«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


«Ս. ՍԱՀԱԿ-Ս. ՄԵՍՐՈՊ» ՊԱՏՎՈ ՆՇԱՆՆԵՐՙ ՀԱՅԱԳԵՏ ԱՐՇԱԿ ՄԱԴՈՅԱՆԻՆ ԵՎ ԵՐԳԵՀՈՆԱՀԱՐ ՎԱՀԱԳՆ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հայագետ Արշակ Մադոյանի եւ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մեծարման հանդիսությունը: Հայրենիքին, հայ մշակույթին եւ Հայ առաքելական եկեղեցուն բերած ծառայությունների համար Հայրապետական կոնդակով նրանք արժանացել են Հայոց Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշանին:

Հանդիսության ընթացքում նշանավոր երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի կյանքին եւ գործունեությանն անդրադառնալով կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն ասել է. «Խորհրդային տարիներին Վահագն Ստամբոլցյանի խիզախության շնորհիվ եկեղեցուց դուրս բազմաթիվ երաժշտասերներ հաղորդ դարձան հայ հոգեւոր երաժշտությանը եւ Հայոց եկեղեցու անմահ գանձերին: Մեծարյալի մանկավարժական բեղուն գործունեությունը Կոմիտասի անվան կոնսերվատորիայում նույնպես գնահատելի վաստակ է»:

Հայագետ Արշակ Մադոյանի անցած ուղին ներկայացրեց Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի դասախոս Պետրոս Հովհաննիսյանը ՙ ընդգծելով. «Մադոյանի նվիրումը հայ մշակույթին եւ հայ մատենագրությանը հիրավի մեծարելի է»:

«Ուրախություն է Հայրապետիս համար բարձր գնահատանքի արժանացնել Ձեզ` հայագիտությանն ու հայ գրականությանը արգասավոր ծառայություն մատուցած նվիրյալ հայորդուդ: Բեղուն է գիտական եւ մանկավարժական երկարամյա Ձեր գործունեությունը եւ երախտարժան` Ձեր վաստակը, որ արդյունք է անխոնջ գիտնականիդ տարիների անդուլ ու ջանադիր աշխատանքի», ասված է Արշակ Մադոյանին ուղղված հայրապետական կոնդակում:

Վահագն Ստամբոլցյանին ուղղված Սրբատառ կոնդակում ասված է. «Ձեր կյանքը ամբողջական նվիրում ու ծառայություն է երաժշտական արվեստին: Ուրախ ենք հաստատելու, որ Ձեր կատարումներում հատուկ տեղ են գրավել հայ հոգեւոր երաժշտության գանձերը: Այսօր էլ, տասնյակ տարիներ անց հայորդյաց հիշողության մեջ թարմ են տաղանդաշատ երգչուհի Լուսինե Զաքարյանի հետ Ձեր համատեղ ելույթների անկրկնելի տպավորությունները»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4