Հայաստանի գրողների միության համագումարի հարգարժան պատգամավորներ
Սիրելի հայրենակիցներ
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության անունից ողջունում եմ Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարի պատգամավորներին, բոլոր մասնակիցներին եւ ցանկանում ստեղծագործական բեղմնավոր աշխատանք:
Հայաստանի գրողների միության հերթական համագումարի կայացման իրողությունը համազգային կարեւոր իրադարձություն է: Դարեր շարունակ գրչի հայ մշակները եղել են մեր ժողովրդի երազների ու տառապանքների լավագույն արտահայտիչները, հույս ու հավատ ներշնչել նրան եւ օգնել դիմակայելու տարբեր ժամանակների ամենադաժան փորձություններին: Այսօր էլ հայ գրողները, աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, ակտիվորեն մասնակցում են հայության ջանքերի միավորման գործընթացներին, նախաձեռնում հայրենիքի եւ սփյուռքի նորագույն գրականությունների փոխադարձ ճանաչողության եւ համազգային հոգեւոր մշակութային խնդիրներին առնչվող քննարկումներ, որոնք նպաստում են Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացմանն ու հայ գրականության հարստացմանը:
Վերջին տարիներին ստեղծագործական, կառուցողական սերտ համագործակցություն է հաստատվել Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի գրողների միության միջեւ: Համոզված եմ, որ այդ համագործակցությունը այսուհետեւ եւս ավելի կամրապնդվի, ձեռք կբերի նոր որակ, նոր իմաստ ու բովանդակություն:
Հայաստանի գրողների միության հերթական համագումարի մասնակիցներին կրկին մաղթում եմ բեղուն աշխատանք, ակնկալելով, որ համագումարում ծավալված կառուցողական քննարկումների արդյունքում Հայաստանի գրական ընտանիքում կստեղծվի համերաշխության, ստեղծագործական աշխատանքի մթնոլորտ, որի շնորհիվ նոր վերածնունդ կապրի հայ գրականությունը, ընթերցողի սեղանին կդրվեն համամարդկային կյանքի բոլոր կողմերն ընդգրկող գրական գործեր:
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան