Ըստ ԱԳՆ-ի, Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Մեթյու Բրայզային եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր: Անդրադառնալով Մինսկի խմբի շրջանակներում անցկացվող բանակցությունների ձեւաչափին` Էդվարդ Նալբանդյանը նշել է բանակցային գործընթացում արցախյան կողմի լիակատար մասնակցության անհրաժեշտությունը` որպես խաղաղ գործընթացի արդյունավետության երաշխիք: Մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրման մասին` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Արցախի կարգավիճակի հարցը Ադրբեջանի արտգործնախարարի որոշելիքը չէ, այդ հարցի որոշման իրավունքը պատկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: