«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՈՒ ՊԱՏՎՈԳԻՐ

Հուլիսի 1-4-ը Նյու Յորքում տեղի ունեցավ Հայկական բժշկական միջազգային միության 10-րդ համագումարը, որին մասնակցեց նաեւ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը: Հայաստանը առաջին անգամ այդ ավանդական համաժողովին մասնակցում էր պատկառելի ներկայացուցչական պատվիրակությամբ, ուր ընդգրկված էին ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախարարությունների, սփյուռքի նախարարության պաշտոնատարներ, բազմաթիվ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ անհատ բժիշկներ:

Իր մասնակցությամբ համագումարի աշխատանքներին առանձին հետաքրքրություն տվեց Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար, ազգությամբ հայ լորդ Արա Դարզին:

Ոչ կառավարական կազմակերպությունների շարքում էր Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հետեւյալ կազմով` դոկտոր Ֆրիդա Ջորդանՙ նախագահ (ԱՄՆ), խորհրդի անդամներՙ դոկտոր Նանի Օսկանյան (Հայաստան), դոկտոր Էվելին Բաղդասարյան (ԱՄՆ) եւ դոկտոր Սեւակ Ավագյանՙ գործադիր տնօրեն (Հայաստան):

Կազմակերպությունը հնարավորություն ունեցավ հուլիսի 2-ին ներկայացնելու իր առաքելությունն ու գործունեությունը, այն է` օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է 15.000 դոնոր, ռեեստր դիմած 1276 հիվանդից պոտենցիալ համընկել է 821-ի մոտ եւ իրականացվել է ոսկրածուծի/ցողունային բջիջների 9 փոխպատվաստում: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի կարեւորագույն եւ առաջնային նպատակներից էր Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի բացումը եւ այն գերժամանակակից սարքավորումներով հագեցնելը: Վերջինս իր գործունեությամբ կնպաստի արյան մահացու հիվանդություններով տառապող մարդկանց արդյունավետ բուժմանը, հայ եւ այլազգի հիվանդների կյանքի փրկությանը:

Կատարված աշխատանքները ավելի համակողմանի ներկայացվեցին նաեւ տեսահոլովակի միջոցով: Կազմակերպության գործունեությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից արժանացավ հատուկ պատվոգրի եւ ոսկե մեդալի: համագումարից հետո Ռեեստրի ներկայացուցիչները մեկնեցին Լոս Անջելես` մասնակցելու խորհրդի ամենամյա ժողովի նախապատրաստական աշխատանքներին:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4