«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2009-07-03 | #124, 2009-07-04 | #125, 2009-07-07


«ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԸ ՊԱՀԵԼՆ Է»

Հուլիսի 4-ին Ամերիկայի «Վասպուրական» հայրենակցական միության կենտրոնական վարչության, ինչպես նաեւ Հայաստանի «Վասպուրական» հայրենակցական միության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

1895-96-ին, երբ Սուլթան Համիդը սկսեց հայկական ջարդերը, վասպուրականցիները, հատկապես վանեցիները, իրենց 1000 հոգանոց խմբով փորձեցին դիմադրություն ցույց տալ թուրքերին:

«Դա եղել է 113 տարի առաջ հենց այս օրերին: Պայքարով հաջողություն ունեցանք, բայց հաջողությունները երկար չտեւեցին, որովհետեւ թուրքերն իրենց խորամանկությամբ Վանից դուրս եկածներին ճանապարհին կոտորեցին, հիմնահատակ քանդեցին Սուրբ Հակոբ եկեղեցին ու եւս երկու եկեղեցիներ», «Ազգ» -ի հետ զրույցում պատմում էր Հայաստանի «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Դավիթ Բաղդասարյանը :

Այդ առիթով Հայաստան է ժամանել նաեւ Ամերիկայի «Վասպուրական» հայրենակցական միության կենտրոնական վարչության ատենապետ Վարդան Թովմասյանը իր տիկնոջ հետ:

«Նպատակը մեր ողջ սերնդի մեջ Վասպուրականի վառ հիշատակը պահելն է, որպեսզի մեր սերունդները չմոռանան իրենց նախնիներին: Մեր պարտականությունն է պատմությունը այնպես մատուցել մեր երիտասարդներին, որ նրանք պահանջատեր դառնան: Եվ ես շատ ուրախ եմ, որ շատ առիթներով, երբ ներկա եմ լինում նման հանդիպումների, 80 տոկոսի չափով երիտասարդների եմ հանդիպում եւ հպարտանում, որ պահանջատիրության գործոնը կարողացել ենք հանձնել երիտասարդներին», ասում է Վարդան Թովմասյանը :

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշմանը` նա նկատեց. «Օբաման իր նախնիների նման, ինչպես բոլոր նախագահները, խոստումներ տվեց: Այս նորընտրյալը պիտի ընդուներ իր տված խոստումները. դժբախտաբար չեղավ: Ամերիկայի հայ համայնքը հուսախաբ եղավ իրականության մեջ: Բայց մի կողմից էլ գիտենք, որ քաղաքականությունն այնպիսի գործոն է, որ դժվար թե ամերիկացիները իրենց ազգային շահերը թողած, ուրիշ փոքր ազգերի մասին մտածեն: Բայց պետք է ստիպել թուրքերին` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ու անպայման պետք է ճանաչեն, քանի որ պահանջատեր ենք»:

Միությունը ստեղծվել է 81-ին Աշտարակի Ագարակ գյուղում: Գիտության եւ գրականության, պետական գործիչների` ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի, Ջիմ Թորոսյանի, քույր եւ եղբայր Կարո եւ Ժենյա Դեղձունյանների, ակադեմիկոս Ջրբաշյան եղբայրների, Տաճատ Թերլեմեզյանի շնորհիվ:

«Ի տարբերություն Արեւմտյան Հայաստանի այլ հայաբնակ շրջանների, որոնք տեղահանվեցին եւ կոտորվեցին, վանեցիները եւ վասպուրականցիները կարողացան դիմակայել թշնամուն եւ 200 հազար գենոֆոնդ տեղափոխվեց Արեւելյան Հայաստան», նշեց «Վասպուրական» միության նախկին նախագահ Ռոբերտ Միրզոյանը :

«Վասպուրականցիները» հանդիպեցին նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:

Դավիթ Բաղդասարյանը թանգարանին նվիրեց լուսանկար, ինչպես նաեւ Երեւանի ու Հայաստանի պատմամշակութային վայրերի վերաբերյալ գիրք:

Վարդան Թովմասյանը խոստացավ, որ հնություն պարունակող նյութեր գտնելու դեպքում դրանք կտրամադրվի թանգարանին:

Դավիթ Բաղդասարյանը առաջարկեց մյուս տարի հայտարարել Վասպուրականի տարի:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4