«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2009-07-04 | #125, 2009-07-07 | #126, 2009-07-08


ՋԵՖՐԻ ՄԱՅՔԼ ԿՈՇԿԱՐՅԱՆԸՙ «ՓԵՆԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Միջազգային «Փեն» գրական կազմակերպության ամերիկյան մասնաճյուղը այս տարի իր թարգմանական աշխատանքների հիմնադրամի մրցանակներից մեկը շնորհել է գրող եւ թարգմանիչ Ջեֆրի Մայքլ Կոշկարյանին:

Ինչպես տեղեկացնում է Փարիզի «Աշխարհ» թերթը, Կոշկարյանը 1990-ականներից սկսել է Հակոբ Օշականի «Մնացորդաց» կոթողային անավարտ վեպի թարգմանությունը, ապա ժամանակավորապես դադարեցրել է այդ աշխատանքը, բայց հետագայում նոր թափով վերսկսել է գործը բարեկամների քաջալերանքի եւ օժանդակության շնորհիվ: Կոշկարյանը իր թարգմանած մասից մի հատված է ուղարկել «Փենին», որի մրցանակը ստանալուց հետո հույս ունի անգլերենով լույս ընծայել վեպի գոնե առաջին հատորը:

Հակոբ Օշականը «Մնացորդացը» գրելու ընթացքում սրտի կաթված էր ստացել եւ հետագայում չէր կարողացել ամբողջացնել վեպը, երբ պատմության թելը սկսել էր մոտենալ Հայոց ցեղասպանության տարիներին: Վեպի կենտրոնում Բուրսայի գյուղերից մեկում ապրող Նալբանդյան գերդաստանի վեց սերունդների կյանքի պատմությունն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4