոխ ակնկալիքներ ուներ: Ավա՜ղ:

Այս մտորումները ծնվեցին, երբ պատահաբար հեռուստաալիքները «թերթելիս» հետեւեցի «Երեւան» հեռուստաընկերության կիրակնօրյա լրատվական ծրագրի` գրողների համագումարի մեկնաբանություն-ռեպորտաժին: Ինքս էլ, որպես լրագրող ներկա եմ եղել ժամը 10.30-ի հավատարմագրում կոչվածին` անձնագրով նաեւ, բայց ոչ անձնագիր հարցրին, ոչ ուրիշ բան ու սովորականի պես ներս մտա: Ավելի ուշ լրագրողական այդ աղմուկը բարձրացավ, թե երկու լրատվամիջոցի նախապես չեն հավատարմագրել ու ներս չեն թողել: Պարզվեց, որ սրանով ՀԳՄ ղեկավարությունը իր վերաբերմունքն է արտահայտել ամիսներ շարունակ հեռուստաեթերն իրենց դեմ օգտագործած այդ լրատվամիջոցների հանդեպ: Առիթը պատրաստ էր խոսքի կծիկը մի լավ բացելու, թե խոսքի ազատության, դեմոկրատական արժեքների ոտնահարում է տեղի ունեցել: Այդ արժեքներից անտեղյակ մի քանիսը վիրավորված դեսուդեն անցան (իսկ երբ հեռուստադիտողի իրավունքներն են մշտապես ոտնահարվում հայկական TV-ների գրեթե բոլոր` գռեհիկ ճաշակը սնուցող նյութերով ու կենցաղային անմիտ զրույցներով ու հաղորդումներով, սրա մասին ինչո՞ւ չեն խոսում: Բավական է մի 2 օր հայկական եթերը տուն թողնես, ու աղտեղությունների, տխեղծ դեմքերի ու փողոցի կեղտոտ լեզվի մի հեղեղ ներսդ կլցվի. ժամանակ է պետք` այդ կեղտից ազատվելու, թոթափվելու, ոնց որ մի վատ արարքից): Իհարկե, համագումարին այդ լրատվամիջոցների մասնակցությունը արգելող որոշումը սխալ ու նաեւ անտեղի էր, ինչպես եւ նախապես հավատարմագրում անելը. ի վերջո, սա պետական-կառավարական հանդիպում կամ միջոցառում չէր, ընդամենը` ստեղծագործական միության համագումար: Բայց եւ աննախադեպ էր լրատվամիջոցների հետաքրքրասիրությունը. դրսում այնքան լրագրող էր հավաքվել, ասես հայոց լինել-չլինելու հարցն էր վճռվում: ՀԳՄ-ի այս որոշում անողները, թերեւս հետո զղջային, որովհետեւ սկանդալ փնտրողներին համագումարը նյութ չտվեց (բացառությամբ, իհարկե, Արտեմ Հարությունյանի արած մի քանի կոպիտ արտահայտությունների, որոնք կանխվեցին), ու մտավորականների հերթական հավաքից գզվռտոցի թամաշա սարքելու նրանց ներքին հրճվանքը ի դերեւ ելավ: Գրողների 15-րդ համագումարի անմիջադեպ, կանոնավոր ընթացքը հուսախաբ արեց շատերին, սառը ջուր լցնելու պես, քննարկման նյութ թողնելով մի երկու լրատվամիջոցի դահլիճ ներս չթողնելու փրփուրը, սա էլ, Ալվարդ Պետրոսյանի առաջարկով քվեարկության դրվեց եւ գերակշռող մեծամասնությամբ մերժվեց:

Մի քանի խոսք գրողների 15-րդ համագումարի ընթացքի մասին

Համագումարը սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգվեց վերջին տարիներին ՀԳՄ մահացած անդամների հիշատակը` անուն առ անուն: Ներկայացվեց օրակարգը: Լսվեցին ՀՀ նախագահի, մշակույթի նախարարի, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի ուղերձները, ապա եւ Լիբանանահայ գրողների համախմբումի, ստեղծագործական միությունների կողմից` Աստղիկ Գեւորգյանի ողջույնի խոսքերը: Միջանկյալ ասենք, որ լրատվամիջոցներն այնքան էին սրել հարցը, որ գրեթե բոլորի խոսքերում երկու կողմերին միմյանց խնայելու հորդորանք կար: Ապա քվեարկությամբ հաստատվեց մանդատային եւ հաշվիչ հանձնաժողովների կազմը:

Հիմնական ընդդիմախոսը եւ համագումարին հետաքրքրության, շիկացման տոն տվողը ենթադրվում էր, որ Ռազմիկ Դավոյանը եւ նրա կողմնակիցներն էին լինելու: Վերջինիս ելույթը, սակայն, զուսպ եւ կոնկրետ խոսք էր, հիմնականում իր նախագահական շրջանի անդրադարձով, երբ Հովհ. Մելքոնյանի ստեղծած Հայ գրողների միությունը պառակտիչ գործունեություն էր ծավալում եւ ՀԳՄ-ն կանգնած էր լինել-չլինելու լուրջ փորձության առաջ: Ռազմիկ Դավոյանի առաջարկած այդ նույն` Հայ գրողների միության եւ ՀԳՄ-ի միավորման հարցը դրվեց քվեարկության, որը ձայների գերակշիռ մեծամասնությամբ (ընդամենը 8 կողմով), մերժվեց` շուրջ 287 մասնակիցներից: Հետաքրքրական էր այն տեղեկությունը, որ շատերին անհայտ Հայ գրողների այս միության անդամ է նաեւ քուրդ ժողովրդի ազգային ազատագրական շարժման առաջնորդ Օջալանը (համենայն դեպս այս լուրը չհերքվեց):

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի հաշվետու ելույթը 2005-2009 թվականների աշխատանքների ամփոփումն էր. այս մասին տպագրված գրքույկը բաժանված էր համագումարի մասնակիցներին: Նա անդրադարձավ գրահրատարակչական գործունեությանը, սփյուռքահայ եւ երիտասարդ գրողների հետ տարվող աշխատանքներին` գրողների համահայկական համաժողովներ, նաեւ օտարագիր հայ գրողների, երիտասարդ գրողների եւ այլն, գրական միջազգային կապերին (համագործակցություն Ռուսաստանի, Վրաստանի, Ռումինիայի, առաջիկայում Սիրիայի գրողների միավորումների հետ), մրցանակային դաշտին եւ դրա թերություններին (նկատեց, որ մրցանակները պիտի շնորհեն ոչ թե ստեղծված հանձնաժողովները, այլ գիրքը ներկայացնող հրատարակչությունները), ՀԳՄ շենքային պայմաններին, գրողների սոցիալական վիճակին (65-ից բարձր գրողներինՙ ամենամսյա 5000-ական դրամ նպաստներ եւ 10.000-ականՙ բոլոր գրողներին տարեվերջին): Առաջիկա ծրագրերից ուշագրավ էին Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով ՀԳՄ տպարանի ստեղծման, Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ դահլիճի վերանորոգման եւ ՀԳՄ անդամների համար կառուցվելիք կոոպերատիվ շենքի մասին տեղեկությունները:

Առանձին բաժանմունքների եւ հատկապես մարզային մասնաճյուղերի (Արցախ, Գյումրի, Վանաձոր) նախագահների զեկուցումների ժամանակ, որոնք հիմնականում միապաղաղ ու ձանձրալի էին, դահլիճը գրեթե դատարկվում էր, բացառությամբ երիտասարդական բաժանմունքի նախագահ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքի. նկատելի էր երիտասարդական թեւի ակտիվ ջանքը եւ կարեւորըՙ ստեղծագործական շահագրգռվածությունը, նորի ձգտումը: Եղան նաեւ առանձին ելույթներ: Մեր կյանքին ու ժամանակին, ժողովրդի հոգսերին անմիջականորեն հաղորդ, խղճի թելադրանքի, մտավորականի խոսք էր Հրաչյա Մաթեւոսյանի ելույթը: Ելույթների մեջ կային նաեւ վերամբարձ գովեստներ, բայց հիմնականում ՀԳՄ գործունեության թե՛ գնահատանքի, թե՛ քննադատության, երկկողմանի արտահայտություններ ինչպես, օրինակ, Դավիթ Գասպարյանի, Անուշ Վարդանյանի խոսքերը. չվիճարկվեց նախագահի կազմակերպչական ջիղը, աշխատանքային ակտիվությունը, խնդրո առարկա էին գրական մամուլի ոչ բավարար վիճակը, գրական գործի արժեւորման խեղաթյուրված ընթացքը, գեղարվեստական չափանիշների անտեսումը, վտանգավոր համահարթեցումը, միջակությունների աշխուժացումը (մի բան, որ համահայկական տարածված ախտ է), քննարկվեցին հոնորարային, մասնավորապես պետպատվերային գրականության քաղաքականությունը, գրքերի իրացումը, անընդունելի եւ անխոհեմ համարվեց ՀԳՄ-ի անդամությունից Աբգար Ափինյանին եւ Սաշիկ Ղումաշյանին վտարելու աննախադեպ քայլը եւ այլն:

Համագումարը ՀԳՄ նախագահի հինգ թեկնածու առաջադրեցՙ Լեւոն Անանյան, Ռազմիկ Դավոյան, Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Մուրադյան, Դավիթ Գասպարյան, որոնցից վերջին երեքը ինքնաբացարկ հայտարարեցին: Առաջադրվեց վարչության կազմի 94 անդամության թեկնածու, որոնցից պիտի ընտրվեին 53-ը:

Ռազմիկ Դավոյանի առաջարկով մինչ քվեարկությունը նախագահի 2 թեկնածուները հանդես եկան ծրագրային ելույթներով: Դահլիճի ընդհանուր տրամադրվածությունից, մթնոլորտից արդեն կանխատեսելի էր ընտրության արդյունքը: Փակ, գաղտնի քվեարկությամբ ձայների ճնշող մեծամասնությամբ (Լեւոն Անանյան-199 կողմ, Ռազմիկ Դավոյանՙ 30 կողմ, անվավերՙ 49) նախագահ ընտրվեց Լեւոն Անանյանը: Վարչության կազմի ջնջված թեկնածուներից մի մասը բողոքի խմորումների մեջ էր, թերեւս այդ խմորը շատ ջուր առնի:

Այսպես ավարտվեց ՀԳՄ 15-րդ համագումարը, առանց աղմուկների, առանց ցնցումների: Եթե կային գրական նոր շարժման, հոսանքի, մտայնության կրողներ, պետք է, որ հանդես գային: Ձայն-ծպտուն չեղավ, տաղանդավոր գրողներից մի քանիսը համագումարին ներկա չէին:

Հեռուստալրատվական բարոյականություն

Հիմա անդրադառնանք «Երեւան» լրատվական ծրագրի մեկնաբանությանը: Համագումարի մասին որպես առանցքային նյութ ընտրվել էր երկու լրատվամիջոցներիՙ ՀԳՄ դռներից ներս չթողնելու որոշումը. դրա շուրջն էլ կարծիքների դաշտ գոյացրինՙ տեղը տեղին քննադատելով: Ավելի հետաքրքրական էր հրապարակային հարցադրմանը հետեւած ռեպորտաժը, նախագահական ընտրություններից պատճենված մեթոդովՙ լրագրողը մոտենում է ծանոթ թե անծանոթ մի քանի քաղաքացիների ու հարց ուղղումՙ ժամանակակից ո՞ր հայ գրողին եք ճանաչում, կամ ի՞նչ ենք կարդացել: Եվ օրինաչափորեն պատասխանը բացասական էՙ կամՙ ոչ մեկին, կամՙ ինչ են գրում, որ կարդանք, միայն գզվռտոցի մեջ են, բացառությամբ մեկի, որ Ռազմիկ Դավոյանի անունը տվեց:

Այսկերպ նրանք չեն ճանաչում նաեւ մեր երաժիշտներին, ճարտարապետներին, քանդակագործներին, նկարիչներին, գիտության մարդկանց, բայց ոչ միայն ժամանակակից, նաեւ դասականներին: Սրա պատճառը մի՞թե այն չէ, որ տաղանդավոր, հատկապես արժեքներ ստեղծող մտավորականները լռության թանձր քողով հեռացվել, մեկուսացվել են հասարակությունից: Եվ ինչու հայկական հեռուստատեսությունը 99 տոկոսով միջակ արժեքներ ու ցածրաճաշակ արվեստ է քարոզում: Իսկ թե ինչո՞ւ ստեղծագործական միություններից թիրախ դարձել է հենց գրողներինը, կարծում ենք, սուբյեկտիվ պատճառներից զատ, որովհետեւ գրողն է տվյալ ժողովրդի բուն արժեհամակարգի, նրա ինքնությանՙ լեզվի անմիջական կրողը, նաեւ տվյալ ազգի գոյության, լինելության խորհրդանիշը, ուստի անհրաժեշտ է առաջին հերթին բարոյալքել հենց գրողին ու քայքայել նրա միությունը:

Իհարկե, դրսի այս հարձակումներին նպաստում են նաեւ ներքին ինքնաքայքայման պրոցեսներըՙ միահեծան կամ թայֆայական կառավարումը. «ես քեզՙ դու ինձ...»-ի մտայնությունը, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը գրական, մշակութային արժեքներին, գեղարվեստական չափանիշների անկումը: Եվ ինչպես նկատում են ոմանք, բաժակաճառերի վերածված գրքերի շնորհանդեսային միջոցառումների առատության մեջ կորչում են արժեքների ճշմարիտ գնահատումները (փոխարենն առաջարկվում է լույս տեսած գրքերի առողջ քննարկումներ, իսկ շնորհանդեսներՙ միայն բացառիկ հրատարակությունների դեպքում):

Ըստ էության, գրողը զրկվել է հասարակական երեւույթների ոչ միայն առաջամարտիկի, նույնիսկ մասնակցի դերից, վերածվել լավագույն դեպքում պասսիվ հայեցողի, զրկվել քաղաքացիական-մտավորական կեցվածքից:

Ուստի կառույցի ներքին առողջացումը, արժեքների վերանայումն այս պարագայում հատկապես բխում է հենց իրՙ ՀԳՄ ղեկավարության շահերից:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4