«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2009-07-07 | #126, 2009-07-08 | #127, 2009-07-09


ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ Է ՍՈՒԴԱՆՈՒՄ

«Եթե հայերը մեծ ազգ են, դա շնորհիվ այն բանի, որ նրանք աղոթում են: Այնքան ժամանակ, որ թեկուզ մեկ հայ մնա այստեղ, եկեղեցին գործելու է» Խարթումի (Սուդան) հայկական եկեղեցու հովիվ հայր Գաբրիել Սարգսյանի այս խոսքերով է սկսում Բեթուա Շարման «Թայմ» պարբերականում տպագրված եւ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 20-ի համարում արտատպված իր հոդվածը, որը նվիրված է սուդանահայ համայնքի ներկային: Ստորեւ թարգմանաբար հատվածներ այդ հոդվածից:


Սուդանում մնացած մի բուռ (մոտ 50 հոգի) հայերը կիրակի օրերը երեկոյան են եկեղեցի այցելում, քանի որ հիմնականում մահմեդական բնակչությամբ այդ երկրում կիրակին աշխատանքային օր է: Պատարագից հետո նրանք Սբ Գրիգոր հայկական եկեղեցու բակում սուրճ են ըմպում եւ վերհիշում հին օրերը, երբ հայկական համայնքն ավելի մեծ էր:

Հակառակ Շարիայի օրենքի ներդրումին, հայերն ու եթովպացի ուղղափառ եկեղեցու հետեւորդներն իրենց ապահով են զգում Խարթումում:

«Մենք երկրի օրենքները հարգում ենք եւ փորձում ենք հեռու մնալ անախորժություններից», նշում է եթովպացի Իյասու Թադելը: Եթովպական եկեղեցու վիճակը մի փոքր ավելի լավ է, քան հայկական եկեղեցու վիճակը: Դա ներգաղթի տվյալների հետ է կապված: Եթովպացիները շարունակում են գալ Սուդան, բայց հայերըՙ ոչ: Շատ հայեր որպես փախստական Սուդան են եկել Թուրքիայից, 1915-ի զանգվածային սպանությունների հետեւանքով: Ներգաղթողների երկրորդ ալիքը 1950-ական թվերին է տեղափոխվել: Սբ Գրիգոր եկեղեցին իր դռներն է բացել 1957-ին: Իր ամենաբարգավաճ ժամանակահատվածում համայնքը հաշվել է 2000 հոգի:

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, Սուդանի հայ համայնքը ձեւավորվել է XIX դ երկրորդ կեսին, չնայած դեռեւս XVII-XVIII դդ այնտեղ եղել են հայեր, որոնցից ոմանց (Եղիա Ենոքյան, Հովհաննես եպիսկոպոս) նույնիսկ հանձնարարվել են դիվանագիտական առաքելություններ: Հայերը հիմնականում բնակություն են հաստատել Խարթումում, Օմդուրմանում եւ Գեդարեֆում, որտեղ 1930-ին առաջին հայկական դպրոցն է բացվել: 1956-ին Խարթումում բացվել է հայ ազգային վարժարանը, որը փակվել է իշխանությունների կողմից 1977-ին: 1970-ին ազգայնացման վերաբերյալ օրենքի ընդունումից հետո հայերին պատկանող մի շարք ձեռնարկություններ ազգայնացվեցինՙ առաջ բերելով արտագաղթ:

Հետագայում հայերը թողեցին երկիրըՙ նոր հնարավորություններ փնտրելով Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում:

Գնահատելով հանդերձ քրիստոնյա եթովպացիների ընկերակցությունը, Սարգսյանը այդուհանդերձ մտահոգված է նրանց եւ ղպտիների հետ հայերի ամուսնությունների առնչությամբ: Նրանց երեխաները խոսում են արաբերեն կամ ամհարերեն, բայց ոչ հայերեն:

Նա փորձում է վերակենդանացնել եկեղեցուն կից գործող դպրոցը, բայց դժվարանում է անհրաժեշտ նյութական միջոցները հայթայթել, քանի որ համայնքի հարուստ անդամները արտագաղթել են: Ուրիշները մտածում են դուրս գալ երկրից կառավարության որդեգրած ցեղասպանական քաղաքականությունից վախենալով:

Սակայն մեկ սուդանահայ պնդում է, որ երբեք չի լքի այդ երկիրը: Դա Ժիրայր Չարլզ Պոզաճյանն է, որի ընտանեկան պատմությունն այնտեղ 100 տարվա վաղեմություն ունի: Նա Խարթումում սեփականատերն է «Բիգ բայթ» (մեծ պատառ) ռեստորանի: Մնացողներից մյուսը 70-ամյա Էլիզաբեթ Ջինջինյանն է, որը ժամանակ առ ժամանակ մտածելով միանալ իր որդիներին Լոնդոնում եւ Նյու Յորքում, դեռեւս շարունակում է առաջ տանել կոսմետիկայի իր փոքրիկ ձեռնարկությունը, հակառակ ապրանքներ ներմուծելու վրա դրված սահմանափակումներին: Համայնքը նոսրանում է:

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4