«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2009-07-04 | #125, 2009-07-07 | #126, 2009-07-08


ՈՒՅՂՈՒՐԱ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐ ՍԻՆՑԶՅԱՆԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՇՐՋԱՆՈՒՄ

Սցենարը նույնն է, ինչ Թեհրանում էր, պարզապես առաջադրանքն է տարբերվում

Իրանի Իսլամական Հանրապետությունում հազիվ հանդարտվում էին հետընտրական կրքերը: Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակարգը շարունակում էր հաջողությամբ պայքարել ընդդիմության հետ որեւէ առնչություն չունեցող խռովարարների դեմ, որովհետեւ ընդդիմադիրների առաջնորդ Միր Հուսեյն Մուսավին որպես նախկին վարչապետ, ծնունդն է երկրում գործող իշխանական համակարգի: Հանկարծ խռովությունների թատերաբեմ է դառնում նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը:

Հուլիսի 5-ին Սինցզյանի նահանգի Ույղուրական ինքնավար շրջանում բռնկվում են բախումներ բնակչության մեծամասնությունը կազմող ույղուրների եւ հան ժողովրդի ներկայացուցիչների միջեւ: Բախումներին միջամտում են անվտանգության ուժերը: Բախումների եւ միջամտության հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, ույղուրական ինքնավար շրջանում սպանվում է 156 մարդ, 828-ըՙ վիրավորվում: Բախումներն այնուհետեւ Սինցզյան կենտրոնից տարածվում են ինքնավար շրջանի կարեւորագույն քաղաքներից Քաշգարում:

Օգտվելով առիթից նշենք, որ բախումներից 10 օր առաջ Չինաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Սինցզյանում էր եղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Բախումների նախօրյակին նախագահ Բարաք Օբաման «պատմական» այց կատարելու համար ուղեւորվում էր Ռուսաստան, Մոսկվան հակաաֆղանական պատերազմը հաղթական ավարտին հասցնելու հարցում ԱՄՆ-ին աջակցելու հայտարարություն էր անում, իսկ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, ինչպես «Ենի շաֆաքի» հուլիսի 7-ի համարում վկայում է Իբրահիմ Կարագյուլը, հայտարարում էր. «Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, ապա մենք չենք խոչընդոտի»:

Այլ կերպ, թուրքական շրջանակներում «Արեւելյան Թուրքեստան» կոչվող Սինցզյանի բախումների ժամանակացույցը, որոնք անջատողական ույղուրների խռովության բնույթ են կրում, լուրջ մտորումների տեղիք է տալիս: Իսկ դրանց համեմատությունը Թեհրանում ծայր առած խռովության հետ չափազանց հատկանշական է: Ինչ առումո՞վ: Այն, որ Սինցզյանում խռովարարները, Ռոյթերի տվյալներով, ավերել կամ հրկիզել են ավելի քան 203 խանութ, 14 բնակարան, 216 մեքենաներ, որոնցից 190-ը ավտոբուսներ են: Թեհրանում այս ցուցանիշները կրկնապատիկ էին: Ավելին, խռովարարների հարձակումների թիրախ էին դարձել նաեւ քաղաքի գլխավոր բանկերը:

Հետեւաբար, դժվար չէ կռահել, որ Չինաստանում ծայր առած բախումներում շրջանառության մեջ է դրվել միեւնույն սցենարը, իսկ խռովարարները գործել են այդ նույն ձեռագրով: Պարզապես Թեհրանի անկարգությունները պայմանավորվել են հետընտրական ցույցերից ակնկալվող հակահեղափոխական շարժում սկզբնավորելու արդյունքների բացակայությամբ, իսկ Սինցզյանի բախումներըՙ ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան անհաշտ մրցապայքարին ցանկալի ընթացք տալու Վաշինգտոնի առաջադրանքով:

Թեեւ առաջադրանքի կատարման դեպքում ուժերի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ ԱՄՆ-ի, Չինաստանն ու Իրանը կենթարկվեն հավելյալ ճնշումներին, սակայն ույղուրները կդառնան տվյալ մրցապայքարի միջոց եւ ռազմաքաղաքական լարվածության կենտրոնը Իրաքից հետզհետե կտեղափոխվի դեպի Իրան, Հարավային Ասիա եւ Չինաստան:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4