Հաջորդ տարիՙ 2010-ին լրանում է լեհական դասական երաժշտության հիմնադիր, դաշնամուրային երաժշտությանը նոր որակ պարգեւած եւ համաշխարհային երաժշտության բարձունքները նվաճած կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենի ծննդյան 200-ամյակը: Իսկ այս տարի 25-ամյակն է «Շոպենի ընկերության» հիմնադրման, մի կազմակերպություն, որը տարեկան դաշնամուրային համերգներով փորձում է վառ պահել կոմպոզիտորի հիշատակը եւ խրախուսել նոր տաղանդավոր դաշնակահարների բացահայտումը:
Ի նշանավորումն այս զույգ հոբելյանների, ընկերությունը, ըստ Մինեսոտայի «Պայոնիյը պրես» թերթի, որից լուրը արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը, որոշել է 2009-10 համերգաշրջանը նվիրել Շոպենին: Համերգները տեղի են ունենալու Սենտ Պոլի (Մինեսոտա) Մակալեսթեր քոլեջի Ջանեթ Ուալասի անվան գեղարվեստի կենտրոնում: Մասնակցելու են Նարե Արղամանյանը (հոկտեմբերի 4-ին)ՙ 20-ամյա հայ դաշնակահարուհին, ով անցյալ տարի առաջին մրցանակի արժանացավ Մոնրեալի միջազգային մրցույթում, Ջոյս Յանգը (նոյեմբերի 8-ին)ՙ հարավկորեացի դաշնակահարուհին, ով 2005-ին արծաթե մեդալի արժանացավ վան Կլիբեռնի անվան մրցույթում, ամերիկացի Ջերեմի Դենքը (հունվարի 31-ին), անգլիացի Բենջամին Գրովները (փետրվարի 28-ին) եւ կանադացի Ջանինա Ֆիալկովսկան (մայիսի 2-ին):
Հ. Ծ.