«Մեր կազմակերպության նպատակն է պահպանվել որպես բնության ստեղծած տեսակ, մնալ հայ եւ դաստիարակությամբ ձգտել մարդկային լավագույնին` ասպետականությանը: Բայց պահպանվելու համար նախ պետք է ճանաչես ինքդ քեզ, իսկ դու քո պատմությունն ես, քո հայրենի բնությունը, քո մշակույթը, լեզուդ եւ սովորություններդ: Ինչպես ճանաչել այդ ամենը. միայն այդ սովորույթներով ապրելով, հայերեն խոսելով, քայլելով ու մաս առ մաս ծանոթանալով հայրենի ամեն մի անկյանը, խնամելով այդ անկյունը, քարը, հուշարձանն ու աղբյուրը, տնկելով քո ծառը, պուրակը, անտառը, ամենուր թողնելով քո մասն ու տանելով հիշողություններ, ապրումներ ու կարոտներ, որոնք գումարվելով անտես, աննկատ թելեր կդառնան ու կկապեն քեզ հայրենիքիդ, կնույնացնեն ձեզ ու կմգացնեն գույնը, այն գույնը, որ մերն է համաշխարհային բնապատկերում: Իսկ երբ կհասնես այդ երանգին, ինքդ էլ կզարմանաս, թե որքան ես մոտեցել ասպետականությանը, որին ձգտել ու ձգտում են աշխարհի հնագույն ու նորագույն բոլոր ժողովուրդները», ասում է «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը :
Շուտով հայտնի կդառնան «Հայ ասպետ» հեռուստախաղի կիսաեզրափակչի երեք արծաթե մեդալակիրները: Հիմնադրամի գրասենյակ մեր այցի ժամանակ պարզեցինք, որ նախքան եզրափակիչ խաղը հաղթող թիմերը միասին կմեկնեն Արցախ` հնգօրյա արշավի: Հուլիսի 8-ին հաղթող թիմերի հետ Արցախ կմեկնեն նաեւ «Հայ ասպետի» այն անդամները, ովքեր կհաղթահարեն Բագրատ Ուլուբաբյանի «Զրուցարան», «Արցախի պատմություն» եւ Վլադիմիր Սեւյանի «Շուշի» գրքերի բովանդակությունների հիման վրա անցկացվելիք հարցազրույցը: Ճանապարհին նրանց կմիանան նաեւ հեռուստախաղին մասնակցած Բերդաձորի, Շուշիի, Ստեփանակերտի եւ Վանք գյուղի թիմերը: Արշավի ընթացքում հայ ասպետները կլինեն Շուշիում, կծանոթանան ազատագրման պատմությանը, կայցելեն Ստեփանակերտ, կմասնակցեն Գանձասարում կազմակերպվելիք հնգօրյա բանակումին: Կլինեն Ամարաս, Դադիվանք, Երիցմանկունք, Գանձասար, Ծիծեռնավանք վանքային համալիրներում, կայցելեն պաշտպանության բանակի որեւէ զորամաս, հինավուրց Տիգրանակերտի պեղումների վայրում կլսեն հնագետների բացատրությունները, իսկ վերադարձին հարգանքի տուրք կմատուցեն Խնձորեսկի ձորում գտնվող Մխիթար Սպարապետի շիրմին եւ կվերադառնան Երեւան` պատրաստվելու եզրափակիչ խաղին: Սակայն ոսկե մեդալները «Հայ ասպետի» առավելագույն մրցանակը չեն լինի. գլխավոր մրցանակը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ կազմակերպվելիք յոթօրյա ուխտագնացությունն է դեպի Արեւմտյան Հայաստան, որի ընթացքում նրանք կայցելեն Անի ու Կարս, կլողանան Բերկրիի ջրվեժներում, մի գիշեր կանցկացնեն Աղթամար կղզու վրա, իսկ օգոստոսի 16-ին ոտաբոբիկ ուխտի գնալով Մշո Առաքելոց վանք, այնտեղ կտոնեն Աստվածածնի տոնը: Այս ամենը կնկարահանվի եւ վերադարձից հետո կցուցադրվի որպես առանձին տեսաֆիլմ: «Գագաթների հաղթահարում» ամենամյա ծրագրի շրջանակներում նախատեսվում է եռօրյա արշավ Մարտունի, ՀՀ բարձրությամբ երկրորդ գագաթ Աժդահակի գագաթի նվաճում: Բացի արշավներին ու բանակումներին մասնակցելուց հայ ասպետները շաբաթական երկու օր մասնակցում են ազգային երգի եւ պարի դասընթացների: Յուրաքանչյուր արշավի գնալիս հայ ասպետները նախ ծանոթանում են հայոց երկրի տվյալ շրջանի պատմությանը:
«Ուսումնասիրելով մեր պատմության էջերը, ծանոթանալով մեր նախնիների վարք ու բարքին` հայ ասպետներն իրենց համար շատ սիրելի եւ տխուր էջեր հայտնաբերեցին, գուցե ոմանք չսիրեցին մեր պատմության մութ, դավադիր էջերը, հիասթափվեցին որոշ պատմական դեմքերից ու դեպքերից մեր գործիչներից ու արքաներից, բայց մենք միայն դրանից դասեր քաղելով է, որ այսօր ազատ ու անկախ, ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ունենք: Եվ որպեսզի երեխաները հասկանան իրենց նախնիների արյան գնով ազատագրված Արցախ աշխարհի արժեքը, նրանք պետք է տեսնեն այդ երկիրը, պետք է զգան այդ հողի ուժը: Հայրենիքդ սիրելու համար նախ պետք է ճանաչես: Մի տեսակ կտրվել է մարդու եւ բնության անքակտելի թվացող կապը, իսկ մենք մի համոզմունք ունենք, որ իսկական հայրենասիրությունը ծնվում է հայրենաճանաչողությունից: Համոզված ենք, երբ երեխաներն իրենց աչքով տեսնեն, շոշափեն ու զգան Արեւմտյան Հայաստան կոչվող երկրի ուժը, նրանց հոգում էլ ավելի է մեծանալու հայրենիքի ապագայի հանդեպ սերն ու պատասխանատվության զգացումը», նշում է հիմնադրամի փոխտնօրեն Սամվել Ամիրխանյանը :
Նախագծի հեղինակ Կարին Տոնոյանը, ինչպես ինքը խոստովանեց, գուցե, զարմանալիորեն, բայց անվերապահորեն հավատում է, որ հիշողությունն ու կարոտը հզոր էներգիա ունեն իրենց մեջ եւ կարող են տիեզերական ուժերի ներգործությամբ հրաշքներ գործել: Նա համարում է, որ ավագ սերնդի խնդիրը այդ ազգային հիշողությունն ու կարոտն անընդհատ բորբոքելն է, թեժ պահելը, մինչեւ... Սա նաեւ «Հայ ասպետ» ծրագրի գերագույն նպատակն է, եւ ինչո՞ւ միայն «Հայ ասպետի»...
ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ