Տաղանդավոր ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Փարիզում այս տարվա ապրիլի սկզբներին արդեն ելույթ էր ունեցել Շանզելիզեի թատրոնի բեմի վրա: Փարիզի եւ շրջանի երաժշտասեր հանրությունը ընդամենը երկու ամիս անցՙ հունիսի 18-ին հնարավորություն ստացավ կրկին ունկնդրելու նրան, այս անգամՙ Փարիզի արվարձան Սեն-Դենիի փառատոնում: Այդ հեղինակավոր երաժշտական փառատոնը 2009-ին անցկացվում է 40-րդ անգամ:
Սեն-Դենիի փառատոնն այս տարի տեւում է հունիսի 7-ից մինչեւ հուլիսի 7-ը: Ինչպես քանիցս եղել է անցյալում, այս անգամ եւս փառատոնը միավորում է երաժշտական տարբեր ժանրեր ու ոճերՙ դասական երաժշտություն, ջազ, աշխարհի ժողովուրդների երաժշտություն եւ թատրոն:
Փառատոնի տնօրեն Ժան-Պիեռ Լը Պավեկը միջոցառման նպատակներն է համարում գեղարվեստական ամենաբարձր մակարդակով երաժշտության մատուցումը լայն հասարակայնությանը, նորանոր երաժշտական կյանքում երիտասարդների ներգրավումը եւ արդի աշխարհում փառատոնի առջեւ նոր հեռանկարների բացումը, գրում է Փարիզի «Աշխարհ» թերթը:
Հայ երիտասարդ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, որը հայտնի է իր վիրտուոզությամբ, ելույթ կունենա Սեն-Դենիի բազիլիկում, որտեղ անցյալում եւս հանդես էր եկել շատ տպավորիչ կերպով: 12-րդ դարում կառուցված հայտնի հուշարձանը Ֆրանսիայի թագավորների եւ Կիլիկիո հայոց վերջին արքա Լեւոն 6-րդի դամբարանն է:
Փառատոնի շրջանակներում Ֆրանսիայի ազգային նվագախումբը Կուրտ Մազուրի ղեկավարությամբ կկատարի Մենդելսոնին նվիրված ծրագիր: Համերգի առաջին մասում Մենդելսոնի «Ամառային գիշերվա երազն» է (ըստ Շեքսպիրի համանուն կատակերգության) եւ այլ ստեղծագործություններ: Երկրորդ մասում Մենդելսոնի Ջութակի կոնցերտն է: Դա փառաբանությունն է այդ երաժշտական գործիքի, որի բոլոր հնարավորություններին քաջատեղյակ էր կոմպոզիտորը: Կոնցերտում գլխավոր ջութակահարը Սերգեյ Խաչատրյանն է, որի ձեռքերում ջութակի ճկուն ու զուլալ, ներդաշնակ ու գունագեղ նվագը հիրավի հրաշքներ է գործում: