Օմբուդսմենի գրասենյակից հաղորդում են, որ արձագանքելով մամուլում հրապարակված տեղեկություններին, որ ձերբակալված Տիգրան Առաքելյանը հացադուլ է հայտարարել, մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը այցելել է ոստիկանությունՙ ձերբակալված Տիգրան Առաքելյանի հետ հանդիպման նպատակով: Վերջինս հայտնել է, որ հուլիսի 6-ին, ժամը 10-ից հայտարարել է հացադուլ, քանի որ նախաքննական մարմինը բացարձակ անհիմն կերպով իրեն կասկածում է հանցագործության կատարման մեջ: Հայտնել է նաեւ, որ 2009-ի հուլիսի յոթի երեկոյան իր ինքնազգացողությունը վատացել է, իրեն այցելել է բուժակը, որից հետո հրավիրվել է շտապ օգնության անձնակազմ: Պաշտպանի ներկայացուցիչները պարզելով, որ այցելության պահին Տիգրան Առաքելյանին դեռեւս մեղադրանք առաջադրված չէ եւ նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում, բացատրել են նրաՙ որպես կասկածյալի եւ ձերբակալված անձի օրենքով սահմանված իրավունքներնՙ այդ թվում նաեւ պաշտպան ունենալու իրավունքը: Տիգրան Առաքելյանը հայտնել է, որ ձերբակալման պահից ունի պաշտպան եւ գոհ է նրա ծառայություններից: