«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՔԱՐՇԻ ՆՈՐ ՓԱՌԱՏՈՆԸ

Անցյալ տարվանից սկսած աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունները շարունակվում են Կանադայում: «Քարշ` կերպար ստեղծողը» խորագրով ցուցահանդեսը Կանադայի «Գիտության եւ տեխնոլոգիայի թանգարանում» մեկնարկել է հունիսի 12-ին եւ շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 13-ը: Այդ ընթացքում, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 20-ի հաղորդագրության, վերոնշյալ թանգարանի եւ Կանադայի գրադարանների եւ արխիվների «Դիմանկարների պատկերասրահ» ծրագրի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Քարշին նվիրված լայնածավալ փառատոն` ամբողջ ամսվա ընթացքում: «Քարշի հետքերով» քայլարշավ է կազմակերպվելու, որի այցելությունների գլխավոր 11 վայրերը (Օտտավայի փոքրիկ թատրոնը), Աստվածամոր տաճար-բազիլիկան եւ 1933-ին Սփարքս փողոցում բացված Քարշի առաջին արվեստանոցը այս կամ այն ձեւով առնչվում են տաղանդավոր լուսանկարչի կյանքի հետ:

Արեւմտահայաստանում 1908 թվին ծնված Հովսեփ (Յուսուֆ) Քարշը «լեգենդար լուսանկարիչ» դարձավ 1940-50-ական թվականներին Կանադայում եւ համաշխարհային համբավ ձեռք բերեց տարբեր երկրների առաջնորդների եւ անվանի անձնավորությունների իր անզուգական դիմանկարներով:

Դրանց թվում ամենահատկանշականը Ուինստոն Չերչիլի առանց ծխամորճի զայրացած դիմանկարն է: Մյուսներից հիշատակության արժանի են Բեռնար Շոուի, Ֆիդել Կաստրոյի, Օդրի Հեպբըռնի, Էլիզաբեթ թագուհու, Էլիզաբեթ Թեյլորի, Հռոմի պապի, գրողներ Հեմինգուեյի, Նաբոկովի, Մեյլորի եւ շատ ու շատ ուրիշների դիմանկարները: Այդ բոլորը (մոտ 350 հազար նմուշներ) պահվում են, ըստ հաղորդագրության, Կանադայի գրադարանների եւ արխիվների վարչությունում: Իսկ նրա անձնական-մասնագիտական իրերից լուսանկարչական ապարատներն ու լուսային էֆեկտների հարմարանքները ի պահ են դրված Կանադայի «Գիտության եւ տեխնոլոգիայի թանգարանում»:

«Յուսուֆ Քարշը հսկայական նվաճումների հասած կանադացի էր: Նրա լուսանկարչական ապարատը ամրագրել է մեր ազգի պատմությունը, իսկ նրա կյանքը վճռականության եւ հաստատակամության մի եզակի պատմություն է: Ցուցահանդեսը հարգանքի տուրք մատուցելով նրան, հնարավորություն է ստեղծում ամեն մի կանադացու ավելի լավ ճանաչելու եւ հասկանալու այդ կարեւոր անձնավորությանը եւ նրա գործերը», նշել է խորհրդարանի անդամ Ռոյալ Գալիպոն:

«Կանադացիները հսկայական հպարտություն կարող են զգալ նրա ձեռքբերումների առիթով: Նրա արվեստը բյուրեղացրեց ինչպես մեր ձգտումները, այնպես էլ մեր մարդկայնությունը», ասել է գրադարանների եւ արխիվների վարչության ընդհանուր տնօրեն դոկտ. Լիլի Կոլտունը:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4