«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


ՀԱՅ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ

Փարիզում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 35-րդ նստաշրջանին է մասնակցում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Նստաշրջանի հուլիսի 5-ի լիագումար նիստին ՀՀ Ազգային ժողովին շնորհվել է ասոցացված անդամի կարգավիճակ: ՖԽՎ-ում ՀՀ Աժ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այդ առթիվ ելույթ ունենալով, ասել է, որ հայ խորհրդարանականները կդառնան Ֆրանկոֆոնիայի արմատական արժեքներ տարածողները հայ հասարակության մեջ եւ միաժամանակ` երկրագնդի բոլոր տարածաշրջանների միասնական եւ հավասարաչափ զարգացմամբ, մարդու իրավունքներով, ժողովրդավարությամբ եւ ազգային մշակութային ինքնությունների հարգմամբ տոգորված աշխարհում խաղաղ եւ անվտանգ ապրելու հայ ժողովրդի ձգտումների եւ ցանկությունների կրողը:

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակուայենի հետ: Ֆրանսիայի խորհրդարանի նախագահը շնորհավորել է իր հայ գործընկերոջը ՖԽՎ-ում ներգրավվելու կապակցությամբ, զրուցակիցները համաձայնել են, որ հարկավոր է շարունակել խթանել Հայաստանում ֆրանսերեն լեզվի եւ ֆրանսիական մշակույթի հանդեպ գոյություն ունեցող հետաքրքրությունը: Մեր տարածաշրջանին վերաբերող խնդիրներ եւս քննարկվել են:

Երեկ տեղի է ունեցել նաեւ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս հետաքրքրական այցի մասին ավելի շահեկան եւ հասարակությանն ըմբռնելի մակարդակով չենք կարող պատմել, քանի որ «Ազգը» հայրենի խորհրդարանի ղեկավարի հետաքրքրությունների տիրույթից դուրս լրատվամիջոց է:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4