Երեկ «Հանրապետական» մարզադաշտում կայացավ 11-րդ տուրից հետաձգված «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը, որով առաջնությունը հատեց «հասարակածը»: Եթե անցած մրցաշրջանում այս թիմերի հանդիպումներն առաջնության կենտրոնական մրցախաղերն էին, որոնք պետք է որոշեին ոսկե մեդալների բախտը, ապա այսօր իրադրությունը կտրուկ փոխվել է: «Փյունիկը» կրկին առաջատարն է եւ պայքարում է չեմպիոնության համար, իսկ ահա արարատցիները հայտնվել են խորը ճգնաժամում եւ ոչ մի կերպ չեն կարողանում գեթ մեկ միավոր վաստակել:
Առաջին շրջանում «Փյունիկը» հաղթել էր 2-0 հաշվով եւ այս խաղում էլ հաղթողի հիմնական հավակնորդ էր համարվում: Արարատցիների հետ հանդիպումը չեմպիոնների լիգայի մեկնարկից առաջ փյունիկցիների վերջին փորձամրցումն էր եւ հետաքրքրական էր տեղեկանալ մեր չեմպիոնի ներկա մարզավիճակի մասին: Նաեւ շատերը եկել էին դիտելու բրազիլացի Մարկոսի խաղը, որն այսուհետեւ հանդես է գալու «Փյունիկում», ինչը զգալիորեն կուժեղացնի թիմի կազմը:
Արարատցիները բավական հաջող անցկացրին առաջին խաղակեսը: Պաշտպանությունում եւ դաշտի կենտրոնական հատվածում նրանք գրագետ էին գործում, ճշգրիտ փոխանցումներով փորձում էին գրոհներ կազմակերպել: Սակայն առջեւի գծում միայնակ գործող Գեւորգ Նռանյանն անհրաժեշտ աջակցություն չէր ստանում խաղընկերներից, ուստի գրոհներն անավարտ էին մնում: Այդպես էլ առաջին խաղակեսում արարատցիներին չհաջողվեց լրջորեն սպառնալ «Փյունիկի» դարպասին:
Փյունիկցիները գործում էին միջին տեմպով, ինչը ձեռնտու էր արարատցիներին: Չնայած դրան, նրանք խաղային եւ տարածքային որոշակի առավելություն ունեին: Մի քանի անգամ փյունիկցիները գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան իրացնել: Արդեն 7-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանը կարող էր բացել հաշիվը, սակայն մենմենակ դուրս գալով դարպասապահ Պրազյանի դիմաց, չկարողացավ գրավել դարպասը: Առաջին խաղակեսում Ղազարյանը եւս երկու անգամ սպառնաց դարպասին, սակայն հաջող խաղաց դարպասապահը: Երկու սպառնալից պահ էլ ստեղծեց Մարկոսը: Առաջին դրվագում նրա հեռահար հարվածը հետ մղեց դարպասապահը, իսկ 2-րդ դեպքում խաբս տալով մի քանի պաշտպանների, բրազիլացու հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
Ընդմիջումից հետո փյունիկցինեը զգալիորեն ակտիվացրին հարձակողական գործողություններըՙ բարձր տեմպ հաղորդելով գրոհներին: Իսկ արարատցիները գրեթե ողջ թիմով նահանջեցինՙ ձգտելով անառիկ պահել դարպասը: Փյունիկցիներին հաջողվեց վտանգավոր մի քանի պահեր ստեղծել: 68-րդ րոպեին Արտակ Եդիգարյանի հարվածը դիպավ ձողին, իսկ քիչ անց մոտ տարածությունից Միհրան Մանասյանի գլխի հարվածը որսաց դարպասապահը:
«Արարատը» հմուտ պաշտպանության շնորհիվ կարողացավ անառիկ պահել դարպասն ու առաջնությունում առաջին միավորը վաստակեց: Հուսանք, որ այս հաջողությունը հոգեբանական առումով լավ ազդեցություն կունենա արարատցիների վրա եւ նրանք աստիճանաբար կշտկեն մրցաշարային իրավիճակը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ