Անհողմությունն առաջին հայացքից կարծես թե ինչ-որ հանդարտ եւ խաղաղ բան է: Մի խոսքովՙ այն, ինչի մասին կարելի է երազել: Երեւի դրախտում այդպես է լինում: Եվ բառարաններում էլ այդ տերմինը տրվում է գրեթե որպես մեռյալ լռություն: Անհողմության (ՔՑՌսՖ) քիչ թե շատ գիտական մեկնաբանությունը հետեւյալն է. «Քամու բացակայություն կամ վայրկյանում մինչեւ 20 սմ արագությամբ շատ թույլ քամի»: Հիմա տեսնենք, թե ինչ է «մեռյալ անհողմությունը» կյանքում, մանավանդ, երբ օվկիանոսում այն տեւում է 3-4 օր անընդմեջ:
Այո, քամի չկա եւ շուրջդ խաղաղ է: Զենիթում կիզիչ արեւն է: Բայց անսովորն ինքըՙ օվկիանոսն է, որը շատ հեռու է այդ իդեալական անշարժությունից: Այդ ֆանտաստիկ կենդանի էակը ցուցադրում է, որ շարժումը կյանք է: Բավական է մեկ-երկու րոպե կանգնած մնալ տախտակամածի վրա, եւ կարող եք զգալ, որ դուք ինչ-որ կախված ժամացույցի ճոճանակ եք: Դա տեղի է ունենում նույնիսկ այնտեղ, որտեղ չկա ծովային հոսանք: Օվկիանոսը շարժվում է նույնիսկ քնած ժամանակ:
Ծովագնացները երկարատեւ անհողմության ժամանակ իրենց վիճակն ամենից հաճախ արտահայտում են «մահ» բառով: Բայց պետք է հաղթահարվեն ինչպես փոթորիկները, այնպես էլ անհողմությունը: Առասպելական Ֆրենսիս Չիչեստերը, որի մասին անդադար գրում եմ արդեն քառասուն տարուց ավելի, մի առիթով նշել է. «Ես կնախընտրեի մեռնել փոթորիկի մեջ, բայց ոչ անհողմության ժամանակ»:
Թվում է, թե կարելի է միացնել շարժիչը եւ առաջ շարժվել: Բայց մինչեւ Բարբադոս միլիոն մղոն է, եւ հարկ կլիներ նավի հետեւից վառելիքի ցիստեռն քարշ տալ: Այստեղ առանց նորին մեծություն քամու յոլա չես գնա: Երկրորդ, ամբողջ ցավն այն է, որ մենք շարժիչ չունենք: Իրականում ունենք (ճապոնական է, անունը «Յանմար»), բայց միեւնույն ժամանակ չունենք:
Բանն այն է, որ երբեմն օվկիանոսում իրար են բախվում երկու կամ երեք ալիքներ եւ ասես պայթյուն է տեղի ունենում: Մի գիշեր հարվածի թիրախը մեր նավի հենց կենտրոնական մասը դարձավ: Գուցե այդ ուժգին հարվածից շարժիչը տնքաց: Հայկ Բադալյանը միացրեց շարժիչը: Բրոնզե պտուտակը քիչ անց լռեց: Շարժիչը կրկին գործի գցելու փորձերն անցան ապարդյուն... Առավոտյան Հայկը սկսեց քանդել շարժիչը:
Շարժիչի հարյուրավոր մասերն առանձնացնելուց եւ զննելուց հետո պարզվեց, որ շարքից դուրս է եկել արտանետման կոլեկտորը: Նաեւ վառելիքի ներարկիչներում ճաք հայտնաբերվեց, որտեղով ջուրը թափանցել էր մխոցի մեջ: Իսկ դա արդեն ամեն ինչի վերջն էր: Ամբողջ բլոկը փոխարինիչ չուներ: Եվ նավապետը ընդամենը քառասունութ ժամում հատուկ սարք պատրաստեց ճաքերը լցնելու համար:
Այդ ամենը տեղի է ունենում օվկիանոսի տվյալ մասում դարերով գոյություն ունեցող հոսանքով մեր ակամա շարժման պայմաններում: Արագությունն ընդամենը 1-2 հանգույց է: Մերթ ընդ մերթ հայտնվող քամու պոռթկումներն օգնում էին մեզՙ «Արմենիայի» արագությունը հասցնելով 3-4 հանգույցի: Հիշեցնեմ, այս երթուղով շատերն են նավարկել, բայց ինձ համար առավել հիշարժանը Թուր Հեյերդալի նավարկությունն էր պապիրուսե «Ռա» նավով: Նա երազում էր հասնել Բարբադոս կղզի, իսկ մեք դեռ շատ ենք նավարկելու:
Երբ ես հունիսի լույս 28-ի գիշերը այս ռեպորտաժը հանձնեմ Արիկ Նազարյանին, որպեսզի ուղարկի էլեկտրոնային փոստով, «Արմենիան» սլանալիս կլինի առագաստները պարզած: Այսպիսին է եղանակի կանխատեսումը: Մենք պետք է վստահ լինենք, որ անձնակազմի կերտած «նոր» շարժիչով կկարողանանք հասնել Բարբադոսի մայրաքաղաք Բրիջթաունի նավահանգիստ: Հակառակ դեպքում ստիպված կլինենք ամեն ինչ վերսկսել:
Վերջապես ընդհուպ մոտեցել ենք «մեր» օվկիանոսի կենտրոնինՙ հյուսիսային լայնության 22,24 եւ արեւմտյան երկայնության 31,15 աստիճաններին:
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ