Երկար ժամանակ հանրահայտ երգիչների եւ խմբերի հետ, ինչպիսիք են Բյորկը եւ «Դըրթի Պրոջեքթըրզը», համագործակցելուց հետո, Անժել Տիրատուրյանը (22 տարեկան) փորձում է ինքնուրույն լինել, գրում է Թոմաս Նեշը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերում: Նա վերջերս թողարկել է իր անունով սեփական երգերը պարունակող առաջին խտասկավառակը, որն անվանել է «Mind Raft» (բանականության լաստ):
«Այդ երգերում միախառնված են էլեկտրոնային եւ միջին արեւելյան երաժշտությունը: Ես սիրում եմ պարսկական երաժշտությունը եւ ընդհանրապես միջին արեւելյան երաժշտության ելեւէջային նրբությունները: Հայկականը դեռեւս ծանոթ չէ, սակայն սկսել եմ բացահայտել ինձ համար հայկական երաժշտության գաղտնիքները», նշել է Անժել Տիրատուրյանը, որը ծնվել է Սակրամենտոյում: Տասնվեց տարեկանից նվագել է տարբեր երաժշտական գործիքների վրա: Հայրը ջազային ժանրի երաժիշտ է:
«Տիրատուրյան ազգանունը շատերին է ստիպում խորհրդածել եւ հարցեր տալ, չնայած վստահ եմ, որ նրանցից քչերին է հայտնի Հայաստան երկրի անունը», ասում է Անժելը, որն ինքն էլ նոր-նոր է սկսում հայտնաբերել իր ակունքները:
Հ. Ծ.