Ամերիկացի հայտնի պրոդյուսեր Սթիվ Ջոնսը, որը փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում հանրաճանաչ բժիշկ Ջեկ Գեւորգյանի մասին, որին անվանում են «բժիշկ մահ» կամ «մահվան իմպրեսարիո»: Ֆիլմում պատմվում է, թե ինչպես Ջեկ Գեւորգյանը պարտվեց ԱՄՆ-ի Կոնգրեսի 2008 թ. ընտություններում: Սթիվը հայտնում է, որ HBO-ի նախագիծը ոչ թե էվթանազիայի, այլ մի արտառոց մարդու մասին է, որն իր ամբողջ կյանքը նվիրել է այնպիսի իրավունքների պայքարին, որպիսիք, Ջեկի կարծիքով, պետք է ունենա ամեն մարդկային էակ:
Եվ ահա, ամերիկյան HBO ընկերությունըՙ հեռուստատեսային ֆիլմեր արտադրող աշխարհի հսկան արդեն հինգ տարի մշակում է Ջեկ Գեւորգյանի մասին պատմող կինոնախագիծը, որը եթերում կհայտնվի միայն 2010-ի գարնանը: Բժշկի կերպարը ֆիլմում կներկայացնի հոլիվուդյան հռչակավոր եւ սիրված դերասան Ալ Պաչինոն: «Ազգն» այդ մասին մեկ տարի առաջ տեղեկացրել էր: Ֆիլմը, որը կկրի «Դուք Ջեկին չգիտեք» անվանումը, նկարահանում է Բարրի Լեւինսոնը, իսկ սցենարի հեղինակն է Ադամ Մասերեւը: Այդ առիթով Ջեկ Գեւորգյանը չի ցանկացել ABC News-ին հարցազրույց տալ, բայց նրա երկարամյա փաստաբան Մեյեր Մորգանռոթն ասել է, որ 81-ամյա բժշկին ոգեւորել է նկարահանման գաղափարը, նաեւ այն, որ Ալ Պաչինոն մարմնավորելու է իրեն: Փաստաբանի պատմելով. «Ջեկին միշտ համարել են սառնասիրտ ու եսասեր: Իսկ ֆիլմը ցույց է տալու, որ իրական դոկտոր Գեւորգյանը բոլորովին տարբեր է այն կերպարից, որն ստեղծել են ԶԼՄ-ները եւ անգամ մի շարք ֆիլմեր, որտեղ հերոսները հեգնանքով հղում են անում նրա հավաքական կերպարին: Ջեկը շատ փակ ու մեկուսի անձնավորություն է: Նա երբեք փող չի վերցրել իր ծառայությունների դիմաց: Նրա հետաքրքրությունը երբեք դոլարները չեն եղել»:
Այժմ Ջեկ Գեւորգյանն ապրում է Միչիգանում, գիրք է գրում, երաժշտություն է հորինում, նկարում է: Նրա գործերը մշտական ցուցադության են դրված Բոստոնի հայկական թանգարանում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ