Այսօր թատերական կյանքը մեր երկրում բազմազան է. անվանի գործիչների կողքին նոր անուններ, տարիների կենսագրություն ունեցող բեմադրությունների կողքին նորերը. պրեմիերաների պակաս, կարծես թե, չի զգացվում: Նորըՙ նոր, բայց որքանով է այս ամենը Հայաստանի համար թատերական, ասել է թեՙ նաեւ մշակութային ապագա կերտող: Այսինքնՙ ինչն է այսօր առաջնահերթ հայկական թատրոնի համար: Փորձեցինք մտահոգությունները կիսել Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Խանդիկյանի հետ:
- Ձեր հարցազրույցներում հաճախ նշում եք, որ թատրոնի նկատմամբ պետական վերաբերմունք է պետք: Ասել է թեՙ ֆինանսական սատարո՞ւմ:
- Նախեւառաջՙ այո՛: Այսօր հանրապետությունում ոչ միայն հայրենական, այլեւ համաշխարհային գրականությունը բեմ հանող, լուրջ, ինտելեկտուալ թատրոնը չի կարող մեծ գումարներ վաստակել: Պատճառները շատ են: Նախՙ տոմսերը սպառել 5000-10000 դրամով չենք կարող: Բարձր դրամատուրգիա ընկալող մարդը, ցավոք, որպես կանոն, այդքան գումար չի կարող ծախսել ու չի ծախսում թատրոն գալու համար: Իսկ, որպեսզի թատերական արվեստը պահպանի իր արժեքը եւ դրան զուգահեռ նաեւ մատչելի լինի հատկապես ինտելեկտուալ հանդիսատեսին, լուրջ գումարներ են հարկավոր: Բայց ոչ միայն դա: Հայաստանի մշակութային դաշտը կարգավորող պետական ծրագիր է անհրաժեշտ: Մինչեւ այսօր մեր երկրում նույնիսկ թատրոնի մասին օրենք չկա: Միայն արվեստագետները չեն կարող ամեն ինչ իրենց վրա վերցնելՙ եւ՛ դաշտը ստեղծել, եւ՛ ստեղծագործել: Թատրոնի գործիչները փորձում են մշակութային կյանքի կայացմանը հնարավորինս նպաստել: Բայց, կարծում եմ, սա էլ չի կարող բավարար լինել: Ամերիկաներից օրինակ բերեմ. Նյու-Յորքում գործում է շեքսպիրյան մեմորիալ թատրոն, որին իշխանությունները հովանավորում են, որպեսզի ներկայացումներ կազմակերպի զբոսայգիներում, եւ մարդիկ բեմադրություններն անվճար դիտելու հնարավորություն ունենան: Գիտակցվում է, որ ժողովուրդը թատերական բարձր արժեքների հետ հաղորդակցվելու կարիք ունի: Իսկ մե՞նք...
- Մեր օրերում, ավանդական խաղացանկային թատրոնի կողքին, հաջողակ գործունեություն են ծավալում այն թատերախմբերը, որոնք հավաքագրվում են մեկ առաջատար արտիստի կողմից, խաղում են մի քանի ամիսՙ գրեթե առանց դադարի, ու ցրվում մինչեւ հաջորդ հանդիպում: Ինչպե՞ս եք գնահատում այս երեւույթը:
- Համոզված եմՙ եթե Հայաստանում լուրջ հիմքերի վրա չմնա խաղացանկային թատրոնը, պետք է ընդհանրապես մոռանալ բոլոր տեսակի թատրոնների մասին: Երբ դրսից գալիս, խումբ են հավաքում, պայմանագրի համաձայն խաղում, հետո ցրվում, դերասանառեժիսորական դպրոց չի ստեղծվում: Երբեմն ստացվում են լավ բեմադրություններ, բայց դրանք դեռեւս որակ չեն կազմում. որոշիչը մնում է հանդիսատեսի պահանջարկը (կոմերցիա է), որը միշտ չէ, որ անհրաժեշտ ու կայուն մակարդակ է թելադրում: Ես գտնում եմՙ հանդիսատեսի հատկապես մի խավ կա, որին պետք է տանես քո հետեւից, եթե այդքան ուժ եւ տաղանդ ունես , եւ ոչ թե հետեւես նրան: Սակայն: Ես ուրախ կլինեմ, եթե գործեն բազմազանՙ կոմերցիալ, խաղացանկային, մոնո, եւ իսկապես որակ ապահովող (սա է առաջնայինը) թատրոններ, որոնք ոչ միայն հանդիսատեսի քանակով, այլեւ իրենց գործի կարեւորությամբ կարժեւորվեն: Ցավոք հաճախ այդպես չէ: Առայժմ գերիշխում է ժամանց ապահովող, կոպիտ եւ քաղաքականացված հումորը: Վերջին բառն էլ կարելի է հաճախ չակերտների մեջ վերցնել:
- Երբեմն կարելի է լսել այն միտքը, թե մեր երկրում թատրոն չկա: Ընդ որումՙ հայտնի արվեստագետների կողմից եւս: Այս մասին ի՞նչ կասեք:
- Պետք է հիշել մեկ բանՙ թատրոնը երկրից դուրս չէ: Այսինքնՙ չի կարող անմասն մնալ տարբեր ազդեցություններից, իրավիճակներից: Նույն հաջողությամբ կարող ենք ասել, թե մեր երկրում ոչինչ էլ չկաՙ ո՛չ քաղաքականություն, ո՛չ տնտեսություն, ո՛չ մշակույթ: Այդպես չի կարելի: Պարզապես ընդունել է պետք, որ շատ բան (այդ թվում եւ թատրոնը) նորից է ձեւավորվումՙ նոր երկրում, նոր իրավիճակներում, նոր փոխհարաբերություններում: Հասկանալի էՙ այս ամենը բարդ է: Հատկապեսՙ թատրոնի համար, քանի որ շատ զգայուն արվեստ է եւ անմիջապես է իր վրա կրում բացասական երեւույթները: Մարդիկ էլ կան, ովքեր տեսնում են փառահեղ մի գործ, բայց ոչինչ չեն հասկանում եւ կարծում ենՙ ապուշություն է, քանի որ իրենց խելքին չի պառկում: Ցավում եմ, բայց շատերս նորից քաղաքակիրթ դառնալու խնդիր ունենք: Խոսքը ո՛չ ծննդավայրի, ո՛չ էլ ծնունդի մասին է:
- Ի՞նչ ծրագրեր ունի դրամատիկականի թատերախումբը:
- Շուտով մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ մեկնելու ենք Հունգարիա: Մասնակցելու ենք հայտնի, արդեն տարիների կենսագրություն ունեցող շեքսպիրյան մեծ փառատոնին, որը կազմակերպվում է Գյուլա քաղաքում եւ տեւում մեկ ամսից ավելի: Հրավիրված ենք փառատոնի տնօրեն Գեդեոն Ջոզեֆի կողմից: Նա անցյալ տարի Հայաստանում էրՙ ներկա էր Երեւանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնին, որը փաստորեն, շնորհիվ փառատոնի, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի, մեծապես նպաստում է մեր բեմադրություններն արտասահմանում ցուցադրելուն: Գյուլայում ներկայացնելու ենք «Մակբեթ»-ը ( 2005 թ. բեմ է բարձրացվել նաեւ Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած Շեքսպիրյան փառատոնին. դարձյալ Երեւանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի արդյունքում): Իսկ մինչ այդ թատրոնը շարունակելու է աշխատել նոր բեմադրությունների վրաՙ «Պահանջվում է տենոր», «Ձուկն առանց ջրի», «Ռեյս»: Վերաբեմադրվում է նաեւ «Հուլիոս կեսարը», որ արդեն 7 տարի խաղացանկում չէ: Կարծում եմՙ 50 տոկոսով նոր բեմադրություն է ստացվելու (մասամբ փոփոխվել է դերասանակազմը, ասելիքի վրա նոր աշխատանքներ են տարված, թարմացված է դեկորացիան եւ այլն, եւ այլն): Հուսով եմՙ հետագայում մեծ պահանջարկ կունենա ոչ միայն թատերասեր հասարակայնության, այլեւ տարբեր փառատոների շրջանակներում, քանի որ այս բեմադրությունը, հիշենք, որ 1991-ին արդեն իսկ ստացված էրՙ չնայած շատ խնդիրների. բարդ գործ է եւ դժվար հաղթահարելի:
- Դրամատիկականում ներկայացումներ բեմադրելու հնարավորություն հաճախ ստանում են նաեւ, այսպես ասած, ոչ դրամատիկցիներ: Ինչո՞վ է պայմանավորված:
- Հրավիրյալ ռեժիսորներ մեր թատրոնում միշտ էլ եղել են եւ կարծում եմՙ կլինեն: Նրանք, ովքեր ցանկություն եւ, կարեւորը, հնարավորություն ունեն պատշաճ բեմադրություններ անելու (հակառակ դեպքում գեղարվեստական խորհրդի կողմից կմերժվի), մենք վստահում ենք մեր բեմը: Հետաքրքիր մտահղացումը, ինչպես, ասենք, Վիգեն Չալդրանյանի կամ Արթուր Սահակյանի պարագայում, անպայման խրախուսվում է: Բացի այդ: Մենք ուզում ենք, որ մեր թատրոնում շարունակեն ծնվել ոչ միայն բարձրակարգ դերասաններ, այլեւ բեմադրիչներ եւս: Այլ կերպ ասածՙ ամեն կերպ փորձում ենք պահպանել Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ռեժիսորական դպրոցը նույնպես: Այդ իսկ պատճառով մեր թատրոնում հեռանկարային երիտասարդներին ինքնուրույն աշխատելու լիարժեք հնարավորություն է ընձեռվում, նրանց ճանապարհ է տրվում. չի պարտադրվում որեւէ պիես, չկան կաղապարված պահանջներ:
ԱՐՄԻՆԵ ԽԱՉԻԿՅԱՆ