Եվրոպական վերլուծություն, հայկական փորձառություն
Վերջերս եվրոպացի հոգեբանները ուսումնասիրություն են կատարել` կանա՞յք, թե՞ տղամարդիկ են ավելի հավասարակշռված ու առանց սթրեսների դիմակայում տնտեսական ճգնաժամին: Ուսումնասիրությունը տեւել է մի քանի ամիս: Հոգեբանները զրուցել են երկու սեռին պատկանող մի քանի տասնյակ մեծահարուստների, միջին խավի անձանց հետ: Հետազոտության համաձայն, կանայք ավելի լավ ու հավասարակշռված են կարողանում դիմակայել ճգնաժամի դժվարություններին, քան տղամարդիկ:
Ճգնաժամից առաջացած ֆինանսական դժվարությունների հետեւանքով հսկայական թիվ են կազմում ինքնասպանությունները: Հատկանշական է, որ ինքնասպանություն կատարած տղամարդկանց թիվը եռակի գերազանցում է կանանց թվին: Եվրոպացի մասնագետները դա վերագրում են հետեւյալ իրողությանը. «Ապրելով ծննդաբերություն` կանայք հոգեբանորեն պատրաստ են դիմակայելու ավելի ծանր փորձությունների»:
Վերոնշյալ ուսումնասիրության ու վերլուծության համատեքստում «Ազգ»-ը զրուցեց հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ` պարզելու հայ կնոջ կամքի ուժի աստիճանը:
«Ճգնաժամը, ֆինանսական խնդիրները հայ կնոջ համար, ցավոք, նորություն չեն: Դրանք նորություն են եվրոպացու համար: Հայ կինը վերջին 20 տարվա ընթացքում բազմիցս զգացել է ճգնաժամի ազդեցությունը: Տղամարդը տարիներ շարունակ մեծագույն դժվարությամբ է կարողացել ընտանիքը պահել: Ճգնաժամի ժամանակ կինը երբեւէ իր հույսը չի դրել տղամարդու վրա: 90-ականներին կանայք գումար վաստակելու եւ ընտանիք պահելու համար անգամ մեկնում էին արտասահման: Էական չէ, թե ինչ ճանապարհներով էին գումար վաստակում, գլխավորը նրանց ցանկությունն էր` պահել ընտանիքը», պատմում է հոգեբանը:
Ռուբեն Պողոսյանը համակարծիք է, որ կանայք ծննդաբերությունից հետո դառնում են ավելի համարձակ եւ ինքնավստահ: «Գոյություն ունի կնոջ հոգեբանություն: Նրանք բնազդով պայքարում են երեխայի գոյության համար, ձեռք բերում փորձառություն, հետեւաբար կարող են տեղափոխվել այլ սոցիալական դաշտ»:
Անդրադառնալով ինքնասպանություններին` հոգեբանը փաստեց, որ տղամարդիկ դեպրեսիա ապրելու ավելի մեծ հակվածություն ունեն, քան կանայք:
«Երբ կորցնում են աշխատանքը, կարծես տղամարդկությունն էլ են կորցնում: Հայ կինը իրականությանը վարդագույն ակնոցով չի նայում: Տղամարդն ավելի տեսաբան է: Նա ավելի խոր դեպրեսիայի մեջ է ընկնում, երբ չի կարողանում ֆինանսապես ապահովել ընտանիքի բարեկեցությունը: Կնոջ համար այդպիսի դժվարություն չկա: Ցուրտ, ծանր տարիներին հայ կինը երբեք չհուսահատվեց: Այս առումով կինը առաջամարտիկ է»:
Տնտեսական ճգնաժամը հարվածում է տղամարդու գրպանին, իսկ կնոջ...
Պարզվում էՙ ֆինանսական դժվարությունները կարող են պատճառ դառնալ ընտանեկան բռնության: Հոգեբան Սոնա Հակոբյանը կատարել է մի շարք վերլուծություններ, զրուցել միջին եւ ցածր խավի պատկանող կանանց հետ` պարզելու տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ընտանիքի վրա: «Հաճախ հեռախոսով էինք զրուցում, որպեսզի կանայք չկաշկանդվեին ու անկեղծորեն արտահայտեին իրենց զգացմունքները: Նրանք փաստում էին, որ հատկապես ֆինանսական դժվարությունները էապես ազդել են ընտանիքի հանգստության վրա»:
Հակոբյանը նկատում է, որ խնդիրներ կան հատկապես այն ընտանիքներում, որտեղ ամուսինը ապրուստ վաստակում էր դրսում` մի քանի ամսով մեկնելով արտագնա աշխատանքի:
«Այժմ նա այդ հնարավորությունը չունի: Երբ ամուսինը, օրինակ, Ռուսաստանից, գումար էր ուղարկում, այդ պահին նա հաստատվում էր որպես ուժեղ եւ հավասարակշռված տղամարդ: Ամուսինը վստահ էր, որ եթե գումար չուղարկի, Երեւանում կինն ու երեխաները կմնան սոված, հետեւաբար ամուսինը գերիշխող դիրք էր ստանձնում ընտանիքում: Սակայն աշխատանքի կորստից հետո տղամարդն իրեն զգում է անօգնական, կոպիտ ասածՙ «անպետք իր»: Նրա գիտակցության մեջ կա ընդամենը մեկ միտք. «Ես չեմ կարողանում ընտանիք պահել»:
Սոնա Հակոբյանը հավելում է, որ հաճախ կինն ու երեխաները դառնում են տղամարդու զայրույթի թիրախը:
«Զրույցների ընթացքում պարզվեց, որ կանայք հաճախ են ենթարկվում բռնության, եւ տղամարդը` հաճախ չկարողանալով իրեն տիրապետել, ծեծում է կնոջը: Իհարկե, տան այսպիսի մթնոլորտը չի կարող չանդրադառնալ ընտանիքի ամրության վրա: Սակայն չպետք է պնդել, թե միակ զոհը կինն է: Որոշ ժամանակ անց սկսվում է վերլուծման եւ կատարածի գիտակցման պահը, ինչից տղամարդն իրեն ավելի վատ է զգում, քան բռնության ենթարկված կինը», ասում է նա:
Ճգնաժամն ու կնոջ գեղեցկությունը
Երեւանի մի շարք էլիտար խանութների մենեջերներ պնդեցին, որ ճգնաժամն ազդում է կնոջ գեղեցկության վրա: «Օրինակ, եթե նախկինում կինը կարող էր իրեն թույլ տալ գնել թանկարժեք դիմահարդարման պարագաներ, նորաձեւ հագուստ, կոշիկ ու պայուսակ, ապա վերջին մի քանի ամսվա ընթացքում նկատվում է անկում: Ունեինք մշտական հաճախորդներ, որոնք ամսական մի քանի անգամ խանութից գնումներ էին կատարում` ծախսելով կլորիկ գումար: Ցավոք, այժմ այդպիսի հաճախորդների թիվը զգալիորեն կրճատվել է», նկատեց մենեջերը` խնդրելով չներկայացնել խանութի անվանումը:
Զրուցեցինք նաեւ գեղեցկության սրահների տնօրենների հետ: «Իհարկե, հաճախորդների զգալի կորուստ ունենք: Նախկինում օրական ամենաքիչը ունենում էինք 20-30 հաճախորդ: Այժմ լինում են օրեր, երբ հաճախորդների թիվը 10-15-ը չի գերազանցում», ասաց «Լիլիա» գեղեցկության սրահի տնօրեն Կարինա Մանուչարյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ