Դա Թուրքիայի առջեւ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում բացում է թուրքական լոբբին հայկականին հակադրելու լայն հեռանկար
Դեռեւս 1991-ին, ճանաչելով Հայաստանի անկախությունը, դիվանագիտական հարաբերությունների համար նրան Թուրքիան նախապայմաններ էր առաջադրում: Դրանցից մեկն էլ հայկական սփյուռքի «հակաթուրքական» գործունեության կասեցումն էր: «Հակաթուրքականը» ենթադրում էր կասեցնել սփյուռքահայության Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերը: Մինչդեռ այդ գործունեությունը ծավալող սփյուռքը հենց ցեղասպանության հետեւանքով էր առաջացել, զրկվելով պատմական հայրենիքից:
Թուրքերի արտահոսքը Եվրոպա սկսեց 1960-ականներին, երբ նրանք աշխատուժի կարգավիճակով հայտնվեցին Գերմանիայում: 1970-ականներին թուրքերը գաղթեցին եվրոպական այլ երկրներ, մասնավորապես Հոլանդիա, Ֆրանսիա, իսկ 1980-ականներին, կապված նաեւ ԱՍԱԼԱ-ի գործունեության հետ, ձեւավորվեցին իբրեւ համայնք, որի ակտիվ զանգվածը իսկույն քաղաքականացվեց Թուրքիայի աջակցությամբՙ ստեղծելով եվրոպական երկրներում Անկարայից ուղղորդվող բազմաթիվ միություններ եւ կազմակերպություններ:
Եթե հայկական սփյուռքի առաջացման պատճառը Հայոց ցեղասպանությունն էր, ապա թուրքական սփյուռքի արագ կազմակերպումը մեծապես պայմանավորվեց սփյուռքահայության ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի կասեցմամբ: Պետական աջակցությունն ու պետականորեն ուղղորդումը դարձավ թուրքական այսպես կոչված սփյուռքի գլխավոր առանձնահատկությունը:
Թեեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ծավալվում է, այսինքնՙ Եվրոպայի թուրքական միություններն ու կազմակերպությունները չեն կարողանում կատարել գործընթացի կասեցման Թուրքիայի առաջադրանքը, սակայն քաղաքականացված թուրքական համայնքներին հաջողվում է ներթափանցել եվրոպական երկրների խորհրդարաններ եւ առաջադրված թեկնածուներով հետզհետե համալրել տեղական ինքնակառավարման մարմինները:
Եվրոպական երկրներում խորհրդարաններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին թեկնածուներ առաջադրելը թուրքական սփյուռքի մեկ այլ առանձնահատկությունն է: Դա, ինչ խոսք, Թուրքիայի առջեւ բացում է արտերկրում թուրքական համայնքների միջոցով լոբբիստական լայն գործունեություն ծավալելու եւ թուրքական լոբբին ոչ միայն հայկականին հակադրելու, այլեւ դրա կարողությունները սեփական նպատակներին ծառայեցնելու հեռանկարը:
Ակնհայտ է, որ թուրքական լոբբիի հզորացման դեպքում, որի նախադրյալներն արդեն ստեղծված են, դրա գործունեության շրջանակները չեն սահմանափակվի հայկականին հակակշռելու կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը կասեցնելու առաջադրանքի կատարմամբ: Այլ կերպ, հարցը չափազանց լուրջ է ոչ միայն հայկական սփյուռքի, այլեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի առջեւ դրված խնդիրների առումով:
Թուրքական սփյուռքի մասին որոշակի պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ Հոլանդիայում բնակվող թուրքերի թիվը շուրջ 320 հազար է: Նրանք Նիդեռլանդների խորհրդարանում ունեն 3 պատգամավոր, իսկ տեղական կառավարման մարմիններումՙ 110 ներկայացուցիչ: Այս տվյալները քաղել ենք Գյոքնուր Աքչադաղի հոդվածից, որը հուլիսի 4-ին հրապարակվել է Նյու Յորքի Turkishny.com կայքէջում: Հեղինակը տվյալներ է ներկայացնում նաեւ եվրոպական այլ երկրների եւ ԱՄՆ-ի թուրքական համայնքների մասին, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ